Այս պահին հարցը քննարկումների փուլում է․ Վարդենիսի համայնքապետի տեղակալը՝ բողոքի ակցիաների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս համայնքում երեկ իրականացրած բողոքի ակցիայի մասնակիցների և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո քննարկումներ են ընթանքում համայնքում։

Երեկ Վարդենիս խոշորացված համայնքի և հարակից գյուղերի բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում՝ փակելով Երևանից Վարդենիս մտնող ավտոճանապարհը։

Բանն այն է, որ Վարդենիս քաղաքի անձնագրային և վիզաների վարչությունը փակվելու է, ինչի հետևանքով ստիպված են լինելու օգտվել շուրջ 40 կմ հեռավորության վրա գտնվող Մարտունի քաղաքի բաժանմունքից։

ArmLur.am-ը մինչ իրավիճակի սրումը գրել էր, որ քաղաքում փակվել են պետական կառույցները՝ Զինկոմիսարիատը, Անձնագրային վարչությունը, դիահերձարանը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին բողոքի ակցիաներ չկան։ Նա նաև մանրամասներ հայտնեց մարզպետի և համայնքապետի քայլերի մասին։

«Երեկ մարզպետի հետ հանդիպումից հետո ճանապարհը բացեցին, այս պահին հարցը քննարկումների փուլում է։ Առաջարկություններ կան, քննարկման փուլում են, առաջարկ կա, որ անձնագրային գործառույթը պատվիրակվի համայնքին, համայնքը իրականացնի։ Վերջնական որևէ որոշում չկա։ Հիմա սպասման փուլում ենք, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն»,- ասաց Մկրտչյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս