3 պատճառ ՝ վարչապետի պաշտոնանկության համար (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերից ՀՀ ազգային ժողովում ներկայացված 4 ոչ իշխանական ուժերը փորձում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը բարձրացնել խորհրդարանում, սակայն ամեն անգամ նրանց ինչ որ բան խանգարում է իրագործել ծրագիրը: Սկզբում հայտարարվեց, որ Դաշնակցությունն իր պատճառներն ունի Տիգրան Սարգսյանին գահընկեց անելու մասով, «Ժառանգություն» խմբակցությունն իր պատկերացումներն ունի, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն էլ յուրովի են ընկալում վարչապետի պաշտոնանկության պատճառները:

Պարզվում է  ՝  բոլոր 4-ի պատկերացումներն իմի բերելն ու որպես մեկ ընդհանուր գաղափար ներկայացնելը բարդագույն աշխատանք է: Վերջին անգամ 4 ուժերը փետրվարի 12-ին շուրջ մեկ ժամ դռնփակ նիստ անցկացրեցին խորհրդարանում, որից հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե «Մենք պայմանավորվել էինք, որ յուրաքանչյուր խմբակցություն բերի իր նախագիծը, թե ինչպես է պատկերացնում և ինչ նախագծով պետք է ներկայանանք, բայց այսօր դրանք միանգամից չէին կարող քննարկվել, ուստի որոշակի վերաբերմունք արտահայտեցինք այդ նախագծերի նկատմամբ»: Անցել է արդեն 35 օր, սակայն խմբակցություններից յուրաքանչյուրն իր նախագիծը դեռ չի ներկայացրել: Կամ գուցե ներկայացրել է, սակայն գաղտնապահ քառյակը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

Համենայնդեպս, մինչ օրս հայտնի չէ, թե 4 ուժերից յուրաքանչյուրն ի՞նչ հիմքով է ցանկանում հեռացնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այդ պաշտոնից: Armlur.am -ի թղթակիցը փորձեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից պարզել, թե ի վերջո ե՞րբ են 4 ուժերը Կառավարությանն անվստահություն հայտնելու: «Առաջիկա օրերին մենք քննարկում ունենք, որտեղ կլինի նաև ձեր ասած հարցը»:Սա նշանակում է, որ ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում վարչապետի հարցը կբարձրացվի Ազգային ժողովում:

Հուսանք ՝ այս անգամ որևէ բան չի խանգարի ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» պատգամավորներին՝ ՀՀ վարչապետի անվստահությունը բարձրացնելու հարցում:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, աղքատության մակարդակը մեր երկրում 2013-ին կազմել է 32.5 տոկոս, արտագաղթի ծավալները հասել են տարեկան 41.հազարի, իսկ ՀՀ պետական պարտքը կազմում է 4.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Այս ցուցանիշներից ավել ի՞նչ պատճառ են փնտրում 4 ուժերը ՝  ՀՀ Կառավարության ղեկավարի դեմ, որ չեն գտնում: Սահմռկեցուցիչ այս թվերը բավարար չե՞ն  Տիգրան Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար: Թե՞ 4 ուժերին խանգարող այլ պատճառներ կան: Ինչևէ, սպասենք առաջիկա զարգացումներին…

Թամարա Միքայեյան

Մանրամասները ` տեսանյութում:




Լրահոս