Նիկոլ Փաշինյանը համաներել է ՔՊ իրավախախտ ավագանիներին. նոր օրենք. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կշարունակեն համատեղել ավագանու անդամի եւ հանրային ծառայողի պաշտոնները: Իշխանությունները հնարամիտ տարբերակ են մտածել յուրայիններին չնեղացնելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։

Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է: Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։

Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը: Այսպիսով, խորհուրդը որոշել է հետեւյալը. այս պահին այն ավագանու անդամներին, որոնք անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, համաներում է տրվում: Այսպիսով, ավագանու ՔՊ-ական այս 4 անդամների նկատմամբ (Հակակոռուպցիոն կոմիտեն գտել էր, որ նրանք խնդիր ունեն պաշտոնի համատեղելիության) համաներում կկիրառվի: Խորհրդի անդամները գտել են, որ տարընթերցումներ կան համապատասխան օրենքներում, իսկ պաշտոնների անհամատեղելիության սահմանափակումները հստակեցված չեն: Այսպիսով, փոփոխություններ կարվեն «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որպեսզի վերացվեն տարընթերցումները, եւ հստակ սահմանվեն պաշտոնների անհամատեղելիության կանոնները: Փոփոխությունները պետք է նախաձեռնի Արդարադատության նախարարությունը: Համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կտարածվեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա:

Այսինքն՝ ստացվում է, որ գործող ավագանու անդամները կշարունակեն համատեղել պաշտոնները, իսկ սահմանափակումները միայն նոր ձեւավորված ավագանու դեպքում կգործեն: Միեւնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ իրենք, ամեն դեպքում, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարույթ հարուցելու են տվյալ՝ իրենց սահմանած ժամկետում որոշում չկայացնելու համար»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս