Ռեժիսոր ԽԱՉԻԿ ԵՂՈՅԱՆԸ մի քիչ այլ կերպ է վերաբերվում իր աշխատանքին: Շատ անգամ հրաժարվում է որեւէ մեկի համար, իր իսկ խոսքերով ասած, անլուրջ աշխատանք անելուց: Մարդիկ, որոնք իրեն դիմում են, գիտեն, որ ռեժիսորն ամեն բան չի համաձայնի նկարել: «Այսպիսին եմ ես, երբեք չեմ ընկնում գումար վաստակելու հետեւից ու հերթական շարքային տեսահոլովակը չեմ նկարում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավատացրեց Խաչիկ Եղոյանը:
Հիմա Խաչիկն աշխատում է մի ներկայացման սցենարի վրա, որը շուտով պետք է բեմադրի: Ապագա նախագծերի մեջ կան նաեւ գեղարվեստական ֆիլմերի սցենարներ: Նպատակ ունի նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմի նորացված, նոր գույներով ու դերասաններով տարբերակը` իհարկե, հիմքը պահպանելով: Մի բացահայտում եւս: Ռեժիսորը հիմա աշխատում է իր բանաստեղծությունների գիրքը հրատարակելու ուղղությամբ:
-Գրքիս աշխատանքներն ինձ մի քիչ շեղել են ռեժիսուրայից: Ամբողջ ուժերս այս պահին ուղղված են միայն գրքիս: Չնայած էնպես չէ, որ բոլորովին անգործ եմ եղել տարվա ընթացքում: Շուտով 3 նոր տեսահոլովակ դուրս կգա: Ուղղակի շատ չեմ անում, քանի որ շատ են աղբ երգերը: Հետո էլ նորմալ է, որ ամեն տարի ինչ-որ մի ռեժիսորի տարին է. ակտիվության տեսակետից եմ ասում:
-Ի՞նչ նոր տեսահոլովակներ են լինելու:
-Աննա Խաչատրյանի կատարմամբ մի երգի տեսահոլովակ, որը նկարահանել ենք Երուսաղեմի բոլոր սրբավայրերում: 6 րոպեի մեջ փորձել ենք հնարավորինս ներկայացնել ամեն կարեւոր բան: Երկրորդն էստրադային ժանրի տեսահոլովակ է` երգահան Հայկ Գեւորգյանի եւ Արմենուհու դուետն է: Իսկ երրորդը Հարություն Բարեղամյանի տեսահոլովակն է, որ վաղուց էինք սկսել նկարել, բայց վերջերս ավարտեցինք, քանի որ նա ծառայում էր հայոց բանակում:
Ինչպես նշեցի, այսօր աղբն այնքան շատ է, որ հարկ է մտածված ընտրություն կատարել` արժե՞ նկարել, թե՞ ոչ: Փորձում եմ գոնե մի քիչ արժեքավոր երգեր ընտրել: 15 տարի է` քայլում եմ այսօրվա շատ ճանաչված մարդկանց հետ, շատերի հետ ընկերացել եմ: Ինձ ճանաչողները գիտեն, որ ամեն երգին ժամանակ չեմ տրամադրի: Օրինակ` «Սիրել եմ, սիրել եմ, կգամ, քեզ կտեսնեմ»` այս տեսակ երգի համար ես միանշանակ հոլովակ չեմ նկարի: Ինձ վստահ կարող են դիմել այն դեպքում, երբ, ասենք, Խաչատուր Ավետիսյանի երգերից է, Մելիք Մավիսակալյանի, Սասուն Պասկեւիչյանի….
-Գիտեմ, որ նաեւ պրոդյուսերական գործունեությամբ եք զբաղվել: Կհիշեցնե՞ք, ում պրոդյուսերն եք եղել:
-Բոլորին չթվեմ, մի քանիսի անունները տամ: Շատ կարճ ժամանակ աշխատել եմ Դավիթ Թուջարյանի հետ, իրենից առաջ Աբելի հետ, Սեդա Բաղդասարյանի եւ շատ-շատերի: Նաեւ տարբեր նախագծերի պրոդյուսինգ եմ արել:
-Իսկ ի՞նչ չեք հասցրել անել:
-Ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, ես էլ ունեմ բացթողումներ` սկսած աշխատանքային նախագծերից, մինչեւ անձնական կյանք: Հենց այդ բացթողումներն են, որ մեզ տալիս են ստեղծագործելու նոր շարժառիթներ: Ամեն դեպքում, փորձում եմ չզղջալ:
-Դուք հաղորդավար, լրագրող Արտավազդ Եղոյանի որդին եք: Ձեր մասնագիտության ընտրության մեջ ի՞նչ դերակատարություն է ունեցել Ձեր հայրը:
-Չգիտեմ, կհավատաք, թե ոչ, բայց հայրս մասնագիտությանս ընտրության հարցում եւ նույնիսկ աշխատանքում ոչ մի օգուտ ինձ չի տվել: Ինձ օգնել են նրա բարի ու լավ խորհուրդները եւ իր անունը, ինչով ես հպարտանում եմ: Երբեք չեմ փորձել օգտագործել ազգանունս դռներ բացելու համար: Նույնիսկ պատահել է, որ հորս ընկերների հետ 10-15 տարի համագործակցել եմ, բայց չեմ ասել, թե ում որդին եմ: Մի օր Ազատ Գասպարյանը եկել էր մեր տուն հորս հյուր, այնպես ստացվեց, որ նա միջանցքում կանգնած էր, ես էլ իմ սենյակի դուռը բացեցի: Ինձ տեսավ, զարմացած հարցրեց. «Դու ի՞նչ ես անում էստեղ»: Հայրս էլ, թե` 33 տարվա որդիս է:
-Լավ, իսկ ինչո՞ւ էիք գաղտնի պահում:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանը դեռ չի՞ հոգնել հայրիկականացված որդիներից:
-Շատերն իրենց հոր անունն ի նպաստ անձնական շահերի են օգտագործում:
-Թող մեծախոսություն չհնչի, բայց ես ծնվել եմ շատերից տարբերվելու համար: Ինչո՞ւ ես անեմ այն, ինչ շատերն են անում:
-Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք Ձեր հոր հետ` ընկերակա՞ն, թե՞ լուրջ, կոնսերվատիվ:
-Չէի ասի, որ լուրջ ենք, ուղղակի մի քիչ տարիքային տարբերությունն է մեծ` հայրս 61 տարեկան է, ես` 33: Հետեւաբար, չենք կարող շատ ընկերական լինել: Բայց մեծ հարգանք հայրիկի նկատմամբ իմ մեջ կա:
-Ի՞նչ իմաստուն խորհուրդներ եք լսել Ձեր հորից:
-Մի նախադասություն եմ վերջերս լսել, ինչն ինձ շատ դուր եկավ: Անցած տարի իր 60-ամյակին մի կենաց ասաց, որն ինձ հաստատ ճանապարհ կտա այս կյանքում: Ասաց. «Ցանկանում եմ, որ իմ հայ ժողովուրդն ավելորդի կարիք չունենա, անհրաժեշտի պակաս»:
«ԱՄԵՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ ՉԵՄ ՆԿԱՐԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ