Որոտանի հէկ-ի վաճառքն արժանի տեղ է զբաղեցրել Սերժ և Տիգրան Սարգսյանների իշխանավարման օրոք կնքված ապօրինի գործարքների շարքում. պարզվում է ` ՀՀ էներգետիկ համակարգի այս կարևորագույն օբյեկտը վաճառվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով: Ավելին ՝ «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է բացահայտել Որոտանի հէկ-ը վաճառելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, որը երեք ամիս շարունակ իշխանությունները գաղտնի են պահել:
2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարությունը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի ՝ Որոտանի հէկ-ը վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը. «ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են ՝ ՀՀ անունից ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» և «Սի-Ջի սոլյուշնս գլոբալ հոլդինգ քամփնի» ընկերությունների անունից ՝ «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության փոխնախագահ Գարի Լիվսլին, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից ՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը: Հէկ-ը ամերիկյան կազմակերպությանն է վաճառվել 180 մլն ԱՄՆ դոլարով:
Թե իրավական ի՞նչ հիմնավորմամբ է վաճառվել այս հէկ-ը, ՀՀ իշխանությունները փորձում են գաղտնի պահել: Իսկ սա, թերևս, պատահական չէ, քանի որ կառավարությունն այդ գործարքին գնացել է ՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը:
Գործարքս գաղտնի թող մնա…
Որոտանի հէկ-ի վաճառքի մասին հայտնի միակ փաստաթուղթը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ՝ 27.11.2013թ. N-404Ա որոշումն է, որում նշված է. «Հիմք ընդունելով ,Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետը և հաշվի առնելով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 229ՍԽ գրությունը, ՀՀ ՀԾԿՀ-ն որոշում է. համաձայնություն տալ «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքը «Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ին վաճառելուն ՝ համաձայն հավելվածի:
Բայց արի՛ ու տե՛ս, որ ՀԿԾՀ այս որոշումը բավարար չէր պետական սեփականություն հանդիսացող հէկ-ի գույքը վաճառելու համար: Որոտանի հէկ-ը պետական սեփականություն է, ուստի վերջինս պետք է վաճառվեր «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի շրջանակներում: Իսկ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շարժական գույքի, նշված օրենքի 3-րդ, 4-րդ և 12-րդ հոդվածների համաձայն, ենթակա է մասնավորեցման միայն մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուց և ԱԺ-ի հավանությունը ստանալուց հետո: Սակայն կառավարությունը շրջանցել է օրենքով սահմանված կարգը. հէկ-ը չի ընդգրկվել մասնավորեցման ծրագրում ու չի ներկայացվել ԱԺ:
Չարաբաստիկ որոշումները
Պարզվում է ՝ ՀԾԿՀ որոշումից մեկ շաբաթ առաջ կառավարությունը, այնուամենայնիվ, ընդունել է Որոտանի հէկ-ի վաճառքի վերաբերյալ որոշում: Խոսքը կառավարության ՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում ընդունված «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ գույքի առքուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին N1496-Ա որոշման մասին է: Միայն թե այս որոշումը պահվում է գաղտնի: Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ այս որոշման նախագիծն ընդգրկված չի եղել ՀՀ կառավարության ՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում: Այդ մասին որևէ բառ չկա նաև այդ օրվա կառավարության նիստի մասին պաշտոնական հաղորդագրության մեջ: Ասել է թե ` Որոտանի հէկ-ի վաճառքի մասին հանրությունը նախապես տեղյակ չի եղել:
Միայն կառավարության կողմից ընդունվելուց և 2013թ. դեկտեմբերի 27-ին վարչապետ Տ. Սարգսյանի կողմից ստորագրվելուց հետո այն տեղադրվել է կառավարության պաշտոնական կայքում, ընդ որում ծածուկ: Թեև կասկածներ կան, որ այս որոշումն ընդունվել է հետին թվով:
Իրավաբանները պնդում են` անկախ այս որոշումից, և հատկապես այս որոշումը կայացնելուց հետո կառավարությունը պարտավոր էր Որոտանի հէկ-ն ընդգրկել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ու ներկայացնել ԱԺ ` վերոհիշյալ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն: Ի դեպ, ժամանակին այդպես են մասնավորեցվել մի շարք այլ խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏել»-ը, «Արարատ» կոնյակի գործարանը և այլն:
Որոտանի հէկ-ի վաճառքի ոդիսականը, սակայն, այսքանով չի ավարտվում. նույն օրվա ՝ նոյեմբերի 21-ի նիստում կառավարությունը կայացրել է մեկ այլ որոշում ՝ «Որոտանի հէկ-երի համալիր» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին: Այդ որոշման համաձայն ՝ Որոտանի հէկ-ի կանոնադրական կապիտալի մեջ են վերականգնվել 89 մլն 349 հազար 826 դրամ արժողությամբ չորս ջրամբարները ՝ Սպանդարյանի, Անգեղակոթի, Տոլորսի և Շամբի ջրամբարները: Այլ կերպ ասած ՝ կառավարությունը մի որոշմամբ նախ Որոտանի հէկ-ին է վերադարձրել ջրամբարները ՝ այդպես ավելացնելով հէկ-ի կապիտալը, ապա, մեկ այլ որոշմամբ, Որոտանի հէկ-ի գույքը, այդ թվում ՝ վերոհիշյալ ջրամբարները, վաճառել ամերիկյան կազմակերպությանը:
Ի դեպ, նշված ջրամբարները համարվում են ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնք գտնվում են հատուկ պահպանության տակ: Ավելին ՝ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է. «Ջրի ազգային ծրագրով սահմանված պետական նշանակության ջրային համակարգերը պետական սեփականություն են և ենթակա չեն մասնավորեցման»: Ասել է թե ` ջրամբարները չպետք է մասնավորեցվեին: Մանավանդ որ նույն օրենքի 15-րդ հոդվածում թվարկված են պետական հատուկ նշանակության ջրային համակարգերը ` թվով 30 հատ: Դրանց մեջ են նաև Սպանդարյանի ու Տոլորսի ջրամբարները:
Առերեսումը շարունակվում է
Թեև վերջին ամիսներին պարբերաբար բարձրացվեց Որոտանի հէկ-ի վաճառքի հարցը, սակայն կառավարությունն այդպես էլ չհրապարակեց իր ընդունած 2013թ. նոյեմբերի 21-ի N1496-Ա որոշումը: Կառավարության անդամներն այս որոշման մասին քար լռություն պահպանեցին անգամ այն ժամանակ, երբ պատգամավորները խորհրդարանում բարձրացրին հէկ-ի վաճառքի հարցը ՝ գործադիրին մեղադրելով ապօրինության մեջ: Ավելին ՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նույնիսկ հերքեց կառավարության կողմից փաստաթղթի ընդունումը ՝ փետրվարի 5-ին ԱԺ-ում հայտարարելով, թե կառավարությունը ոչինչ չի վաճառել, իսկ հէկ-ի գույքը վաճառել է «Որոտան» ՓԲԸ-ն։
Մինչդեռ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից, Armlur.am-ի հարցին ի պատասխան, տեղեկացրել են. «Ի պատասխան Ձեր հարցադրումների ՝ տեղեկացնում ենք, որ Որոտանի հէկ-երի համալիրի վաճառքը ՀՀ կառավարությունն իրականացրել է ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան»:
Թե ինչո՞ւ են իշխանություններն այդպես գաղտնի պահել կառավարության որոշումը, կարելի է ենթադրել: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի և «Բյուջետային համակարգի մասին» օրենքի համաձայն ` մասնավորեցվող պետական գույքի վաճառքի արժեքի 70 տոկոսը պետք է փոխանցվի պետական բյուջե, իսկ 30 տոկոսը ՝ այն համայնքներին, որտեղ տեղակայված են այդ գույքերը։ Ասել է թե ` Որոտանի հէկ-ի վաճառքից գոյացած 180 մլն դոլարը պետք է գնար ՀՀ պետական բյուջե: Բայց կառավարությունը գերադասել է շրջանցել այս օրենքն ու հէկ-ը վաճառել այլ ճանապարհով, որպեսզի այդ 180 մլն դոլարը պետական ու համայնքային բյուջեների փոխարեն գնա Որոտանի հէկ-ի հաշվեհամարին: Դժվար չէ կռահել, որ գումարներն այդտեղից ավելի արագ կարող են փոշիանալ ու հայտնվել համապատասխան պաշտոնյաների գրպաններում, քան պետբյուջեից: Ու Որոտանի հէկ-ի վաճառքի ողջ արկածախնդրությունը, ամենայն հավանականությամբ, կատարվել է հենց այդ պատճառով:
Հոդվածը տպագրվել է «Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 25-ի համարում
Որոտանի հէկ-ի վաճառքի մյուս ուշագրավ մանրամասները ` հաջորդիվ:
Արման Գալոյան