Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հանդիպանը և վերջինիս հայտարարությանն այն մասին, որ սահմանին ադրբեջանական կողմի գործողությունները եղել են ոչ համաչափ: Գերատեսչությունը Բորելի խոսքը անհիմն է որակել: Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ դիվանագիտության ղեկավարին մեղադրել է հայամետ դիրքորոշման համար:
Բաքուն անդրադարձել է նաև Բորելի դիտարկմանը, որ սահմանային վերջին լարվածությունն ապացուցում է զինված ուժերի հետքաշման անհրաժեշտությունը: Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ առաջարկը «գործնական նշանակություն չունի»:
Ադրբեջանական կողմը նաև պահանջել է Լեռնային Ղարաբաղից հայերին «բռնի տեղահանվածներ» չանվանել:
«Ափսոսանք է առաջացնում այն, որ չնայած Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին՝ արտաքին հարաբերությունների գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայամետ դիրքորոշում է որդեգրել և այդպիսով անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և ԵՄ ինստիտուտների միջև, ինչպես նաև մեկուսացնում է իրեն Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։