Արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա:

Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների շրջանակում, նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքներով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է սալմոնելլա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելլա խմբի մանրէների ԴՆԹ:

Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է:

Տեղեկանք. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ «Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա»:

Նշենք, որ ավելի վաղ քաղաքացիներն ArmLur.am-ին նույնպես ահազանգել էին այն մասին, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո: Քաղաքացիները նշում են, որ սրճարանում կերել են սաղմոնով բենեդիկտներ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է: Թունավորված անձինք սուր թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց և ստացել ստացիոնար բուժում: Հետազոտությունների արդյունքում որոշ քաղաքացիների մոտ ախտորոշվել է սալմենելոզ:

ArmLur.am-ը կապ է հաստատել սրճարանի տնօրինության հետ՝ պարզելու իրական պատճառները: «Երեք տարբեր լաբորատորիաներից երկուսը հաստատել են, որ թունավորումը Juli’s սրճարանում չի եղել»: Մեզ հետ զրույցում տնօրենը նաև նշեց, որ ինչպես իրեն են տեղեկացրել հաճախորդները, սրճարանում սնվելուց հետո նաև այլ տեղում հոթ-դոգ են կերել:

«Այս պահին Juli’s սրճարանը շարունակում է գործել, քանի որ համապատասխան մարմինների կողմից ստուգումներ են անցկացվել և սրճարանում ամեն ինչ կարգին է եղել և սննդի, և այլ առումներով սրճարանը համապատասխանել է սանիտարահիգիենիկ նորմերին: Լաբորատորիայում ստուգել են մթերքները խնդիր չի եղել»,- նշեցին սրճարանի տնօրինությունից:




Լրահոս