Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել ՀՀ 31 գյուղերի կենսական տարածքները. Փաշինյանի պատասխանը՝ Ալիևի սպառնալիքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցացնցի իր էջում գրում է. «Ի պատասխան պաշտոնական Բաքվից հնչող մի շարք հայտարարությունների` լիազորված եմ հայտարարել.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, եւ որեւէ արտաքին ուժ իրավունք չունի միջամտել մեր երկրի ներքին գործերին:

Ինչ վերաբերում է տարածքային պահանջներին, Հայաստանը հավատարիմ է միջազգային հարթակներում Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու, երկու երկրների միջեւ սահմանազատման աշխատանքները Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնելու, տարածաշրջանային կոմունիկացիաները երկրների ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա բացելու մասին:
Ադրբեջանը պարբերաբար խախտում է այս պայմանավորվածությունները` շարունակելով ագրեսիվ հռետորաբանությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումը, ինչը նույնպես հակասում է միջազգային հարթակներում ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի Հանրապետության 31 գյուղերի կենսական տարածքները:

Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում թշնամության խորացման ռազմավարությունը, ինչն ապակայունացման շարունակական սպառնալիք է:
Հայաստանը շարունակելու է խաղաղության հաստատմանն ուղղված իր ջանքերը եւ Ադրբեջանին կրկին առաջարկում է զորքերի ետքաշում 1991 թվականի սահմանագծի նկատմամբ, ինչը տարածաշրջանում կայունության ու փոխադարձ վստահության անկյունաքարային քայլ կլինի:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցվող նախագծում առկա է արդեն իսկ համաձայնեցված կետ, համաձայն որի կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրության վրա՝ խաղաղության պայմանագրի որեւէ դրույթի կատարումից հրաժարվելու համար:
Կրկնում ենք` Հայաստանն ու Ադրբեջանը արդեն իսկ համաձայնության են եկել այս կետի շուրջ, եւ պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները հակասում են այս պայմանավորվածությանը նույնպես»:




Լրահոս