«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես՝
- ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է,
- Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը,
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է,
- Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, կամ Լեւոն Լեւոնյանը, որը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է:
Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ են տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը, որը համատեղությամբ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնն է զբաղեցնում, ասաց, որ նախընտրում է ավագանու անդամի մանդատը։
«Դեռ իրավական որոշակի գործընթաց պետք է լինի, կհասկանանք՝ ինչ է լինում, բայց, ամեն դեպքում, ես որոշում կայացնելու եմ եւ ընտրելու եմ ավագանու անդամի մանդատ եւ իմ գործունեությունը շարունակելու եմ ավագանու մանդատից, կհրաժարվեմ ՔՊ խմբակցության փորձագետի պաշտոնից»,-ասաց նա:
Համատեղությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական ավագանու անդամ Լեւոն Լեւոնյանը նույնպես մեզ հետ զրույցում ասաց՝ ընտրում է ավագանին. «Ես ավագանու անդամի մանդատից չեմ հրաժարվի, կհրաժարվեմ ԱԺ-ում զբաղեցրած իմ պաշտոնից:
Ամսի 15-ը վերջնաժամկետն է. եթե ինչ-որ փոփոխություն չլինի, ես միանշանակ այդ բացը կլրացնեմ ու որոշում կկայացնեմ. ամեն դեպքում, ընտրելու եմ ավագանու անդամի մանդատը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գործուղվելու է Հունգարիա։ Գործուղումը տեւելու է 2 օր՝ 2024 թվականի փետրվարի 5-7-ը։ Բուդապեշտ այցի նպատակն է երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր քննարկելը։ Նախարար Անահիտ Ավանեսյանի այցին զուգահեռ, Բուդապեշտում էր նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ ՀՀ նախագահի այցին ի պատիվ պաշտոնական ճաշ է տրվել, հնչել են բաժակաճառեր, բարձր են գնահատվել երկկողմ հարաբերություններն ու բարձր մակարդակի փոխգործակցությունը: Հիշեցնենք, որ Հունգարիայի եւ Հայաստանի հարաբերությունները, որոնք 2004 թվականի փետրվարից խզվել էին, վերականգնվեցին հեղափոխական իշխանությունների օրոք՝ 2023 թվականի մայիսին։ Իսկ ինչո՞ւ էին սրվել. 2004-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովը դաժանորեն կացնահարեց 26-ամյա հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որը քնած էր: Սպանությունը կատարվել էր Բուդապեշտում. Մարգարյանը եւ Սաֆարովը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացների էին մասնակցում Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում: Դեպքից հետո Հունգարիան արտահանձնեց հանցագործին Ադրբեջան, որտեղ նա հերոսի կոչում ստացավ: Այս հայտնի դեպքերից հետո Հայաստանում չկար նույնիսկ Հունգարիայի դեսպանատուն, իսկ նոր իշխանության օրոք այն վերաբացվեց, եւ սկսվեց քաղաքական ջերմ հարաբերությունների մի նոր էտապ։ Ներկայիս իշխանությունը կարծես մոռացել է, թե ինչու Հայաստանը այն ժամանակ հրաժարվեց այդ հարաբերություններից, իսկ այժմ Եվրոպային քծնելու համար պղծվում են բոլոր հիշողությունները:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը չի բավարարի, քանի որ գործով կալանավորվածները հրաժարվում են ցուցմունք տալ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները կրկին քրեակատարողական հիմնարկից էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն կոմիտե՝ հարցաքննության, ու այդ հարցաքննությունից ու ցուցմունքից էլ կախված է գործի ելքը, թե փոխնախարարը կտա անուններ, թե ոչ։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցությունն այսօր առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը: ArmLur.am-ը երեկ գրել էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստվում են երաշխավորություն ներկայացնել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր` Կառլեն Սիմոնյանի կնոջ` Անի Գեւորգյանի, «Սիներջի» ընկերության բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանի եւ ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի մասով: Իշխանականները երեկվանից ստորագրահավաք են սկսել, որպեսզի երաշխավորություն ներկայացվի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ՝ մինչեւ ուշ ժամը, ստորագրությունը շարունակվել է, 71-հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը. նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ:
Մութ ամպեր՝ «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի գլխին։ Վերջինիս պատկանող «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն դատարանի դռներն է ընկել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ոսկու շուկայի սեփականատերը դատի է տվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ 2023 թվականին պարզվել էր, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում: «Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում 2023 թվականի փետրվարի 6-ին կազմվել է արձանագրություն, եւ վարչական վարույթում առկա նյութերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ ընկերության կողմից ՀՀ, ք. Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գտնվող շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, որոնք էլ կարող են անմիջականորեն եւ ուղղակի սպառնալիք ստեղծել հրդեհների առաջացման եւ մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը որոշում է կայացրել ամբողջությամբ դադարեցնել ՀՀ, քաղաք Երեւան, Մ. Խորենացու փողոց 24 հասցեում գործող «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատանքները»,- ասվել էր հաղորդագրությունում։