Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իշխանության՝ Սահմանադրության փոփոխության նպատակը Խաղաղության պայմանագրի ստորագրումն է:
Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին:
Փաշինյանը նկատեց, որ ոմանք զարգացնում են այն թեզը, թե Սահմանադրության փոփոխությունն արվում է Խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
«Խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, եթե նույնիսկ այդ խնդիրները կան, ապա դրանք լուծված են, որովհետեւ Խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որեւէ պարտավորություն չկատարելու համար: Այստեղ խնդիրը բացարձակապես Խաղաղության պայմանագրի մասին չէ եւ չի կարող լինել»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, սակայն ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաեւ արտաքին հարաբերությունները: ՀՀ գործող Սահմանադրությունը նաեւ արտաքին հարաբերությունների համար է ուղենիշ պարունակում: «Ցանկացած Սահմանադրություն ունի նաեւ արտաքին ազդեցություններ, բայց այդտեղ կապերը բոլորովին ուրիշ կերպ են աշխատում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը կարեւորեց, որ ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունների մասին մտածի նոր պայմաններում: «Աշխարհում ոչ մի բան այլեւս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում, ոչ մի արտաքին հարաբերություն այն չէ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա միայն Հայաստանի մասին չէ:
Վարչապետը նկատել է՝ մարդիկ շատ են խոսում այն մասին, որ Հայաստանի ժողովուրդը պետական մտածողությամբ եւ պետական գործելակերպով ժողովուրդ չէ: «Եվ ես այդ մարդկանց լսելով՝ մտածում եմ, թե որտեղ է այն կետը, որտեղ այդ ընկալումը պետք է փոխվի: Իմ ընկալմամբ՝ այդ կետը Սահմանադրության ընդունումն է ազատ կամարտահայտմամբ, որովհետեւ դա նշանակում է, որ երկրի քաղաքացիների մեծամասնությունը ֆիքսում է իր ապրելու կանոնները»,-նշեց նա:
Ըստ վարչապետի՝ մինչեւ հիմա ընդունված ոչ մի Սահմանադրություն չի ընդունվել ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, միշտ վերնախավն է պարտադրել, թե ինչպես պետք է ապրի:
«Բայց ամենակարեւոր խնդիրներից մեկն արտաքին միջավայրում ավելի դիմակայուն եւ ավելի պաշտպանված դառնալն է, բայց ինչպե՞ս»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց, որ անվտանգության բաղադրիչ ապահովելու առումով ինքը շատ է նշել բանակի, արտաքին հարաբերությունների մասին: Բայց երրորդ բաղադրիչի կարիք եւս կա: «Բանակն ու արտաքին հարաբերությունները պետք է սպասարկեն տվյալ պետության լեգիտիմ շահերը, այն պետության, այն տարածքում, որը ճանաչված է միջազգայնորեն: Սա անվտանգության մակարդակը մեկ աստիճան բարձրացնելուն ուղղված քայլ է»,-ասաց վարչապետը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ի ՇԱՀ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ դե Ռոնի եւ հանձնաժողովի՝ խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը ներկայացնող անդամների հետ:
Արարատ Միրզոյանը նշել է՝ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով, որոնց արդյունքում առկա ձեռքբերումներն իրենց արտացոլումն են գտել նաեւ միջազգային համապատասխան ցուցանիշներում։
Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը խորհրդարանականներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականն ու այդ ուղղությամբ գործադրած ջանքերը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառուցողական մոտեցումները միշտ չէ, որ ստանում են համարժեք արձագանք՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի ու հստակ հանձնառության ցուցաբերման անհրաժեշտությունը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության եւ սահմանների անքակտելիության անվերապահ հարգման կարեւորությունը:
Տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ կողմից կարեւորվող չորս՝ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքներն իրենց լավագույն արտացոլումն են ստացել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը ներկայացվել եւ արժանացել է միջազգային գործընկերների ուշադրությանը։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ պատասխանել է Նիդերլանդների խորհրդարանականների հարցերին՝ տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման հետեւանքով բռնի տեղահանված հայերի իրավունքների ու կարիքների հասցեագրման, ՀՀ-ԵՄ գործընկերության ամրապնդման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Հանդիպմանն ընդգծվել է Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ, այդ թվում՝ խորհրդարանականների մակարդակում, ինչպես նաեւ ՀՀ-ԵՄ ձեւաչափում փոխգործակցության հետագա խորացման պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայունությանն աջակցելու նպատակով եւ ի շահ ՀՀ քաղաքացիների բարեկեցության ապահովման։
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«ՄՍԽԵԼ ԵՔ ՎԱՐԿԱՆԻՇԸ»
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը բավարար ձայներ չի հավաքի եւ խորհրդարանում ներկայացվածություն չի ունենա, եթե լինեն նոր ընտրություններ:
Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ ամբիոնից՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, որով վերջինս իշխանություններին քննադատում էր ՀՅԴ-ին տարբեր մեղադրանքներ ներկայացնելու համար։
Սիմոնյանը նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերվում ՀՅԴ-ին, դաշնակցական բազմաթիվ ընկերներ ունի թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: «Բայց դուք եք մսխել Դաշնակցության վարկանիշը: Ի՞նչ եք արել վերջին 30 տարիների ընթացքում Դաշնակցության վարկանիշի հետ։ Ո՞նց ստացվեց այնպես, որ այս գումարման ԱԺ-ի Դաշնակցության կազմն ամենամեծն է, այն էլ՝ պատերազմից հետո տեղի ունեցած արտահերթ ընտրություններից հետո դաշինքի միջոցով: Ո՞նց էր ստացվում, որ Դաշնակցությունն 90-ականներից գնալով մսխեց իր ունեցածը. ձեր գործունեությամբ. վերաիմաստավորեք, քննարկենք Մարտի 1-ից հետո Դաշնակցության պահվածքը՝ բոլոր կառավարությունների հետ կոալիցիա կազմելը, պաշտոններ վերցնելը»,-ասաց նա:
ԱԺ նախագահը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում եւս Դաշնակցությունն իշխանություն էր վերցրել, դրանից որոշ ժամանակ անց ի հայտ եկավ ԼՂ-ի լուծարման մասին փաստաթուղթը:
«Մինչեւ այն պահը, որ դուք՝ «Հայաստան» դաշինքը, չգա, չկանգնի ու չասի, որ, այո, արել ենք Մարտի 1, կեղծել ենք ընտրություններ եւ այլն, եւ պատասխանը չստանա, Դաշնակցությունը հաջողության չի հասնելու: Եթե նոր ընտրություններ լինեն, ես չգիտեմ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կարող է շատ քիչ ձայն հավաքի, բայց ես վստահ եմ, որ Դաշնակցությունը նույնպես այդ խնդիրն ունենալու է եւ չի անցնելու Ազգային ժողով»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:
Գառնիկ Դանիելյանն իր ելույթում, պատասխանելով Դաշնակցության, դաշնակցականների վերաբերյալ ԱԺ ամբիոնից արված հայտարարություններին, խորհուրդ էր տվել իշխանականներին պատմությունն ավելի լավ ուսումնասիրել: «Տարիներ ի վեր, չունենալով պետական միավոր, Դաշնակցությունը 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերից հետո ստեղծել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը»,-նշել էր ընդդիմադիր պատգամավորը: