Փետրվարի 6-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չայնիի ոլորաների սկզբնամասում գործող «Բոմբ» ակումբում մի խումբ անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում, եւ կան վիրավորներ։ Նմանիտիպ մեկ այլ տեղեկություն էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում, որ ծեծկռտուքի մասնակիցները ակումբի սեփականատերերն են եւ նրանց ընկերները։
Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին կրկին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ նշված ակումբից իրենց մոտ է տեղափոխվել է Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Շմավոն Կ.-ն, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել 28-ամյա Զառա Ա.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը եւ նույն բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Պոլեյանը։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 05։00-ի սահմաններում՝ վերը նշված ակումբում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Բ.-ն ծեծի է ենթարկել Զառա Ա.-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո վերջինիս ձերբակալելու ժամանակ ընկերը՝ Շմավոն Կ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ձեռքին եղած գարեջրի շիշը կոտրել է եւ ինքնավնասում կատարել։
Դեպքի վայր են ժամանել նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Արտյոմ Բ.-ին ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, մեկնարկային լուսածիր ատրճանակ, գարեջրի շշեր եւ BMW մակնիշի ավտոմեքենա, որը, ըստ տեղեկություների, կռվի մասնակիցներից մեկինն է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ
ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհ է բռնկվել։ Դիրքի անձնակազմի կողմից կրակը մարելուց հետո այնտեղ հայտնաբերվել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։
Ստացված հաղորդման առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեւավորվել է քննչական խումբ։ Նախաքննության շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են նմուշներ:
Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ եւ անհետաձգելի քննչական եւ վարութային այլ գործողություններ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։
ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ
ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ խմբակցությունը երեկ առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց բացահայտումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորությունը:
ArmLur.am-ը կապ հաստատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ՝ հասկանալու համար՝ ինչ դիրքորոշում ունի տվյալ հարցի վերաբերյալ. «Ես չեմ կարծում, որ որեւէ հակաօրինական բան կա ստորագրահավաք իրականացնելու մեջ, որովհետեւ պատգամավորը իրավունք ունի երաշխավորություն տալ յուրաքանչյուր կալանավորվածի համար, եթե գտնում են, որ կան բավարար հիմքեր, այսինքն՝ արժանի են համարում դրան»:
Իսկ, ահա, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի խոսքով՝ այդպես չպետք է անեին. դա հակասում է գոյություն ունեցող իրավական նորմին:
Հիշեցնենք, որ 71-հոգանոց ՔՊ ֆրակցիայից 5 հոգի չեն միացել քվեարկությանը, նրանցից մի քանիսը վատառողջ են եղել, իսկ երկուսը՝ Արսեն Թորոսյանն ու Հռիփսիմե Գրիգորյանն էլ գտնվում են գործուղման մեջ:
«ԳՆԱՄ «ԴՎԻԺՈԿԸ» ՄԻԱՑՆԵՄ»
ArmLur.am-ին ՊՆ N զորամասի կացարանին կից տնակում բռնկված հրդեհի դեպքից, որը խլեց զինվորի կյանք, մանրամասներ են հայտնի դարձել։
Եվ այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 39-ամյա Արթուր Գրիգորյանը գնացել է կացարանի կից տնակ, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, փայտ, վառելանյութ եւ այլ անհրաժեշտ իրեր։ Վերջինս ասել է՝ գնամ «դվիժոկը» միացնեմ, որպեսզի խմբի անդամները կարողանան հեռախոսները լիցքավորեն, ու գնալով այնտեղ՝ միանգամից տնակում հրդեհը բռնկվել է։
Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահներին դեպքի մասին այսպես են պատմել նրա հետ ծառյության մեջ գտնվող զինվորները։
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ իրավապահները տարբեր վարկածներ են քննում, մասնավորապես՝ միջանձնային հնարավոր խնդիրներ կամ այլ պատճառներ, որոնք կարող էին դեպքի պատճառ դառնալ։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ 39-ամյա Արթուր Գրիգորյանն ամուսնացած չէր, նա փետրվարի 2-ին էր մեկնել վարժական հավաքների, ու ընդամենը 5-օր էր, ինչ գնացել էր վարժական հավաքի, երբ նրա հետ նման ողբերգական դեպք կատարվեց։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում դեռևս չպարզված հանգամանքներում բռնկված հրդեհի հետեւանքով մահացել է պահեստազորային Արթուր Վարուժանի Գրիգորյանը (ծնված 1985 թ.):
Հրդեհը մեկուսացվել եւ մարվել է:
Այլ տուժածներ չկան:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՕՊԵՐԱՏԻՎ ԵՆ ԳՈՐԾԵԼ
Փետրվարի 6-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհի՝ Սեւանի թունելի սկզբնամասում ձնահյուսքի պատճառով ճանապարհի մի զգալի հատված փակվել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գեւորգյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Ճանապարհային դեպարտամենտ» ընկերության աշխատակիցները՝ գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով ժամանել են նաեւ մարզպետարանի աշխատակիցները։
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը, ժամանակավոր դադարեցրել են տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը եւ ճանապարհը սպասարկող ճանշինականները բավականին օպերատիվորեն, կարճ ժամանակում հատուկ տեխնիկաների գործադրմամբ ձնահյուսքից թափված մի քանի տոննա ձյունը հեռացրել են ճանապարհից։
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սեւանի թիվ 30, 32 եւ Տավուշի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Ընդհանուր առմամբ փակվել էր մոտ 100 մ երկարությամբ ճանապարհ, ձյան բարձրությունն էլ հասնում էր մոտ 2-2,5 մ։ Սկզբից նաեւ տեղեկություններ կային, որ հնարավոր է՝ ձնահյուսի տակ ավտոմեքենաներ լինեն. բարեբախտաբար տեղեկությունը հերքվեց։ Արդեն երթեւեկությունը նշված հատվածում, շնորհիվ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի, ճանապարհն սպասարկող ճանշինի, ՊԾ Գեղարքունիքի մարզի պարեկների, Սեւանի եւ Դիլիջանի փրկարարների վերականգնվել է։