Հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման, հանրահռչակման եւ վերականգնման նպատակով Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մասնագիտություն մագիստրոսական ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել է Նեղուցի վանքն իր վիմագրություններով՝ բացահայտելու այդ շենքի հորինվածքը եւ հնագիտական շերտերը:
ՃՇՀԱՀ ճարտարապետության տեսության պատմության եւ ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանն ընդգծեց՝ թվային նորագույն տեխնոլոգիաների եւ մեթոդների ներմուծման, ճարտարապետական ժառանգության վերականգնման համաշխարհային լավագույն փորձի կիրառման անհրաժեշտության պայմաններում երիտասարդ վերականգնող ճարտարապետների մեծ պահանջարկ կա:
«Հայկական հարուստ ճարտարապետական ժառանգության պահպանման, հանրահռչակման եւ վերականգնման ոլորտը ներկայումս առերեսվում է լուրջ մարտահրավերների: ՃՇՀԱՀ-ն իր՝ ավելի քան հարյուրամյա գործունեության ընթացքում հեղինակավոր դարբնոց է դարձել ճարտարապետական կրթության համար, սակայն ճարտարապետական ժառանգության վերականգնման առանձին մասնագիտություն չի ունեցել: Որոշակի ժամանակաշրջանում թողարկվել են վերականգնող ճարտարապետների մասնագիտացում ունեցողներ, որոնք էլ ներկայումս վերականգնման նախագծերն են իրականացնում: Սակայն այդ մասնագետների միջին տարիքը 60 է: Երիտասարդ մասնագետների մուտքը ոլորտ կխթանի նաեւ հայկական ճարտարապետական ժառանգության գիտական հետազոտությունները եւ հրապարակումները»,-նշեց Հարությունյանը:
Ներկայումս համալսարանում «Ճարտարապետություն» մասնագիտության ներքո գործում է «Ճարտարապետություն» կրթական ծրագիրը, որը սահմանափակում է ճարտարապետական ժառանգության վերականգնման ոլորտի առջեւ ծառացած խնդիրների լիարժեք լուծման հնարավորությունները: Հարությունյանի խոսքով՝ դրանից զատ, դեռեւս Հայաստանի անկախացման տարիներին լուծարվել է «Հայնախագիծռեստավրացիա» նախագծային ինստիտուտը, որտեղ երիտասարդ ճարտարապետները հնարավորություն ունեին մասնագիտանալու հուշարձանների վերականգնման ոլորտում: Ամենադժվար տարիները հաղթահարելուց հետո պետական մարմինները վերսկսեցին հուշարձանների միայն շատ փոքր մասի ամրակայման եւ վերականգնման աշխատանքներ, որն էլ, Հարությունյանի դիտարկմամբ, պատճառն է, որ վերջին 30 տարում չեն կարողացել միջսերնդային փոխանակում ապահովել հուշարձանների պահպանությամբ զբաղվող մասնագետների միջեւ։
«Կրթական ծրագրի կառուցվածքը մյուս կրթական ծրագրերից խիստ տարբերվում է: Այն համապատասխանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին: Ներգրավում ենք փորձառու դասախոսներին: Ունենք հրավիրյալ դասախոսներ արտերկրից: Ուսանողների համար նախատեսվում է արտասահմանյան պրակտիկա. պետք է գնան սովորեն, աշխատեն դրսում: Փորձել ենք առավելագույնս մոտեցնել իրական կյանքի պահանջներին, ինչը կպահանջվի ռեստավրատոր աշխատելու համար»,-ասաց նա:
Հարությունյանը նշեց՝ այս կիսամյակում հետազոտական շատ աշխատանքներ են արվել՝ ուսումնասիրել են Նեղուցի վանքը այնպես, ինչպես իրական ռեստավրացիոն աշխատանքներն են արվում:
Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, վիմագրության բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Հարությունյանն էլ ընդգծեց՝ կրկնակի ողջունելի է, որ նմանատիպ ծրագրում ներառվել է նաեւ այնպիսի մի մասնագիտություն, առարկա, որն ուսումնասիրում է միջնադարյան, քարեղեն գրավոր մշակույթը, այն է՝ վիմագրագիտությունը: Նրա դիտարկմամբ՝ առարկան հատուկ ուսումնասիրության կիզակետում դնելը կարեւոր էր:
«Եթե մենք ուսումնասիրում ենք միջնադարյան հուշարձանի պատմությունը, ճարտարապետությունը, հնագիտությունը, մշակութային շերտերի ուսումնասիրությունը, ապա այս համատեքստում պիտի հատուկ ուսումնասիրվի նաեւ մեր վիմագրական մշակույթը: Սա շատ կարեւոր հանգամանք է, որ միջնադարյան հուշարձանով զբաղվողը տիրապետի նաեւ այս տեսակ գիտելիքների»,-մանրամասնեց գիտաշխատողը:
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, հնագետ Աստղիկ Բաբաջանյանն էլ իր խոսքում նշեց՝ ընդհանուր առմամբ, հնագիտությունը եւ դասընթացը Հայաստանի հնագիտական ժառանգության, այդ թվում՝ ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրության, պահպանման եւ վերականգնման շղթայում առաջնային օղակներից մեկն է, որը համապարփակ գիտելիքներ է տրամադրում հուշարձանների եւ դրանց շուրջ ձեւավորված պատմամշակութային միջավայրի վերաբերյալ։
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՈՒՄ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի որոշմամբ՝ փետրվարի 1-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում եւ հանրակրթական դպրոցներում կազմակերպվում եւ անցկացվում է «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը։
Միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձեւերի եւ ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցներում եւ բնակավայրերում արդեն իսկ անցկացվել են միջոցառումները։
Ըստ կանոնակարգի՝ միջոցառման մեջ ընդգրկված են մասսայական դահուկավազքը, սահնակներով մրցումը, կշռաքարի բարձրացումը, մարզական ցուցադրական ելույթները, սպորտլանդիայի անցկացումը, բարձունքի գրավումը, ձնագնդիով նշանակետին հարվածելը, ազգային խաղաձեւերը, հրաձգությունը օդամղիչ հրացանից, ձմեռային վոլեյբոլը եւ այլ մարզախաղաձեւեր:
«Անցկացված միջոցառումներն ուղեկցվում են երգ ու պարով: «Գեղարքունյաց ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումը կշարունակվի մինչեւ մարտի 1-ը։ Կարեւորն այն է, որ, ի տարբերություն նախորդ մի քանի ձմեռների, այժմ մարզի տարածքով մեկ առկա է բավարար ձնածածկույթ, որը նպաստում է միջոցառումների բազմազանության ապահովմանը։ Արդյունքների ամփոփումից հետո մրցումներում առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերած անձինք եւ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը կարժանանան խրախուսանքի»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Գեղամ Չարվադարյանը։
Ն. ԱՂԱՍՅԱՆ
ԲՅՈՒՋԵՆ ՏՈՒԺԵԼ Է
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող՝ Դիլիջանում 2800 քմ հողամասը շուկայականից ցածր գներով, առանց աճուրդի, ուղղակի վաճառքով օտարելու մասին, որի հետեւանքով համայնքի բյուջե չեն մտել բազում միլիոն դրամներ։ Դիլիջանի Թբիլիսյան խճուղու թիվ 91 հասցեի 6500 քառակուսի մետր հասարակական կառուցապատման հողամասը պատկանում է Եվա Իսկանդարյանին: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հողամասին կից, Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 91/1 հասցեի 2508.8քմ հողամասը ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձեւով իրեն օտարելու խնդրանքով: Համայնքի ավագանին 2023թ. դեկտեմբերի 14-ի թիվ 552-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված 2508.8քմ հողամասն ընդլայնման կարգով Ե. Իսկանդարյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: Փետրվարի 6-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 91 հասցեի 6500.0քմ հողամասին կից գտնվող, Թբիլիսյան խճղ թիվ 91/1 հասցեի 2508.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձեւով (ընդլայնման կարգով) օտարել քաղաքացի Եվա Իսկանդարյանին (հողամասի արժեքը՝ 17145892 դրամ), Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 91 հասցեի 6500.0քմ հողամասի եւ Թբիլիսյան խճուղու թիվ 91/1 հասցեի 2508.8քմ մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 9008.8քմ հողամասը հասցեակոչել Դիլիջան քաղաք, Թբիլիսյան խճուղու թիվ 91 հասցեով: Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում 2500 քմ հողամասի շուկայական գինը մի քանի անգամ գերազանցում է Եվա Իսկանդարյանի վճարած 17 միլիոն դրամը։
ԹՄՐԱՆՅՈՒԹ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
Հովհաննես Նազոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊՆ սահմանապահ զորամասի ականանետային դիվիզիոնի 3-րդ ականանետային մարտկոցի կառավարման դասակի հաշվարկող, կոչումով շարքային, 2022թ. մայիսի 14-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, նույն զորամասի պահեստանոցում ապօրինի կերպով իրացրել է իր մոտ գտնվող՝ կաննաբինոիդների խմբին պատկանող թմրանյութը, այն է՝ հյուրասիրել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ջիվան Մանուկյանին, ինչից հետո վերջինիս հետ նույն պահեստանոցում ծխելու եղանակով օգտագործել են թմրանյութը։ Հ. Նազոյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով եւ 364.2 հոդվածի 2-րդ մասով, Ջ. Մանուկյանին՝ 364.2 հոդվածի 2-րդ մասով։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ