ԿՈՒՍՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ՝ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը: Մինչեւ ընդունումն այն բուռն քննարկման առիթ դարձավ, ընդդիմադիր պատգամավորները դեմ  արտահայտվեցին նախագծին՝ մատնանշելով նաեւ իրավական որոշակիության խնդիրներ, իշխող խմբակցությունից վստահեցրին, որ այն ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ կարեւոր նախագիծ է:

 

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց այն հեղինակած  Զարուհի Բաթոյանը:

Ըստ պատգամավորի՝ փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման եւ բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ըստ առաջարկի՝ օրենքը վերանվանվում է «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախատեսվում է հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով: «Առաջարկվում է օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաեւ երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում»,-ասաց Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաեւ արարքը՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը:

«Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը իրավական որոշակիության առումով որոշակի խնդիրներ է նկատել նախագծում: Ըստ պատգամավորի՝ նախագծի ամենակարեւոր բաղադրիչներից է «զուգընկեր» գաղափարի ներմուծումն օրենքի մեջ: Կյուրեղյանը մեջբերում կատարեց նախագծից. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

Պատգամավորը հարցրեց, թե ինչ է նշանակում այդ սահմանումը՝ մատնանշելով իրավական որոշակիության խնդրի մասին: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ դա երկար քննարկված հարցերից է, դեռ քննարկման ենթակա, կարեւորում են նաեւ պատգամավորների դիտարկումները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչու են նախագծում տվել «զուգընկեր» բառի սահմանումը: «Իրավապահ համակարգից մեզ եկավ ազդակ, որ, երբ մտնում են տուն ու ուզում են պաշտպանության տակ առնել բռնության ենթարկված անձին, ԶԱԳՍ-ի թղթի բացակայության պարագայում, ցավոք, այդ կանայք պաշտպանության տակ չեն կարողացել առնվել, որովհետեւ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը նախատեսում է, որ պարտադիր է ամուսնության վկայականը: Նշանվածները, պարզապես ընկերները, որոնց մեջ առկա է սիրային կապը, մեր պաշտպանության ներքո են լինելու այսուհետ: Այս նախագիծն ունի կանխարգելման շատ կարեւոր բաղադրիչ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել ընտանիքում տեղի ունեցած բռնության հետեւանքով:

Նախագծով  բռնության տեսակ է համարվում նաեւ  կուսության ստուգումը:

«Դուք ֆիքսում եք կուսության ստուգումը որպես հանցագործություն եւ դրա համար նախատեսում պատժամիջոց: Ես որեւէ կերպ դա չեմ կարող ընդունել որպես դրական գործողություն: Բայց դա նաեւ շատ խիստ մշակութային խնդիր է: Բայց ինձ կրկին հետաքրքրում է իրավական որոշակիությունը: Դատապաշտպանը ինչպե՞ս պետք է ապացուցի, որ չի կատարվել կուսության ստուգում, ի՞նչ մեխանիզմներ են աշխատելու»,- հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը:

Հարակից զեկուցող Տիգրան Պարսիլյանը պատասխանեց՝ թե ինչպես դատապաշտպանը պետք է ապացուցի, ավելի շատ նրա խնդիրն է, իրենք գործիքն են տալիս:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստանի մշտական բնակչությունը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 990.9 հազար մարդ է: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  մշտական բնակչության թիվն ավելացել է 53.4 հազարով:

 

ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալներից հետեւում է, որ 2023-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխության առաջնային բաղադրիչը եղել է միգրացիոն մնացորդը: Նախնական տվյալներով՝ մինչեւ 2024-ի հունվարի 1-ը ներառյալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվել է 41.4 հազար մարդ: Մինչդեռ, բնակչության բնական հավելաճը (ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունը) 2023-ին կազմել է ընդամենը 12 հազար մարդ:

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկրի 71 համայնքների 49 քաղաքներում բնակվում է 1 մլն 915.3, իսկ 953 գյուղերում՝ 1 մլն 075.6 մարդ: Ընդ որում՝ մայրաքաղաքն ունի 1 մլն 104.2 հազար բնակիչ: Հաշվետու ժամանակաշրջանում Երեւանի բնակչության աճը 15.6 հազար մարդ է:

Մարզերից բնակչության թվով անվիճելի առաջատարն է Կոտայքը (278 հազար մարդ), որին հաջորդում են Արմավիրը (259.4), Արարատը (255.8), Շիրակը (237.9), Լոռին (225.3), Գեղարքունիքը (213.2), Արագածոտնը (131.5), Սյունիքը (119.5), Տավուշը (117.1) եւ Վայոց ձորը (49):

Անցած մեկ տարում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքում (7.3 հազար մարդ), ամենացածր ցուցանիշը Վայոց ձորում է (1.6): Մարզերից քաղաքային բնակչության ամենամեծ աճը Կոտայքում է (4.7 հազար մարդ), ամենաքիչը՝ Շիրակում (1.1): Գյուղական բնակավայրերում բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում եւ Կոտայքում՝ 2600-ական մարդ, ամենացածր թիվը՝ Վայոց ձորում եւ Տավուշում՝ 300-ական:

2023 թվականից սկսած՝ բնակչության թվի ընթացիկ հաշվառումն իրականացվում է 2022թ. մարդահամարի արդյունքների հիման վրա:

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԿԱՑԱՐԱՆ ԿԿԱՌՈՒՑՎԻ

Երեւանի քաղաքապետարանն առաջիկայում թափառող շների մշտական խնամքի կացարան կկառուցի, որը նախատեսված կլինի մինչեւ 300 շան համար։

Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը՝ ընդգծելով, որ նոր կացարանում կենդանիները կանցնեն բժշկական ստուգում, կստերջացվեն, կպատվաստվեն եւ կլինեն կենդանաբույժների մշտական հսկողության տակ:

«Կացարանի նախագծման աշխատանքները առաջիկա մի քանի օրվա ընթացքում  կավարտվեն, որից հետո կանցնենք շինարարության մրցույթին։ Մրցույթի կայացումից հետո էլ կտանք շինարարական  աշխատանքների մեկնարկը: Այսինքն՝ կարող ենք ասել, որ 2024 թվականին համայնքը կունենա թափառող շների համար նախատեսված առանձնացված կացարան, որը ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր պայմաններով: Ուզում եմ շեշտել, որ կացարանը լինելու է մի կառույց, որտեղ ապահովված են լինելու անհրաժեշտ բոլոր պայմանները»,- մանրամասնեց Հարություն Առաքելյանը՝ հավելելով, որ կացարանում շները վանդակներում չեն պահվելու, նրանց համար ազատ տեղաշարժվելու հնարավորություն կլինի։

Կենտրոնի տնօրենի  խոսքով՝ 2024 թվականին նաեւ մեծ ուշադրություն են դարձնելու շներին խնամակալության հանձնելու գործընթացին, քանի որ կենտրոնի  ամենօրյա աշխատանքը ցույց է տալիս, որ շատ  են շների հանդեպ անպատասխանատու վարքագիծ դրսեւորողները, որոնք մի քանի ամիս շուն պահելուց հետո հրաժարվում են կենդանուց՝ նրան թողնելով փողոցում:

Հարություն Առաքելյանը կարծում է, որ թափառող կենդանիների հետ կապված խնդիրները  շատ են, որովհետեւ ոլորտում որեւէ  հստակ կարգավորում չկա. նա օրենսդրական կարգավորումների բացը լրացնելու կարիք է տեսնում:

«Շատ հանդիպումներ ենք ունեցել Ազգային ժողովի մեր գործընկերների հետ. այժմ կա նախագիծ կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին, որով, կարելի է ասել, մեծ մասամբ կկարողանանք կանոնակարգել ոլորտը, ինչպես նաեւ  կսահմանվի համապատասխան  տուգանքի չափ բոլոր նրանց համար, որոնք  կարգը  կխախտեն»,-ասաց Առաքելյանը:

Խնամքի կենտրոնում այժմ գործում է կլինիկական բլոկ՝ նախատեսված թափառող կենդանիների համար:

Երեւանում կենդանիների մշտական խնամքի հիմնական կացարանի կառուցումից հետո կենտրոնը  մի քանի մեծ վարչական շրջաններում եւս նախատեսում է ունենալ նման կացարաններ, որտեղ եւս կկարողանան պահել եւ խնամել թափառող շներին:

2023 թվականի ընթացքում  կենտրոնի կլինիկա է բերվել  3436 շուն, ստերջացվել եւ կատաղության դեմ պատվաստվել է 2045 շուն, իսկ կատաղության դեմ վերապատվաստվել է 753 շուն: Քնեցված եւ անկած կենդանիների թիվը  2023-ին եղել է 603, տարիքով պայմանավորված չի ստերջացվել  35 շուն, իսկ որդեգրման է հանձնվել 104 շուն: Մայրաքաղաքի փողոցներից հավաքվել է 467 անկած կենդանու դի:

 

 




Լրահոս