Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Գոյ» թատրոնի թատերախմբի հետ աշխատելուն, հայտարարեց, որ ինքը «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունի: Ըստ նրա՝ գուցե լինի մի դերասան, որին առաջարկի, օրինակ, շեքսպիրյան Համլետ խաղալ, սակայն չի կարծում, որ թատերախմբի հետ որպես «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար պետք է աշխատի:
«Ես առանձնազրույց եմ ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարարի հետ, ներկայիս փոխնախարարի հետ, խոսել եմ մեր տնօրենի հետ այդ հարցի շուրջ, որովհետեւ եթե ինչ-որ միավոր միանում է քո միավորին, պետք է հասկանաս, թե որպես գեղարվեստական ղեկավար ինչ գործառույթ ես իրականացնելու: Ես հայտարարում եմ, որ «Գոյ» թատրոնի հետ ոչ մի անելիք չունեմ: Կարծում եմ՝ «Գոյ» թատրոնը ինչպես այդտեղ աշխատել է, նույն կերպ աշխատելու է, ուղղակի փոխվում է կառավարման մոդելը»,- հավաստիացրեց Արմեն Էլբակյանը:
Նրա խոսքով՝ Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ համատեղ աշխատանքի ընթացքում չի պատահել, որ որեւէ ռեժիսոր կամ ինքը որեւէ պիես առաջարկի բեմադրել, ու պարզվի, որ թատրոնի քաղաքականությունը թույլ չի տալիս դա անել: Բեմադրվել են բազմաթիվ պիեսներ, որոնք քաղաքական են: Դրանցից են «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր», «Մեծապատիվ մուրացկաններ»-ը եւ այլն:
Էլբակյանը նշեց՝ իր սիրտը շատ է ցավել, երբ լուծարվել է Փոսի թատրոնը, քանի որ Հրաչյա Ղազարյանը, բահն ու կացինը ձեռքին, այն կառուցել է եւ այնտեղ աշխատելու է հրավիրել նաեւ Էլբակյանին, որը որպես ռեժիսոր եւ դերասան այդ ընթացքում ծանրաբեռնված աշխատել է Մայր թատրոնում, սակայն Փոսի թատրոնում բեմադրություն եւս արել է:
«Այն ժամանակ նաեւ Խամաճիկների թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էի եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խոսել եմ այն մասին, որ չլուծարվի թատրոնը: Փոսի թատրոնը լուծարվեց, եւ հաստիքները տրվեցին «Գոյ» թատրոնին, որը դարձավ պետական: Փոսի թատրոնի դերասաններն ինձ մոտ եկել են, եւ նրանց ներկայացումներից մեկը՝ «Բաղդասար ախպար»-ը, որ ես էի բեմադրել, բերեցի Խամաճիկների թատրոն: Փոսի թատրոնը փակեցին, «Գոյ»-ը պետական դարձրին»,-հիշեց Արմեն Էլբակյանը:
Արմեն Էլբակյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ էլ ինքն է հիմնադրել «Էդգար Էլբակյան» ոչ պետական թատրոնը, որը երկար ժամանակ աշխատել է եւ մոտ քսան անուն ներկայացում է ունեցել խաղացանկում: «Ինձ մի քանի անգամ առաջարկել են պետականացնել թատրոնը: Ես այն որպես պետական միավոր չեմ տեսել եւ չեմ համաձայնել, որովհետեւ այն ինձ համար վայր էր, որտեղ ազատ իմ ուզած մարդկանց հետ աշխատում էի: Երբ մարդը մտնում է ազատ մտածողության մեջ, չպետք է աշխատի պետական կառուցվածքում, եւ այդ դեպքում թատրոնը չի կորցնում իր գեղարվեստական մտածողությունը»,-ընդգծեց Արմեն Էլբակյանն ու հավելեց՝ երբ թատրոնը բարձրացնում է հարցեր, որոնք անհանգստացնում են հասարակությանը, հասարակությունը հասկանում է, որ մենակ չէ:
Ռեժիսորը վստահ է՝ թատրոնը, գրականությունը մտածելու առիթ են տալիս մարդուն, թե ով է ինքը, ինչու է ծնվել, որն է նրա ապրելու նպատակը, որոնք են նրա քաղաքացիական դիրքորոշումն ու երազանքը: «Կապ չունի այդ թատերախաղն այսօր է գրված, թե երեկ, որովհետեւ այստեղ շատ կարեւոր են այն տարածությունն ու ժամանակը, որում մենք ապրում ենք, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է բեմի վրա, կատարվում է այստեղ, այսօր, հենց հիմա երկնքի ու երկրի միջեւ»,-եզրափակեց Արմեն Էլբակյանը:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԿԸՆԴԼԱՅՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը մարտին կմեկնարկի «Դասարան+դասական» կրթական ծրագիրը, իսկ ամռանը թատրոնը կունենա նոր հարթակ. որպես «Artbox Hub» ծրագրի հաղթող թատրոնն է՛լ ավելի կընդլայնի իր ստեղծագործական գործունեությունը, կդառնա մշակութային հաբ, որով կնպաստի երիտասարդ, ազատ արվեստագետների եւ հանրության շփմանը։
Այս մասին փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Խոսելով 2023 թվականի նվաճումների մասին՝ նա շեշտեց՝ ներկայացումների առումով բավականին լավ ցուցանիշ ունեն: «2023 թվականին խաղացել ենք 137 ներկայացում, ունեցել ենք ավելի քան 70 հազար 300 հանդիսատես, ձեւավորել ենք երկու հարյուր միլիոնից ավելի արտաբյուջետային միջոցներ, գեներացրել ենք այդ միջոցները եւ արել ենք բազմաթիվ աշխատանքներ»,-ասաց տնօրենը:
Նա հիշեցրեց՝ նախորդ տարվա մարտին թատրոնում մեկնարկել էր «Ազգային թատերական դպրոց» միջազգային նախագիծը։ Հայաստանի մշակույթի եւ արվեստի ավելի քան 30 երիտասարդ մասնագետներ մասնակցել են «Կառավարման հիմունքները ժամանակակից ազգային թատրոնում» թեմայով եռօրյա կրթական ինտենսիվ ծրագրին, որը մշակել եւ ներկայացրել են Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը եւ Բեմական արվեստի ռուսաստանյան պետական ինստիտուտը։
Մայիսին թատրոնը մասնակցել է Գյումրու միջազգային թատերական փառատոնին՝ «Դեկամերոն» ներկայացմամբ, հունիսին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի եւ Ռուսաստանի ազգային դրամատիկական թատրոնի (Ալեքսանդրինյան թատրոն) միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, որը հիմք է դարձել համատեղ նոր ծրագրերի իրագործման համար, իսկ հուլիսին իրականացվել է «Դասարան+դասական» կրթական ծրագիրը, որին մասնակցել է 70 աշակերտ Երեւանից եւ ՀՀ մարզերից։
Սեպտեմբերին թատրոնը հյուրախաղերով է հանդես եկել Սանկտ Պետերբուրգում։ Ալեքսանդրինյան թատրոնի պատմական բեմում ներկայացվել է «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը, իսկ Նոր բեմում՝ «Դեկամերոն»-ը։ Հյուրախաղերի ընթացքում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը վարպետության դաս է անցկացրել ուսանողների եւ թատերասեր հանրության համար։
Հոկտեմբերին թատրոնը «Իշամեղու» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Բելոստոկ քաղաքի միջազգային թատերական փառատոնին, իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել է Երեւանյան միջազգային թատերական փառատոնը։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը փաստում է. «Թատրոնի գործունեությունը բազմաբեւեռ է եւ ուղղված է ընդհանուր թատերական դաշտի ակտիվացմանը, ազգային եւ միջազգային երկխոսությանը, երիտասարդների մշակութային կրթությանը։ Ասվածին վկայություն կարող են լինել ինչպես «Ազգային դպրոց» միջազգային նախագիծը, «Դասարան+դասական» կրթական նախագիծը», Երեւանյան միջազգային թատերական փառատոնը, այնպես էլ մյուս նախաձեռնություններն ու համագործակցային ծրագրերը»։
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՁԵՎԱՉԱՓԸ ԿՓՈՓՈԽՎԻ
Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի ընտրության ձեւաչափը ամբողջությամբ կփոփոխվի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկա մարզական լրագրողներին ներկայացրեց հնարավոր նոր ձեւաչափն ու ընդգծեց` լավագույնների ընտրության վերջնական ձեւաչափը հայտնի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում: Մարզական լրագրողներն ազատ են իրենց կարծիքներն առաջարկելու լավագույններին ընտրելու հարցում:
Նախնական տարբերակներում կլինեն` «Լավագույն մարզիկ», «Լավագույն մարզուհի» (կլինեն 3-ական մարզիկներ), «Լավագույն թիմ», «Լավագույն մարզիչ», «Լավագույն երիտասարդ մարզիկ», «Տարվա վերադարձ», «Հաշմանդամային սպորտի լավագույն մարզիկ», «Հանդիսատեսի համակրանք» (կորոշվի SMS քվեարկությամբ) անվանակարգերը:
Մեծ է հավանականությունը, որը լավագույնների ընտրություններն այսուհետ կլինեն հունվարին:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ամռանը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 21-23-ը կմասնակցի ընկերական մրցաշարի Լոս Անջելեսում: Մրցակից երկրներն են Իռլանդիան եւ Գվատեմալան: Այլ մանրամասները դեռեւս հայտնի չեն: Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի եւ Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան): Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 10 հավաքական՝ ընդգրկված 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը եւ երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:
ՊԱՀԱՆՋԵԼ Է
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Մադրիդի «Ռեալից» պահանջել է տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, նաեւ 120 միլիոն եվրո՝ ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքելու համար. հաղորդում է El Larguero-ն։ Մբապեի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 28 հանդիպման, խփել է 29 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Մբապեի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։