Նոյեմբերի 8-ին կայացած Արամեի համերգի ժամանակ մեծ խնդիրներ եղան. այն սկսվեց 2 ժամ ուշացումով, քանի որ քանդվել էր բեմի հետնամասը: Համերգը սկսեց ներողությամբ, սկզբում մի քիչ լարված, բայց ընթացքում ամեն ինչ հարթվեց: Թե կատարվածի մեջ ով էր մեղավոր, հարցի պատասխանը պարզեցինք Արամեի պրոդյուսեր Արմեն Ամիրյանից. «Կար պայմանագիր կազմակերպչի հետ, որը պետք է ապահովեր բոլոր խնդիրները: Բացարձակապես ոչ պրոֆեսիոնալ աշխատանք, թերացումներ բոլոր առումներով, որի հետեւանքով էլ մենք ունեցանք այդ բոլոր խնդիրները, ինչը շատ ցավալի է: Բայց միեւնույն ժամանակ ես ուզում եմ ասել ե՛ւ ձեր թերթի ընթերցողներին, ե՛ւ երգչի ունկնդիրներին, որ պետք չէ սեւեռվել նման բաների վրա, այլ նկատել այն փաստը, թե ինչ ջերմ համերգ է ունեցել Արամեն այդ օրը: Որպես Արամեի պրոդյուսեր եւ պրոֆեսիոնալ մարդ այս դաշտում` հավատացնում եմ, որ Արամեն փայլուն էր երգում: Պարզապես կազմակերպիչների բացթողումները շատ վատ հետք թողեցին մեր տրամադրության վրա»: Պրոդյուսերի հավաստմամբ` կիսադատարկ դահլիճը նույնպես կազմակերպիչների մեղավորությունն էր, քանի որ Արամեն առաջին անգամը չէ, որ ապացուցում է, թե կարող է համալիր կամ ավելի մեծ դահլիճներ լցնել: «Եթե 8.000 տեղանոց դահլիճում 5.000 հոգի է հավաքվել, դա չի նշանակում, որ պետք է սեւեռվենք այդ հարցի վրա: Շատ ավելի կարեւոր է` գեղարվեստական մասին անդրադառնանք, իսկապես շատ լավ համերգ է ունեցել,-նկատեց պրոդյուսերն ու հավելեց,-վատ գովազդ, քիչ գովազդ, քիչ ծախսեր, այդ շահամոլությունը բերեց դրան, որ մենք ունեցանք այն, ինչ ունեցանք երեկ»:
Այն հարցին, թե պահանջելու են արդյոք փոխհատուցում, պարոն Ամիրյանն ասաց. «Իհարկե, կլինեն պայմանագրով նախատեսված որոշակի քայլեր, հիմա չեմ ուզում բարձրաձայնել դրանց մասին, բայց երբ ժամանակը գա, պետք է խնդրեմ նաեւ ձեր աջակցությունը»: Կազմակերպության անունն էլ պրոդյուսերը հրաժարվեց նշել. «Թերեւս մի փոքր ուշ, եթե պատշաճ ներողություն չխնդրեն եւ պատշաճ ձեւով չփոխհատուցեն: Խնդիրը կապված է ե՛ւ Արամեի հեղինակության, ե՛ւ այսքան տարիների մեր աշխատանքի հետ: Ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ նման ձեւով վարվեն մեզ հետ»:
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ