Երեկ՝ փետրվարի 14-ին` սիրո տոնին՝ Վալենտինի առիթով Հրազդան քաղաքի Դրամատիկական թատրոնում պետք է կայանար Գրիգ Գևորգյանի stand up-ը։ Stand up-ը չկայացավ, ավելի ուշ Գրիգ Գևորգյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ հարցականի տակ դրեց թատրոնի պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը։
Բանն այն է, որ Թատրոնը, որը մեծ ճանաչում և համբավ ունի, այն մեկ տարվա ընթացքում 15 հազար և ավելի հանդիսատես է ընդունում, ունի հստակ խաղացանկ և հրավիրյալ դերասաններ, վաստակավոր արտիստներ։ Հրապարակված տեսանյութում Գրիգը ոչ մի անդրադարձ չարեց, իր թիմի թերություններին և պատասխանատվության ցածր մակարդակին, ովքեր համերգից րոպեներ առաջ են ժամանել թատրոն։
ArmLur.am-ը զրուցել է Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն Մարգարյանի հետ, ով ներկայացրել է, թե ինչն է եղել stand up-ի չկայացման պատճառը․
«Ընդամենը լույսի գույնի հետ կապված է խնդիրը եղել՝ տեխնիկական, մենք կարող էինք ապահովվել դիմային լույսերով, պրոեկտորը միացված էր, մնացած ամեն ինչ կար, կարող էին շարունակել, բայց չցանկացան։ Մենք պայմանավորվել էինք, որ մեկ օր առաջ պետք է գան, փորձեր անեն, բայց չեկան։ Պայմանավորվեցինք Stand up-ի օրը ժամը 11-ին առավոտյան, բայց 11-ին չեկան, եկան ժամը երեքին, իսկ Գրիգը եկավ 18:10: Համերգը պիտի սկսվեր 19:00, բայց 5 պակաս իրենք փորձեր էին անում»։
Ստացվում է, որ սեփական ներկայացմանը լուրջ չվերաբերող դերասանի համար մեկ կարմիր լույսի բացակայությունը խոչընդոտ է դարձել։ Ըստ Գրիգի՝ դահլիճում մութ է եղել և հանդիսատեսը մթության մեջ է նստած եղել, այնինչ նման բան չի եղել, դահլիճի լույսերը միացված են եղել, նրա միկրոֆոնը աշխատել է։ Մի փոքր տեխնիկական խնդրի պատճառով, որը լուրջ բնույթ չի կրել, Գրիգը հրաժարվել է ելույթ ունենալ։ Սակայն ինչպես մեզ հետ զրույցում նշեց թատրոնի տնօրենը և ինչպես ընդունված է արտիստների շրջանում, ոչ մի տեխնիկական խնդիր իրական արտիստի աշխատանքին չի կարող խոչընդոտել։
Տնօրեն Վահագն Մարգարյանի և Գրիգ Գևորգյանի խոսքով՝ համերգը վերջնականապես չեղարկված չէ, այն կայանալու է, սակայն ավելի ուշ, իսկ տոմսերը մնալու են նույնը։
Էմմա Միքայելյան