Պուտինը Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառները խեղաթյուրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահն Արևմուտքին մեղադրել է Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառները խեղաթյուրելու համար: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողություն են սկսել ոչ թե Ռուսաստանի վրա ՆԱՏՕ-ի հնարավոր հարձակումը կանխելու համար, այլ քանի որ Կիևը հրաժարվել է կյանքի կոչել Մինսկի համաձայնությունները:

«Ես այլ բան նկատի ունեի: Ասել եմ, որ մեզ անընդհատ խաբել են, թե ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու դեպի Արևելք: Մեզ անհանգստացնում է այն, որ Ուկրաինային ներքաշում են Դաշինք, դա սպառնում է մեր անվտանգությանը»,- մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։ Պուտինը հավելել է՝ միակ բանը, որի համար ափսոսում են, այն է, որ ավելի շուտ չեն սկսել ակտիվ գործողություններն Ուկրաինայում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի առաջիկա ընտրությանը՝ Ռուսաստանի նախագահը հայտարարել է՝ Մոսկվան պատրաստ է գործակցել ամերիկացիների ընտրած ցանկացած պաշտոնյայի հետ, սակայն, նրա խոսքով, գերադասում են աշխատել Ջո Բայդենի հետ։ «Նա ավելի փորձառու ու կանխատեսելի քաղաքական գործիչ է»,- պարզաբանել է Պուտինը։

Դոնալդ Թրամփն արձագանքել է Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը: «Իրականում, Ռուսաստանի նախագահն ինձ մեծ հաճոյախոսություն է արել: Պուտինը նախընտրում է Բայդենին, քանի որ նրա թույլ վարչակազմի օրոք Ռուսաստանը կստանա Ուկրաինան», – նշել է Թրամփը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախկին նախագահն ընդգծել է, որ «լեզու է գտնում» Պուտինի հետ ու երբ հաղթի, շատ արագ կկարգավորի ռուս-ուկրաինական հակամարտությունը։




Լրահոս