
Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Ելիսեյան պալատում երկկողմ համաձայնագիր կստորագրեն անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմին հղումով։
«Այս համաձայնագիրը բխում է 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Յոթնյակի խմբի կողմից ստանձնած պարտավորություններից», – մեջբերում է գործակալությունը Ելիսեյան պալատի հայտարարությունը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի Telegram ալիքը հայտնում է, որ Զելենսկին փետրվարի 16-ին կայցելի Գերմանիա և Ֆրանսիա՝ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններ վարելու և փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին անձամբ մասնակցելու համար։