Օրերս ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվել է «Մարտունի» բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը: Պատճառը՝ հիվանդների հավելագրումը և շինարարության անորակությունն է:
Երեկ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Հարությունյանը նորից զբաղեցնում է «Մարտունի» ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը:
ArmLur.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ հասկանալու պաշտոնից ազատվելու և ժ/պ-ի պաշտոնը զբաղեցնելու պատճառը.
«Ընտանեկան խնդիրներ ունեմ պետք է գնամ երկրից դուրս»:
Նրա խոսքով՝ ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնում է, որ հետո կարողանա դուրս գալ երկրից: Մանրամասներ չներկայացրեց:
Մեզ հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց.
«Դա իմ որոշումն է, ես այդ որոշումն եմ կայացրել ու դա իրավաչափ է: Մրցույթ կլինի կընտրվի նոր տնօրեն կամ ով կանցնի մրցույթի փուլը կընտրվի»:
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության տնօրեն Անուշ Պողոսյանն այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ի հետ զրույցում ասաց.
«Եթե մարդը մրցույթով անցած, պայմանագիր կնքած, փակ բաժնետիրական ընկերության տնօրեն է, գնում է ասում ՝ ինձ ազատեք աշխատանքից, իրեն ազատում են աշխատանքից, իհարկե բոլորը այդ մարզում գիտեն, որ իրեն հորդորել են իր թերությունների և այլնի համար դիմում գրել: Դրանից մի քանի ժամ հետո նորից նույն մարդուն նշանակում են ժամանակավոր պաշտոնակատար, եթե այս ամեն ինչը դնենք մաքուր փաստաթղթի վրա, ուրեմն կներեք, բայց Անդրանիկ Հարությունյանի մոտ ուղեղի խնդիր կա»:
Նրա տեղեկությունների համաձայն՝ երեկ փակ հանդիպում է եղել մարզպետի և աշխատակիցների հետ և նա հորդորել է կարգավորել Անդրանիկ Հարությունյանի հետ կապված հարցերը և նաև հորդորել է դիմում գրել հիվանդանոցի փոխտնօրենին, վերջինս հրաժարվել է:
Էմմա Մարտիրոսյան