ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանում, Առաքելական եկեղեցուց բացի, գործում են Ավետարանական եւ Ավետարանչական եկեղեցիներ: Առաքելական եկեղեցին համարվում է մեր ժողովրդի եկեղեցին եւ մեզ քարոզում է Աստծո խոսքը, իսկ ի՞նչ են անում Ավետարանչական եւ Ավետարանական եկեղեցիները: Ի՞նչ հարաբերություններ կան Ավետարանչական, Ավետարանական եւ մեր Առաքելական եկեղեցիների միջեւ:

Լիպարիտ Շահնազարյան, 75 տարեկան,
աշխատանքի վետերան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավետարանական եկեղեցիները միշտ գնահատել են Հայ առաքելական եկեղեցու ավանդը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում: Ես միշտ հարգանքով եմ վերաբերվում Առաքելական եկեղեցուն` որպես հայոց պատմական եկեղեցի: Եւ մենք միշտ բաց ենք եղել, որպեսզի որոշակի հարաբերություններ, երկխոսություն, անգամ համագործակցություն լինի Ավետարանական եկեղեցիների եւ Հայաստանյաց առաքելական եկեղեցու միջեւ: Որպես այդպիսին` պաշտոնական հարաբերություններ չկան, բայց մեր դիրքորոշումը հետեւյալն է. հարգանքով վերաբերվելով  Առաքելական եկեղեցու ե՛ւ առաքելությանը, ե՛ւ նրա պատzմական դերին` մենք բաց ենք եղել, որպեսզի որոշակի երկխոսություն, հարաբերություն լինի եւ անգամ Ավետարանական եկեղեցիների կողմից ժամանակին առաջարկ էր արվել, որպեսզի Հայաստանում միջեկեղեցական  հարաբերությունները նորմալանան, որոշակի հանդուրժողական դաշտ ձեւավորվի երկխոսության համար: Մենք առաջարկ էինք արել, որպեսզի ձեւավորվի Եկեղեցիների ազգային խորհուրդ, որտեղ ներգրավված կլինեին քրիստոնեական հավատքի եւ վարդապետության հիմնադրույթներն ընդունող հայ եկեղեցիները: Այդ առաջարկը, իհարկե, դեռեւս մեր կողմից ուժի մեջ է, մենք դա արել ենք, բայց չենք կարող ասել, որ այդպիսի կառույց ձեւավորելու ռեալ քայլեր կան: Բայց մենք, համենայնդեպս, կարծում ենք, որ ընդհանրապես միջեկեղեցական հարաբերությունների եւ Հայաստանում կրոնական մթնոլորտի առողջացման համար շատ կարեւոր կլիներ միջեկեղեցական հարաբերությունների եւ երկխոսության խթանումը:

«Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու
մամլո քարտուղար Արմեն Լուսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ հակառակ խոստմանը, թե երկու եկեղեցիների երկխոսության համար հնարավորն է արվում, տարիների ընթացքում գործնական տեղաշարժ այդպես էլ չի արձանագրվել: Բացի այդ, կրոնական մթնոլորտի առողջացման լավագույն միջոցը ոչ թե համագործակցելն ու խոստումներն են, այլ տարատեսակ  հոգեւոր  կառույցների լուծարումը:




Լրահոս