«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Էկոնոմիկայի նախարարության առանցքային պաշտոնյան դեռ ստվերում է։ Մինչ Էկոնոմիկայի նախարարությունում մոլեգնում են ձերբակալությունները, Կարեն Սարգսյանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարը, որն ի պաշտոնե ստորագրել կամ մակագրել է նախարարության գրեթե բոլոր փաստաթղթերը, իր «հանգիստն» է անցկացնում ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնում։ Հատկանշական է, որ Սարգսյանը դեռ հեռավոր 2000-ականներին եղել է Գնումների գործակալության ղեկավարներից, ասել է թե՝ տիրապետում է ոլորտի «նուրբ արվեստին»։ Նա 2001-2006 թվականներին եղել է ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության աշխատանքների եւ ծառայությունների ձեռք բերման բաժնի պետ։ 2006-2011 թվականներին ՀՀ ԿԱ պետական գնումների գործակալության ներքին հսկողության բաժնի պետ է եղել։
Հատկանշական է, որ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը հայտնի ձերբակալություններից օրեր առաջ անակնկալ ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։ Հավելենք նաեւ, որ նույն նախարարության շուրջ պայթած սկանդալից առաջ էլ Անի Իսպիրյանն էր ազատվել աշխատանքից, ինչին հաջորդեց նրա ձերբակալությունը։»։