Շիրակի մարզպետն այցելել է ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր այցելել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Գյումրու բաժին։

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, Գյումրու բաժնի պետ, գնդապետ Մանվել Խաչատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է կառույցում, ծանոթացել բաժնի աշխատանքների ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ։

Կարևորելով ծառայության արդյունավետությունը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ առանձնակի գոհունակության առիթ է տվել 2023 թվականին Գյումրու բաժնի լավագույնը ճանաչվելու հանգամանքը․

«Շատ ուրախ եմ, որ ռազմական ոստիկանության Գյումրու բաժինը 2023-ին ճանաչվել է լավագույնը հանրապետությունում, ինչը խոսում է աշխատանքի որակի, պատասխանատվության և նվիրումի մասին, սա վկայում է այն մասին, որ մեր բաժնի աշխատակիցները ջանք ու եռանդ չեն խնայել ինչպես հետաքննական աշխատանքներ իրականացնելիս, այնպես էլ խախտումների կանխարգելման ուղղությամբ։ Այս ամենը հնարավոր է թիմային աշխատանքով ու հոգացավությամբ միայն»,- նշել է մարզպետը։

Ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին գնահատականի և այցելության համար՝ նշելով, որ այն պարտավորեցնող է։

Մուշեղ Մուրադյանը՝ ծառայության ընթացքում պարտականությունները պատշաճ կատարելու, նվիրված և անբասիր աշխատանքի համար պատվոգրով է պարգևատրել ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետ Մանվել Խաչատրյանին և ծառայության ընթացքում բարձր կարգապահությամբ աչքի ընկած աշխատակիցների։




Լրահոս