Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացի զինվորների դիրքեր այցելել Թրամփի հետ միասին, որպեսզի նրան ճշմարտությունը ցույց տա։ Այս մասին Ուկրաինայի նախագահը պատմել է փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, տեղեկացրել է «24 Канал»-ը։
«Եթե մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես ավարտենք պատերազմը, մենք պետք է ցուցադրենք նրանց, ովքեր որոշումներ են կայացնում, թե ինչպիսին է իսկական պատերազմը։ Ոչ թե պատերազմն Instagram-ում, այլ իսկական պատերազմը»,- նշել է նա։
Զելենսկին նաեւ ավելացրել է, որ Ուկրաինան պատրաստ է դրան, որովհետեւ երկու կուսակցությունների բոլոր թեկնածուները եւ ներկայացուցիչները պետք է իմանան, թե ինչ է կատարվում Ուկրաինայում։
Մինչ այդ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակի դեպքում կօգնի արագ ավարտել պատերազմն Ուկրաինայում։ Ելույթ ունենալով Այովայի նահանգում՝ նա ասել էր, որ կարող է պայմանավորվել Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ իրենք լավ հարաբերություններ ունեն։