Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս ԽՍՀՄ կողմից։
Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին՝ Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925 թվականին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։ 1938 թվականին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։ 1941-1942 թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944), արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։ 1956 թվականի նոյեմբերին, ղեկավարել է Հունգարիա ներխուժած խորհրդային բանակի 38-րդ տանկային դիվիզիան՝ որը ներխուժել էր Բուդապեշտ Հունգարական հակակոմունիստական հեղափոխությունը ճնշելու նպատակով։ Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975 թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։
Նրա պատվին անվանվել է փողոց մայրաքաղաք Երևանի Ավան վարչական շրջանում։ 2016 թվականի մայիսի 23-ին, տեղադրվել է Մարշալ Բաբաջանյանի արձանը համանուն փողոցի կից գտնվող այգու տարածքում[4]։
Զինվորական կոչումներ
մայոր (11.12.1939)
փոխգնդապետ (1941)
գնդապետ (22.05.1943)
տանկային զորքերի գեներալ-մայոր (11.07.1945)
տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ (3.08.1953)
գեներալ-գնդապետ (28.12.1956)
զրահատանկային զորքերի մարշալ (28.10.1967)
զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ (29.04.1975)
Պարգևներ
Խորհրդային Միության հերոս (26.04.1944)
Լենինի չորս շքանշաններ (26.04.1944, 15.11.1950, 17.02.1966, 15.09.1976)
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (4.05.1972)
Կարմիր դրոշի չորս շքանշաններ (17.02.1942, 13.06.1943, 6.11.1945, 30.12.1956)
Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան (29.05.1945)
Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (18.12.1956)
Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշան (6.04.1945)
Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (3.01.1944)
Կարմիր աստղի երկու շքանշաններ (24.06.1943, 3.11.1944)
«ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայության համար» 3-րդ աստիճանի շքանշան (1975)
Մեդալներ
Ուշագրավ փաստեր
Համազասպ Բաբաջանյանին անվանում էին «Ծիտիկ», «Լեռնային արծիվ», «Երկաթե սև գեներալ» և «Սև վագր»։
ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանը գրեթե բոլոր խնջույքներին առաջինը Բաբաջանյանի կենացն էր խմում։
Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայել է իբրև բանակի շտաբի պետ, այնուհետև`հրամանատար[5]։
Բաբաջանյանին է պատկանում հետևյալ խոսքը. «Թո՛ւյլ տվեք, և ես կվերադարձնեմ Արևմտյան Հայաստանը»։
1970 թվականին նկարահանվել է «Հանդիպում մարշալի հետ» վավերագրական կինոնկարը նրա` Երևան կատարած այցի մասին։