ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի աջակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
Վարչապետը նշել է, որ կարևոր հարց կար սեղանին դրված․ հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում ձեռք բերված պայմանավորվածություններին։
«Կարևոր մի հարց կար սեղանին դրված, որը հետևյալն էր, թե արդյոք կողմերը վերահաստատո՞ւմ են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հիմնական արձանագրումն այն է, որ կողմերը հավատարիմ են մնում այդ պայմանավորվածություններին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում տեղի կունենա արտգործնախարարների հանդիպում, որից հետո տեղի կունենա սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի հանդիպում:
Արտաքին գործերի նախարարների հանդիպումը ակնհայտորեն պետք է վերաբերի խաղաղության պայմանագրի տեքստի հետագա քննարկմանը և համաձայնեցմանը: Խաղաղության պայմանագրի մի շարք հոդվածներ համաձայնեցված են, բայց մի շարք հոդվածներ, որոնք ունեն սկզբունքային նշանակություն, դեռևս համաձայնեցված չեն, և այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացվեն: Պայմանավորվել ենք այս աշխատանքներն իրականացնել»,- ասել է ՀՀ վարչապետը: