ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Արամի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռևս քննությամբ չպարզված օրը, ինքնությունը չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող ակոսափող ինքնաձիգ՝ իր փամփշտատուփով, գործարանային արտադրության, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ և ապօրինի կերպով փոխադրել ու կրել է իր վրա, որի գործադրմամբ, հորեղբորը՝ Արշակ Առաքելյանին պաշտպանելու նպատակով, 2023 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 16:10-ի սահմաններում գտնվելով Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 116 հասցեում գործող սգո սրահից դեպի Դիլիջան քաղաքի ուղղությամբ 42 մետր հեռավորության վրա՝ բազմաթիվ կրակոցներ է արձակել հրազենների գործադրմամբ Արշակ Առաքելյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինի կյանքից զրկելու փորձ կատարած Ալիկ Հովսեփյանի և Նարեկ Հովհաննիսյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հիշյալ ինքնաձիգից արձակված մեկ կրակոցի հետևանքով գնդակն անդրադարձի ենթարկվելով դիպել է Արթուր Ալիխանյանի ձախ ազդրին՝ վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս:
shamshyan.com-ը գրել էր, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին տարբեր տեսակի հրազեններից կրակված 9 պարկուճ ու մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ ոտքի մասում հրազենային վնասվածքներով մի քաղաքացի է բերվել իրենց մոտ: Հիվանդանոց մեկնած ոստկանության Բազումի բաժնի օպերատիվ խմբին բժիշկները հայտնել են, որ վիրավորը վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու: Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը, և արդյոք այլ տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում օգտագործվել է «Տետե», «Մակարով» տեսակի ատրճանակներ և ինքնաձիգ:
Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Ալիկ Հ.-ն, լարված, անբարյացկամ փոխհարաբերությունների մեջ է գտնվել Եղեգնուտ գյուղի բնակիչ Արշակ Առ.-ի հետ՝ ավտոմեքենան վերջինիս եղբորորդու՝ Արթուր Առ.-ի վարած ավտոմեքենայի ուղղությամբ վարելու, իրեն ու ընկերոջը՝ Նարեկ Հ.-ին, հայհոյելու, ինչպես նաև՝ անձնական այլ հարցի պատճառով:
Գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան:
Քնար Մանուկյան