Հայաստանում սահմանված նորմը գերազանցող մգեցված ապակիների համար տուգանք կիրառելու որոշումն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից։
ArmLur.am-ը վարորդներից ահազանգ է ստանում, որ դեռ քաղաքացիներ կան, որոնք մեքենա են վարում ապակիների՝ ոչ թույլատրելի լուսաթափանցելիությամբ։ Հետևելով ահազանգին՝ շրջեցինք Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում, արձանագրեցինք, որ վարորդների ոչ մեծ մասը, մի քանիսը մեքենան վարում են մգեցված ապակիներով։ Շատերը տուգանքից խուսափելու համար ցուրտ եղանակին դիմային ապակիները իջեցրած են մեքենա վարում։
ArmLur.am-ը ֆիքսեց նաև, որ այդ մեքենաների շարքում են դեսպանատան կարմիր համարանիշներով ծառայողական մեքենաները։ Տեղեկացանք նաև, որ Հայաստանում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պատկանող մեքենաները հնարավոր է վարել մգեցված ապակիներով։
Տրանսպորտային միջոցների ապակիների լույսի թափանցելիության թույլատրելի աստիճանը սահմանվում է «Անիվային տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով։
«Համաձայն նշված փաստաթղթի ենթակետերից մեկի՝ տեխնիկական կանոնակարգը չի տարածվում դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, միջազգային (միջպետական) կազմակերպությունների վրա (որոնք օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից՝ միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված սկզբունքներին և նորմերին համապատասխան). ինչ վերաբերում է նշված ներկայացուցչությունների (կազմակերպությունների) աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող տրանսպորտային միջոցներին։
Հավելենք նաև, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ուղեկցող մեքենաները նման արտոնություն չունեն։
Օրենքի ընդունման և տուգանքների սահմանման ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշում էր, որ մգեցված ապակիներով մեքենա վարելը հանրապետության օրենսդրությամբ շատ ավելի վաղ արգելված էր, սակայն տուգանքներ չէին կիրառվում, քանի որ ոստիկանությունը հագեցած չէր մթության աստիճանը չափող սարքերով (տաումետրերով):
Ստացվում է, որ այժմ էլ ՆԳՆ պարեկային ծառայության ուժեղացված ստուգումներին զուգահեռ, կան արտոնյալ պաշտոնյաներ և քաղաքացիներ, որոնց հաջողվել է խուսափել տուգանքներից։
Հավելենք նաև, որ ապակու լույսի թափանցելիության թույլատրելի աստիճանի համար հիմք է հանդիսացել ԵԱՏՄ ներկայիս ստանդարտը, այն է՝ տրանսպորտային միջոցների դիմապակու լույսի թափանցելիությունը պետք է լինի առնվազն 75%, առջևի ապակիները՝ առնվազն 70%։
Մանրամասները՝ տեսանյութում:
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան