Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում «Զրպարտությունը և վիրավորանքը լրատվամիջոցների հրապարակումներում. օրենսդրական կարգավորումներ, միջազգային նորմեր և հայաստանյան պրակտիկա» թեմայով դասընթացին վերապատրաստում է անցել Հայաստանի տարբեր լրատվամիջոցների 21 լրագրող: Դասընթացավարն էր միջազգային իրավունքի մասնագետ, Տեղեկատվական վեճերի խորհրդի և ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանը։
Փետրվարի 16-18-ն անցկացված դասընթացը կազմակերպել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ՝ Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից և իրականացվում է Ինտերնյուսի և նրա գործընկերների կողմից:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Անդրանիկ Մանուկյանը և Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը ողջունել են մասնակիցներին և շեշտել թեմայի կարևորությունն ու արդիականությունը:
Դասընթացի թեմայի ընտրությունը պայմանավորված էր վերջին տարիներին լրագրողների և ԶԼՄ-ների դեմ ներկայացված դատական հայցերի մեծ թվով, որոնց ուսումնասիրությունը բացահայտել է այս ոլորտում զգալի մարտահրավերներ և խնդիրներ: Վերջին երկու տարում լրատվամիջոցների և լրագրողների դեմ 71 հայց է ներկայացվել, որոնցից 66-ը՝ զրպարտության և վիրավորանքի հատկանիշներով։ Այս գործերի դատաքննությունները հաճախ ձգվում են տարիներ և ուղեկցվում լրատվամիջոցներին ուղղված մեծ դրամական պահանջներով, ինչն էլ լրացուցիչ ֆինանսական ճնշում է:
Դասընթացը նպատակ ուներ բարելավել լրագրողների իրավական գիտելիքները օրենսդրական կարգավորումների, միջազգային նորմերի և հայաստանյան դատական պրակտիկայի վերաբերյալ՝ մարտահրավերներին ավելի պատրաստված լինելու համար: Դասընթացավարը ներկայացրել է օրենսդրական նորմերի մատչելի մեկնաբանություններ, իրականացրել ինտերակտիվ խաղեր, գործնական հարցերի վերլուծություն և քննարկումներ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։
Այն նպատակ ունի ամրապնդել Հայաստանում տեղեկատվական դաշտը՝ բարելավելով լրագրողական չափանիշները և բովանդակության որակը, խթանելով հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը, ստեղծելով անկախ տեղեկատվական հոսքի համար նպաստավոր միջավայր: