Ահազանգ. բանկերը հրաժարվում են ետ վերադարձնել բռնի տեղահանվածների գրավադրված ոսկին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. դեկտեմբերի 28-ին Կառավարության որոշման համաձայն՝ բռնի տեղահանված արցախցիների վարկերի 70 տոկոսը պիտի մարվի Կառավարության կողմից, իսկ 30 տոկոսը՝ տվյալ բանկի կողմից, որից հետո քաղաքացին կստանար գրավադրված ոսկիները: Սակայն, մարելով վարկերը, բանկերը հրաժարվում են ետ վերադարձնել քաղաքացու սեփականությունը:

«2023թ. դեկտեմբերի 28-ին Կառավարությունը որոշում էր ընդունել, որով պիտի մարվեր բռնի տեղահանված արցախցիների բանկերում ունեցած պարտավորությունները: Քաղաքացիները պարբերաբար հաղորդագրություն են ստացել, որոնց բովանդակությանն անգամ ծանոթ չեն եղել: Այնուհետև առավել մանրամասնորեն ծանոթանալով որոշմանը՝ քաղաքացիների մոտ հարցեր են առաջացել, ինչն էլ պատճառ է դարձել քաղաքացու և տվյալ ֆինանսական ընկերության միջև տարաձայնության: Այսինքն՝ Կառավարությունը և բանկը իրար հետ մարելու են 300, 400 կամ 500 հազար դրամի մնացորդը, բայց արդյունքում քաղաքացին կորցնելու է իր 2 միլիոնի գրավադրված ոսկին»,- նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Մեր զրուցակցի հաղորդմամբ՝ խնդրի լուծման համար պատգամավորները դիմել են Արցախի պատկան մարմիններին:

«Այս հարցով դիմել ենք Արցախի պետնախարարին, Արտաքին գործերի նախարարին, Արցախի նախագահին: Քաղաքացիներին առաջարկել եմ դիմեն լրատվամիջոցներին՝ խնդիրը բարձրաձայնելու համար, սակայն կաշկանդվում են և դեռ սպասում են, որ փոփոխություններ կլինեն»,- նշել է պատգամավոր Դավիթ Գալստյանը:

Նանիկ Աղասյան




Լրահոս