Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են մրցելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը երկամարտի 396 կգ արդյունքով (180+216) արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 394 կգ արդյունքով (182 + 212):
Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահելով 182 կգ կշռող ծանրաձողը՝ դարձել է փոքր ոսկե մեդալակիր, իսկ Սամվել Գասպարյանը 180 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում Գասպարյանը նվաճել է փոքր արծաթե մեդալը, իսկ Կարապետյանը գրավել է 5-րդ տեղը:
Հիշեցնենք՝ նախօրեին 96 կգ քաշայինների պայքարում պատվո հարթակի առաջին երկու աստիճանները զբաղեցրել էին հայ ծանրորդները: Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով (166+209) կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցել է 374 կգ արդյունք (169+205) և դարձել արծաթե մեդալակիր:
Նշենք՝ պոկում վարժության արդյունքներով Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալ էր նվաճել՝ գլխավերևում պահելով 169 կգ կշռող ծանրաձողը, իսկ Մկրտչյանը 166 կգ արդյունքով դարձել էր փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժության արդյունքներով Մկրտչյանը նվաճել էր նաև փոքր ոսկե (209 կգ), իսկ Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալը (205 կգ):