ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում, որտեղ առաջին անգամ անցկացվելու է վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով «Ապագայի խաղեր» մրցաշարը:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ մրցաշարի մեկնարկից առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Պովոլժիեի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ակադեմիայի ֆիջիթալ սպորտի նորաբաց կենտրոն, ծանոթացել ենթակառուցվածքներին, ինչպես նաև հետևել «Ֆիջիթալ-հոկեյի» մրցմանը:
Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը հանդիպում է ունեցել նաև Թաթարստանի սպորտի նախարար Վլադիմիր Լեոնովի հետ, քննարկել երկկողմ համագործակցության հեռանկարներն ու առաջին անգամ անցկացվող մրցաշարի մանրամասները:
«Ապագայի խաղեր» մրցաշարում Հայաստանը մասնակիցներ կունենա MMA-ի և ֆուտբոլի մրցումներում: Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հանդես կգա «Դիջիթալ-ֆուտբոլ», իսկ խառը մենամարտերի ներկայացուցիչը՝ «Ֆիջիթալ-մարտարվեստ» մրցաձևում:
Ֆիջիթալ սպորտը ձգտում է պահպանել իրական սպորտային խաղերի արդիականությունը՝ համատեղելով վիրտուալն ու իրականը: Մրցաշարն անցկացվելու է նախ առցանց, ապա՝ իրական դաշտում։
«Ապագայի խաղերը» լայնածավալ մրցաշար է, որը կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ Այն կանցկացվի 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 3-ը և կներկայացնի 21 հիբրիդային դիսցիպլիններ։ «Ապագայի խաղերին» կմասնակցի 2000 մարզիկ՝ ավելի քան 100 երկրից։