
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ կառույցի 27 անդամից 26-ը համաձայնել են Ռաֆահի վրա Իսրայելի ցանկացած հարձակման դեմ նախազգուշացնող հայտարարության շուրջ:
Նրանք նաև կոչ են արել անհապաղ մարդասիրական դադար հաստատել, որը կնպաստի կայուն հրադադարի, պատանդների անվերապահ ազատման և մարդասիրական օգնության տրամադրման: Բորելը, սակայն, չի նշել, թե որ երկիրն է անհամաձայնություն հայտնել հայտարարության տեքստին:
Բորելի խոսքով՝ ԵՄ ԱԳ նախարարները քննարկել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների տասներեքերորդ փաթեթը։ Դիվանագետը հույս է հայտնել, որ այն կհաստատվի մինչև փետրվարի 24-ը։
«Մենք շարունակում ենք քննարկումները Եվրամիությունում սառեցված ռուսական ակտիվների ներդրման արդյունքում ստացված եկամուտների օգտագործման հարցի շուրջ։ Մեր նպատակն է դրանք օգտագործել Ուկրաինայի վերականգնմանը նպաստելու համար: Այս հարցին դեռ լիարժեք համաձայնություն չկա»,- նշել է Բորելը: