2022 թվականին, Ազգային ակադեմիայի գնահատականով, Սեւանում եղել է 4700 տոննա Սիգ, 2023-ին՝ 3900 տոննա։
Փաստը մնում է փաստ, որ Շրջակա միջավայրի նախարարության նախարար Հակոբ Սիմիդյանը այդպես էլ չկարողացավ կատարել իրեն հանձնարարվածը եւ չվերահսկեց ապօրինի ձկնագողությունը։
Վարչապետ Փաշինյանը երեկ Կառավարության նիստում Սիմիդյանի վրա բարկացավ, ակնարկեց, որ նրան հանձնարարված աշխատանքները մնում են անկատար։
Սիմիդյանը, ի պատասխան, նշեց. «Մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 1-ը ձկնորսները կարող են դիմել շուրջ 257 տոննա քվոտայի շրջանակներում օրինական որս իրականացնելու համար»։ Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2020-21 թթ. քվոտան եղել է 300 տոննայի շրջանակներում, 2022-23 թվականին եղել է 600 տոննայի շրջանակներում։
Փաշինյանը, այս տվյալներն ավելի բացելով, նշեց. «600 տոննա քվոտայի դիմաց մենք իրացրել ենք 566.1 տոննա ձուկ: Այսինքն՝ մենք բոլորս գիտենք, որ կրկնակի ավել որս է արվում, բայց նույնիսկ այս քվոտան, որի դիմաց պետք է վճարում ապահովվեր, մենք գոնե սիգի այդ 600 տոննայի վճարը չենք կարողացել ապահովել։ Սա անընդունելի բան է, բայց ավելի մեծ խնդիր է այն, որ 2023-ին այդ ցուցանիշն ավելի է նվազել, դարձել է 390 տոննա»։
Այսինքն՝ ստացվում է, որ ամեն տարի ավելացվում է Սեւան բաց թողնվող Սիգի եւ Իշխանի քանակը, սակայն տարեվերջին Սեւանում Սիգի, Իշխանի քանակը ձկնագողերի շնորհիվ կրկնակի պակասում է։
2024 թվականին «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը դրամաշնորհային մրցութով Շրջակա միջավայրի նախարարությունից ստացել է 495 մլն 700 հազար դրամ։
Պայմանագրով նախատեսված է հատկացված գումարը ծախսել ձկների կերի, հատուկ մասնագիտական ծառայությունների, անհրաժեշտ նյութերի ձեռք բերման եւ այլ անհրաժեշտ ծառայությունների համար։
Նախատեսված է 3-ից 5 գրամ եւ 5-ից 20 գրամ քաշով Իշխան գեղարքունի տեսակի մանրաձուկ բաց թողնել Սեւան։
Նույն դրամաշնորհի արժեքը 2023 թվականին կազմել է 495 մլն 691 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 300 մլն դրամ։
Արդյունքում ստացվեց այնպես, որ, ըստ տվյալների, տարեցտարի ձկնաբուծության համար պետության կողմից տրամադրվող դրամաշնորհների քանակը կայունանում է, սակայն ավելանում է ձկնորսության եւ ձկնագողության մակարդակը։ Հենց այս պատճառով էլ Փաշինյանը դժգոհ է նախարար Սիմիդյանի աշխատանքից։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակոբ Սիմիդյանը հեռացվող նախարարների շարքին է դասվում, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրա աշխատանքից էլ է դժգոհ, ինչպես Վահան Քերոբյանի դեպում։ Այս անգամ Փաշինյանը ոչ թե հեռացնելու նպատակով է հոխորտում նախարարների վրա, այլ անում է այնպես, որ նրանք ինքնակամ հրաժարական ներկայացնեն։
Փաշինյանը Սիմիդյանի հարցով կտրուկ քայլեր չի ձեռնարկում, քանի որ չի կարողանում գտնել որեւէ մեկին, ով կցանկանա աշխատել իր հետ եւ իր ղեկավարած կառավարությունում։
Ստացվում է, որ Փաշինյանի թիմը քիչ-քիչ մաշվում է, եւ պակասում են հավատարիմների շարքերը։
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած հայտարարությունների համար: ArmLur.am-ը գրել էր, որ դեռ երեկ Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե: Բանն այն է, որ դեռ 2021թ.-ի փետրվարի 8-ին՝ «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կինը երազել են հանձնել հողերը, վերջիններս այդ մասին 2008թ. գրել են, հավաքագրվել են դրա ներքո, գործարքն անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Այս հայտարարությունների առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում Զարուհի Փոստանջյանը հրավիրվել էր հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու եւ բացատրություններ տալու: Դատարանը վճիռ էր կայացրել՝ պահանջելով Փոստանջյանից հերքմամբ հանդես գալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Զարուհի Փոստանջյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 507-րդ հոդվածով, այն է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը: Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չհեռանալը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարել իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ դատարանն այնպիսի պահանջ է ներկայացրել, որ կատարելն անհնար է. «Դատարանը պահանջել է 5000 տպաքանակ ունեցող մամուլում հերքմամբ հանդես գալ, բայց Հայաստանում այդքան տպաքանակ ունեցող թերթ չկա. ես հետաքրքրվել եմ, ինչպե՞ս կատարեմ այս պահանջը»: Ստացվում է՝ ՔՊ-ին չհաջողվեց ավագանու ընդդիմադիր անդամին մանդատից զրկել, հիմա փորձում են նրա նկատմամբ իրավական գործընթացներ սկսել: Ուշագրավ է նաեւ, որ իրավապահ համակարգը հերթական անգամ կողմնակալ մոտեցում է ցուցաբերում.օրինակ, երբ ՔՊ-ական Լենա Նազարյանն է հրաժարվում կատարել դատարանի վճիռը ու ներողություն խնդրել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանից նրան վիրավորելու համար, իշխանական պատգամավորը չի պատժվում դատարանի վճիռն արհամարհելու համար, մինչդեռ ընդդիմադիրների դեպքում իրավապահներն անմիջապես պատժամիջոցներ են կիրառում: Կարող ենք արձանագրել նաեւ, որ հերթական անգամ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ:
Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտվել էր ուշադրության կենտրոնում։ 2021 թվականին ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում կատարված ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ 2019թ. դեկտեմբերի 16-ին նախարարության կողմից «դաբաղ» տեսակի պատվաստանյութի ձեռք բերման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Սկիֆ Ագրոս» ՍՊԸ (ՌԴ) հետ 28.02.2020թ.-ին կնքվել է պայմանագիր, որի արդյունքում գնման հայտով սահմանված 226.227.500 դրամից բացի, որպես ավելացված արժեքի հարկ, պետական բյուջե պետք է վճարվեր հավելյալ 44 մլն 474 հազար դրամ: Ըստ ստացված նյութերի՝ մատակարար կազմակերպության կողմից պատվաստանյութը սահմանված ժամկետներում չմատակարարելու պայմաններում նախարարության պաշտոնատար անձինք սահմանված կարգով չեն երկարացրել բանկային երաշխիքի ժամկետները, ինչպես նաեւ չեն կիրառել պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները, այլ պարզապես միակողմանի խզել են պայմանագիրը, որի հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 445 հազար դրամի վնաս: Էկոնոմիկայի նախարարությունը այս իրադարձություններից հետո դասեր է քաղել եւ պատվաստանյութը 2023 թվականին գնել է էլեկտրոնային աճուրդով «Ինովատոր» ՍՊԸ-ից։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 187 մլն 972 հազար դրամ՝ ԱԱՀ-ն ներառյալ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է արել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստը 3 ժամից ավել է տեւել: Քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր, արտաքին քաղաքական հարցերը մղվել են երկրորդ պլան իշխանականների կողմից: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետք է մեծ թափով շարունակել մարզային ակտիվի ու տարածքային կառույցների հետ աշխատանքը, նաեւ իր թիմակիցներին հանձնարարել է ամեն ինչ անել, որ կուսակցությանն անդամակցողների թիվը շատանա: Իշխանականները նաեւ որոշել են մեդիադաշտում ակտիվանալ, հենց սրանով էլ պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները վերջին օրերին մեկը մյուսի հետեւից «տիկտոկյան» էջեր են բացել ու հոլովակներ են տեղադրում: Լրատվամիջոցների հետ նրանց աշխատանքը տապալված է, դրա համար հույսները սոցցանցերն են։