«ԵՐԵՎԻ ԻՄ ԽԱՉԸ ԾԱՆՐ Է». Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից: Ալեն Սիմոնյանն այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։

 

ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է ունեցել վիրավորանք կամ զրպարտություն, միեւնույն ժամանակ խուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց։ «Խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելու մասին չէ, բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը չի փոխհատուցվում»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր կան նաեւ իր կողմից ներկայացված հայցերի դեպքում, երբ դատարանը փոխհատուցման նվազագույն շեմն է սահմանում: Նա ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԱԺ նախագահին առնչվող գործերի հետ կապված գնահատականներից զերծ կմնա, որ դա որեւէ կերպ չընկալվի որպես ԲԴԽ-ից ճնշում դատավորների վրա: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, երեւի իմ խաչը ծանր է։ Հայաստանում գրեթե թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ, բայց հասկանում եմ, որ Դուք չեք կարող պատասխանել Ձեր իսկ կողմից նշված պատճառով»:

Այնուամենայնիվ, Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն արեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում՝ այդ հայեցողության շրջանակն իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը: Ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Կարելի է այդ ներքին շեմի որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատարանին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»:

Ըստ ԲԴԽ նախագահի՝ դա կարող է անել նաեւ Վճռաբեկ դատարանը: Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքը, ԲԴԽ-ն պատրաստ են հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու այդ հարցեր: Նա նկատեց՝ ԱԺ դահլիճում անընդհատ հնչում են հարցեր, դժգոհություններ, մտահոգություններ՝ կապված  դատական համակարգի հետ:

«Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ նաեւ մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից»,-արձագանքեց  Ալեն Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կրկնեց Արդարադատության նախարարի այն միտքը, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա նաեւ հնարավորություն քննարկման դնել այդ գործողությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն: «Դատավորները նույնպես պետք է իմանան, որ իրենց որեւիցե որոշում՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, չի անտեսվելու, մեր քաղաքացիներն այդ որոշումների հետեւից գնալու են»,-նշեց Սիմոնյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

«ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ» ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ

Հաագայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին կլոր-սեղան քննարկման է մասնակցել Նիդերլանդների Թագավորության հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկում՝ «Կլինգենդայլ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ եւ լրագրող-վերլուծաբաններ։

 

Քննարկման ընթացքում նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի առանձնահատկությունները։ Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ընթացքին. նախարար Միրզոյանը նշել է մի կողմից՝ նախագծի համաձայնեցման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացված քայլերն ու առաջարկները, մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ գործընթացը ձգձգելու եւ առավելապաշտական նկրտումները:

«Նախարար Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման եւ Ալմա-Աթայի հռչակագրի ու ԽՍՀՄ ԳՇ ամենաթարմ լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի համար առավելագույն որոշակիության ապահովման անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տրանսպորտային ու տնտեսական կապուղիների ապաշրջափակման համատեքստում ՀՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է «միջանցքային» որեւէ տրամաբանության անընդունելիությունը ՀՀ համար եւ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունն ապահովել անհրաժեշտ դյուրացված մեխանիզմներ, որոնք կգործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, այն է՝ Հյուսիսը Հարավի եւ Արեւելքը Արեւմուտքի հետ կապող արդյունավետ ուղիների ու պայմանների ստեղծմանը՝ նաեւ որպես Հարավային Կովկասում կայունության ապահովման յուրովի երաշխիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նախարար Միրզոյանը նաեւ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերի: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը՝ նախարարը նշել է, որ եվրոպական ինտեգրացիոն կառույցի հետ ՀՀ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ ժողովրդավարական սկզբունքների վրա, ներառում են ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը, ինչպես նաեւ համագործակցության նոր ուղղությունների զարգացումը:

Նշվում է, որ նախարար Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետեւանքով իրենց հայրենիքից բռնի տեղահանված հայ բնակչության կարիքների եւ իրավունքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին:

Ս.  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ՝ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար հեռացված նախագահ, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնում է. «Սույն թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել եմ «Երեւանը եւ կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը հրավիրված են պետական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, Երեւանի ավագանու անդամներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ,

հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամներ…

Հետաքրքրված անձինք, որոնք կցանկանան ներկա գտնվել եւ ունեն փաստարկված ասելիք քաղաքային ոլորտում կոռուպցիայի վերաբերյալ, կարող են մասնակցել քննարկմանը՝ մինչեւ փետրվարի 9-ը զանգահարելով 00374 96 506556 հեռախոսահամարով»:

 

 

 

ՎՃԱՐՈՂԸ՝ ՀԵՐՈՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է:

Նրա վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում եւ գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:

Նրա վճարած հարկերի շնորհիվ են աշխատավարձ ստանում բոլոր ուսուցիչները, բոլոր զինվորները, սպաները, գեներալները, բոլոր դիվանագետները:

Նրա վճարած հարկերի շնորհիվ են պահպանվում եւ վերականգնվում պատմամշակութային հուշարձանները:

Նրա վճարած հարկերի շնորհիվ է ձեռք բերվում սպառազինություն եւ տեխնիկա, ինժեներական աշխատանքներ կատարվում սահմանին:

Նրա վճարած հարկերի շնորհիվ է սնվում, հագնվում զինվորը: Նրա վճարած հարկերի շնորհիվ են թոշակ ստանում թոշակառուները, նպաստ ստանում նպաստառուները, առողջապահական ծառայություններ ստանում հարյուր հազարավոր մարդիկ, ում ստացած ծառայությունների դիմաց վճարում է պետական բյուջեն, եւ այս վճարումների շնորհիվ են աշխատում առողջապահական հիմնարկները՝ բժշկական կենտրոնները, պոլիկլինիկաները եւ ամբուլատորիաները: Աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին 2023 թվականին աշխատել եւ պետական բյուջե է վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկեր եւ տուրքեր, ինչը, 2017 թվականի համեմատ, ավել է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2.6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով»:

 




Լրահոս