Փետրվարի 8-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում պայթյուն է տեղի ունեցել, եւ կան վիրավորներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սեւան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը:
Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանների ժամանումը դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկ Վարշամ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Աբրահամյանը:
Պարզվել է, որ նշված վայրից «պայթյունաբեկորային բազմաօրգան վիրավորում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերն ու պարեկները:
Տեղում պարզվել է, որ տարածքը ոչ թե Կոտայքի մարզի վարչական շրջանում է, այլ Երեւանում, ինչի կապակցությամբ դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Ահազանգով ժամանել են նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի եւ օրվա պատասխանաոտւ հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ ՊԾ Երեւան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երեւանի բնակիչ 48-ամյա Կարեն Գ.-ն եւ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Միխայել Մ.-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան ժամը 00:10-ի սահմաններում երթեւեկել է Թեւոսյան փողոցով, ապա ավտոմեքենան կայանել է նշված փողոցի 4-րդ հասցեի մոտ, որից րոպեներ անց մեքենայի սրահում դեռեւս անհայտ հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով Կարեն Գ.-ն եւ Միխայել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 06:10-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ վիրավոր Կարեն Գ.-ն վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Mitsubishi ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, պայթյունի մի ահագին հատված, ինչպես նաեւ նռնակի պարագա, որը հավաբար պայթյունի հետեւանքով է մնացել ավտոմեքենայում:
Ավտոմեքենայից դուրս նույնպես հայտնաբերվել են արնանման հետքեր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Միխայել Մ.-ն նախկինում եղել է դատապարտված, Կարեն Գ.-ն եւս մեկ այլ քրեական գործով անցնում էր (սպանության սպառնալիք):
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՂՋԻԿԸ՝ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵԶՐԱԳԾԻՆ
Փետրվարի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում մի քանի քաղաքացիներ Դավիթաշենի կամրջի վրա կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները այդ պահին կամրջով անցնելիս են եղել, երբ նկատել են, որ այդ աղջիկը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը:
Տեղում նրանք կարողացել են մեծ դժվարությամբ նրան դուրս բերել անվտանգ վայր, ապա ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի եւ ավագ պարեկ Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երեւանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաեւ ՓԾ փրկարար-հոգեբանը:
Երբ քաղաքացիները այդ աղջկան դուրս են բերել անվտանգ վայր, ժամանած փրկարար-հոգեբանը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել նրան, ում այնուհետեւ պարեկների ուղեկցությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին:
Այս պահին ինքնասպանության փորձ կատարողը գտնվում է փրկարար-հոգեբանի, պարեկների եւ բժիշկների հսկողության տակ:
Ժամանել են նաեւ ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խմբերը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը Արարատի մարզի բնակիչ 23-ամյա Հերմինե Խ.-ն է:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ո՞Վ Է «ԴԱԲՌՈՆ» ՏՎԵԼ
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ահազանգում է. «Երեւան քաղաքում համատարած կերպով տեղադրված ապօրինի, բնակչության կյանքի ու առողջության համար վտանգավոր բետոնհանգույցներն ապամոնտաժելու փոխարեն՝ ՀՀ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ ինքնակամ շինությունների օրինականացման համար այլեւս չպետք է ընդառաջել քաղաքացիներին, այսինքն՝ քանդելու ակնարկ արեց։ Այդ դեպքում երկրի ղեկավարն ու Երեւանի քաղաքապետարանը ինչպե՞ս կպարզաբանեն Երեւան քաղաքի տարբեր շինհրապարակներում ապօրինի տեղադրված այդ բետոնհանգույցների խնդիրը, որոնց շահագործման արդյունքում ողջ քաղաքը փոշու մեջ կորած է, բնապահպանական, առողջապահական լուրջ խնդիրներ են առաջանում, դրան գումարած՝ նաեւ շինարարական անվտանգության նորմերի հնարավոր անտեսումը։
Շինարարներն իրենց գերշահույթի համար թիրախ են դարձրել հանրության առողջությունն ու կյանքը, իսկ իրավասու կառույցները դեռ լռում են, ինչը բացահայտ կոռուպցիոն ռիսկ է պարունակում։ Ո՞վ է այսպիսի անօրինական, բնակչության համար վտանգավոր «դաբռոն» տվել, ինչի՞ արդյունքում։ Բետոնհանգույցները, լինելով բարձր աստիճանի (IV) ռիսկայնություն դասակարգում ունեցող արտադրական օբյեկտներ, ոչ միայն չունեն առանձին շինթույլտվություն, տեղադրված են ոչ արտադրական նշանակության հողամասերի վրա, այլեւ դրանք ներառված չեն տվյալ շենքի շինարարության թույլտվության մեջ՝ որպես տեխնոլոգիական հանգույց, գոնե դրա նախագծային փաստաթղթերի լրակազմում չեն անցել որեւէ տեսակի, ներառյալ ՇՄԱԿ փորձաքննություն, դրանց ողջ քիմիական արտանետումներն ու արգասիքները, այդ թվում՝ հեղուկի տեսքով, դուրս են գալիս արտաքին միջավայր՝ քաղաքի տարբեր թաղամասերում։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի ուժով ինքնակամ շինություն համարվող այդպիսի վտանգավոր արտադրական օբյեկտների՝ բետոնհանգույցների թիվը Երեւան քաղաքում մի քանի տասնյակի է հասնում, իսկ կոռուպցիայի դեմ «պայքարող» պարոնայք իշխանավորները խոսում են քաղաքացիների, իրենց հորինած «հպարտ» քաղաքացիների կողմից դեռեւս տարիներ առաջ կառուցված թեկուզ անօրինական, բայց անվնաս, փոքր շինությունները քանդելու մասին»: