Մատենադարանի թանգարանում տեղի ունեցավ բարերար Վահե Բադալյանի կողմից ձեռագրերի կազմերի 3D ձեւաչափով սքանավորման սարքի նվիրաբերության արարողությունը։
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն այդ առթիվ նշեց, որ հին ձեռագրերի ու փաստաթղթերի պահպանման եւ ուսումնասիրման կենտրոնում շարունակվում է կարեւորագույն, ռազմավարական նշանակություն ունեցող գիտատեխնիկական բաժինների վերազինման եւ արդիականացման գործընթացը։
«Մասնավորապես, թվայնացման բաժինը ձեռք է բերել եռաչափ սքանավորման սարք, որը մեր իրականության մեջ, գոնե՝ թանգարանային հատվածում, աննախադեպ է, եւ միայն պեղումների ու հնագիտական արժեքների ոլորտում է գերմանացի մասնագետների աջակցությամբ կիրառվել տվյալ սարքը։ Մենք ստացանք բացառիկ հնարավորություն ի վերջո մեր ձեռագիր մատյանների արծաթե եւ այլ բաղադրություն ունեցող կազմերի վերաբերյալ ունենալ խորքային ուսումնասիրության հնարավորություն՝ ստեղծելով կազմերին առնչվող տվյալների բացառիկ շտեմարան։ Դա կարեւոր է ոչ միայն գործնական-կիրառական, այլեւ ռազմավարական տեսակետից, քանի որ մասնավոր հատվածի հետ մեր համագործակցությունը լավատեսության, դրական տրամադրությունների աղբյուր է։ Մատենադարանը յուրաքանչյուր հայի համար սրբավայր է, գերակա արժեք, հետեւաբար յուրաքանչյուրի ներդրումն ու բարեգործական քայլը գտնում է հանրային լայն արձագանք»,- նշեց Խզմալյանը։
Նրա հավաստմամբ՝ մասնավոր սեկտորի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի սքանավորման արդյունքները կնպաստեն նաեւ Մատենադարանի ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։ Քանի որ միջոցառմանը ներկա էին նաեւ գործընկեր թանգարանների ղեկավարները, Խզմալյանն ընդգծեց, որ սարքը ծառայելու է ոչ միայն Մատենադարանին, այլեւ, ըստ անհրաժեշտության, հայաստանյան թանգարաններում պահվող տարբեր նմուշների սքանավորման գործին։
Մատենադարանի արխիվի եւ արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանն անդրադարձավ հայ տպագրության ոլորտում միջնադարյան ժամանակահատվածի եւ ավելի վաղ շրջանի ձեռագիր գրքերի կազմարարական աշխատանքներին, դրանց կազմման մեթոդաբանությանն ու եղանակներին։ Մալխասյանը ներկայացրեց Մատենադարանում պահվող մեծարժեք այն գրքերի նախնական շարքը, որոնց կազմերը շուտով կենթարկվեն 3D ձեւաչափով սքանավորման, եւ հավելեց, որ այդ գործընթացի շնորհիվ էապես կմեծանա ձեռագրերի կազմերի ուսումնասիրման առանձնահատկությունների որոշարկման, ինչպես նաեւ հավանական վնասվածքների բացահայտման հնարավորությունը։
Մատենադարանի տնօրենի խորհրդական, նորագույն տեխնոլոգիաների եւ թվայնացման բաժնի վարիչ Գուրգեն Գասպարյանն էլ անդրադարձավ հաստատության թվային ռազմավարությանը եւ սարքի կիրառելիության հեռանկարներին։ Գասպարյանը տեղեկացրեց, որ բուն թվայնացման աշխատանքներն իրենց մոտ սկսվել են 2008 թվականից, եւ առ այսօր բաժինն արդեն հագեցված է ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն տվեցին թվայնացում իրականացնել չորս ուղղություններով։
Արդեն իսկ նկարվել է 3 միլիոն 700 հազար թվային պատկեր։ Թվայնացվել են նաեւ արխիվային վավերագրերը (մոտ 160 հազար միավոր)։ Միկրոֆիլմերի թվայնացումը նույնպես կարեւոր ուղղություններից է։ Շտեմարանը ձեւավորվել է տարիների ընթացքում, որն անչափ օգտակար է գիտնականներին։ Վերջին տարիներին համագործակցելով Համբուրգի համալսարանի հետ՝ Մատենադարանն իրականացնում է կրկնագիր ձեռագրերի թվայնացում։ Սքանավորման սարքի միջոցով կստացվեն մաքուր պատկերներ, որոնք հետազոտողներին հնարավորություն կտան նոր խնդիրներ ու թեմաներ առաջադրել։ Եռաչափ սքանավորման դեպքում կազմերի բոլոր նրբությունները հստակ երեւակվում են, եւ ստացված պատկերները կարող են ուսումնասիրվել բազմակողմանիորեն։ Սքանավորումից հետո ստացված տվյալներն ընդգրկվելու են ընդհանուր բազայում եւ որոնման համակարգում, ստեղծվելու են ֆայլեր, որոնք պահվելու են համապատասխան սերվերներում։ Ցանկացած թվայնացված ձեռագիր կամ կազմ այլեւս դուրս չի գալու պահոցից, ուսումնասիրողը կարող է ուսումնասիրել դրա թվային պատկերը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
8 ՄԼՆ 116 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան:
Այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ:
Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8 հազար դոլարը, կազմում է քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը: Ծավալով երկրորդ տեղում են մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմները՝ 2 մլն 234.9 հազար դոլարի: Երրորդը մանածագործական իրերն են՝ 2 մլն 131.8 հազար դոլարի: Հայաստանը ստացել է նաեւ տարբեր արդյունաբերական ապրանքներ, սարքեր ու ապարատներ եւ այլ ապրանքներ:
Ինչ վերաբերում է երկրներին, ապա 2023-ին Հայաստանն ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն է ստացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ 8 մլն 116 հազար դոլարի, որը կազմում է ստացված ամբողջ օգնության 22.8 տոկոսը, սակայն 2022-ի նկատմամբ ծավալը նվազել է 69.5 տոկոսով: Ուղարկած մարդասիրական օգնության ծավալներով երկրորդ տեղում է Իտալիան՝ 3 մլն 873.7 հազար դոլարով, 2022-ի նկատմամբ այն 4 անգամ ավելի շատ է: Երրորդ տեղում Շվեյցարիան է՝ 2 մլն 854.6 հազար դոլար ծավալով. 2022-ի նկատմամբ այն նվազել է 32.7 տոկոսով:
Հաջորդում են Գերմանիան՝ 2 մլն 144.3 հազար դոլար ծավալով, ապա Չինաստանը՝ 1 մլն 882.3 հազար դոլարով, Ֆրանսիան՝ 1 մլն 343.9 հազար դոլարով:
Ընդհանուր առմամբ ուղարկված մարդասիրական օգնության 46.8 տոկոսը բաժին է ընկել ԵՄ երկրներին, ԱՊՀ երկրներին՝ ընդամենը 0.1 տոկոսը, իսկ այլ երկրներին՝ 63.1 տոկոսը:
ՆՈՐ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել եւ մարզպետի շնորհակալագրով խրախուսել է «Tesvan» ՍՊԸ-ի կողմից Սեւան համայնքի 9-12-րդ դասարանցիների եւ Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի ուսանողների միջեւ անցկացված մրցույթի եզրափակիչ փուլի հաղթողներին։
Սեւան քաղաքում 2019 թվականին հիմնադրված՝ որակի ապահովման ծառայություններ մատուցող «Tesvan» ընկերության նպատակն է նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աջակցել ոլորտով հետաքրքրված անձանց՝ սկսելու սեփական կարիերան։ Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ երիտասարդների համար՝ շարունակելով բացահայտել նոր տաղանդների եւ ճանաչելի դարձնել Սեւանը որպես տեխնոլոգիական քաղաք:
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի աջակցությամբ 2023 թվականի դեկտեմբեր ամսին կայացել է մրցույթի առաջին փուլը, որին մասնակցել են Սեւան համայնքում գործող մարզային ենթակայության 13, մեկ ավագ դպրոցի 9-12-րդ դասարանների եւ Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի սաները։ Վերջիններիս տրվել է 30 հարցից բաղկացած թեստային առաջադրանք՝ նրանց տրամաբանական կարողությունները բացահայտելու նպատակով։
Առաջին փուլը հաջողությամբ հաղթահարած 30 մասնակից հնարավորություն է ստացել մասնակցելու մրցույթի երկրորդ փուլին:
Արդյունքում հաղթող 3 մասնակիցները «Tesvan» ՍՊԸ-ի կողմից ստացել են համակարգիչներ, իսկ մյուս մասնակիցներն արժանացել են խրախուսական նվերների։
Երկրորդ փուլ անցած 30, ինչպես նաեւ լավագույն արդյունք ցուցաբերած եւս 10 մասնակցի հետ ընկերությունն արդեն իրականացնում է ոլորտին վերաբերող վերապատրաստումներ՝ օգնելով նրանց ՏՏ ոլորտում մասնագիտանալու եւ կարիերան սկսելու հարցում:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մրցույթի կազմակերպիչների եւ հաղթողների հետ հանդիպմանը լսել է նրանց կարծիքներն ու առաջարկությունները, ներկայացրել իր տեսլականը՝ ծրագրի շարունակականությունն ու ընդլայնումն ապահովելու ուղղությամբ։
«Շնորհակալ եմ մրցույթի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հաղթողներին, քանի որ նման մրցույթ-ծրագրի իրականացումը մեր կրթական հաստատություններում առայժմ միակն է, եւ կցանկանայի, որ այն ընդգրկեր նաեւ մարզի մյուս համայնքների դպրոցները։
Այդ նպատակի իրականացման համար ուզում եմ վստահեցնել, որ մարզպետի աշխատակազմը կցուցաբերի բավարար աջակցություն։ Ցանկալի կլինի, որ ծրագրի հաղթողներն այցելեն մեր մարզի մյուս համայնքների դպրոցներ, ներկայացնեն իրենց ձեռքբերումները համակարգչային գիտելիքների ոլորտում, ոգեւորեն եւ ճիշտ ուղղություն ցույց տան աշակերտներին»,- նշել է մարզպետ Կարեն Սարգսյանը։