ԱՎԱՆԴԱԿԱՆ ՊԱՐԵՐԻ ՊԱՀԱՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, մշակութաբան, հասարական գործիչ Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-13:00-ն, Կամերային երաժշտության տանը։ Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին Եռաբլուրում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը։

 

Փետրվարի 6-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության «Գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ ղեկավար Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։

Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։

1982 թվականին ավարտելով Ախալցխայի N3 հայկական միջնակարգ դպրոցը՝ աշխատանքի է անցել Ախալցխայի շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր։

Նույն թվականին ընդունվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա եւ հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտել է 1990 թվականին։

1987 թվականից Գագիկ Գինոսյանը սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» ազգագրական խմբում։

1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիոընկերության երեւանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։

2001 թվականին Գագիկ Գինոսյանը հիմնադրել է «Ծովակ» եւ «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։

2011 թվականին «Ազգային պարարվեստի զարգացման եւ տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» Գագիկ Գինոսյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած եւ Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» եւ «Վարք հայոց» ներկայացումները։

2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։

Ավանդական երգերի եւ պարերի պահպանման, մշակման եւ հանրայնացման նպատակով հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։

Պետական աջակցությամբ հեղինակել է «Ազգային երգ ու պար» առարկայական ծրագիրը, որը տարիներ շարունակ ուսուցանվել է հանրակրթական դպրոցներում:

Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ եւ վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։

Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։

Մասնակցել է Արցախյան պատերազմին։

2006 թվականին լույս է տեսել Գագիկ Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաեւ հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ արցախյան պատերազմի մասին։

Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգեւների:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

«ՄԵՐ ՈՒ ԲՈԼՈՐԻ ՓԱՐԱՋԱՆՈՎԸ»

Կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի՝ այս տարի նշվող 100-ամյա հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարել էին մրցույթ՝ «Մեր ու բոլորի Փարաջանովը» խորագրով: Այն նախատեսված էր դպրոցների (8-12-րդ դասարաններ) եւ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին այն առավել ճանաչելի դարձնելը:

 

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մրցույթի շրջանակում հրապարակված 7 հարցերի մեկնաբանություններում ավելի քան 1200 սովորողներ գրել են պատասխանի իրենց տարբերակները:

Ըստ աղբյուրի՝ հունվարի 30-ից փետրվարի 5-ը՝ յուրաքանչյուր օր, ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել են Սերգեյ Փարաջանովի կյանքին, ստեղծագործությանը վերաբերող տարաբնույթ հարցեր, եւ համաձայն մրցութային պայմանների՝ առաջինը ճիշտ պատասխանողը ճանաչվել է տվյալ օրվա հաղթող: Խմբագրված, ինչպես նաեւ այլ օգտատերերի ֆեյսբուքյան էջերից հրապարակված պատասխանները չեն դիտարկվել: Որպես պարտադիր պահանջ՝ պատասխանում պետք էր նշել սովորողի տվյալները (անուն, ազգանուն, մարզ, քաղաք/գյուղ, ուսումնական հաստատություն, դասարան/կուրս, մասնագիտություն): Հարցերին առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներն են՝

  1. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի հ. 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Գայանե Գրիգորյան,
  2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի հ. 2 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Կռոյան,
  3. Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի ուսանող Լիլիթ Պետրոսյան,
  4. ՀՀ Տավուշի մարզի Այգեհովիտի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Անժելա Դալլաքյան,
  5. ՀՀ Տավուշի մարզի Բերդի հ. 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Նելի Ներսիսյան,
  6. Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ուսանող Մարինե Ստեփանյան,
  7. Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջի «Հաշվողական մեքենաներ, համալիրներ, համակարգեր եւ ցանցեր» բաժնի ուսանող Արմեն Հակոբյան:

Հ.  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

ԿՄԵԿՆԵՆ ՍՏԱՄԲՈՒԼ

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:

Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լեւոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը եւ Գոռ Բեգլարյանը: Աթլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանիեւ Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաեւ Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:

 

 

 

ԽԱՂԵՐԻ ՄԵԴԱԼՆԵՐԸ

Փարիզի ամառային օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներկայացրել են խաղերի մեդալները:

Այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեն: Օլիմպիական խաղերի մեդալներն ամբողջացնում են ֆրանսիական եւ փարիզյան ստեղծագործ միտքը, իսկ յուրաքանչյուր մեդալ Էյֆելյան աշտարակից մի կտոր կունենա, որը կլինի մեդալի կենտրոնում:

Նրանց դիզայնի յուրաքանչյուր տարր արտացոլում է 2024 թվականի Փարիզի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի ինքնության մի մասը:

 

 

 

ՏԱՐԲԵՐ ԽՄԲԵՐՈՒՄ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով) կայացավ ՈՒԵՖԱ Ազգերի Lիգա 2024/25 թվականների մրցաշարի վիճակահանությունը։

ՈւԵՖԱ-ի անդամ 54 երկրները բաժանված են 4 լիգաների՝ հաշվի առնելով 2022/23 թվականների արդյունքները:

A, B եւ C լիգաների վիճակահանության արդյունքում կկազմավորվի չորս թիմից բաղկացած չորս խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 6 հանդիպում:

D լիգայի վիճակահանությամբ կձեւավորվի երեք թիմից բաղկացած երկու խումբ: Յուրաքանչյուր թիմ իր խմբում կանցկացնի 4 հանդիպում:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայում:

Զամբյուղ 1

Ռումինիա, Շվեդիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ

Զամբյուղ 2

Ադրբեջան, Կոսովո, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ

Զամբյուղ 3

Հյուսիսային Մակեդոնիա, Սլովակիա, Հյուսիսային Իռլանդիա, Կիպրոս

Զամբյուղ 4

Բելառուս, Լիտվա/Ջիբրալթար, Էստոնիա, Լատվիա

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները չեն կարող ընդգրկվել միեւնույն խմբում:

 




Լրահոս