Միջազգային քրեական դատարանում փետրվարի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի` Հռոմի ստատուտը 124-րդ ստորագրող երկրի անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառումը:
Միջոցառման մեկնարկին տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանում Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը, որից հետո ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես են եկել ՄՔԴ նախագահ Պյոտր Հոֆմայսկին, ՄՔԴ անդամ երկրների համաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտային, ինչին հաջորդել է ՀՀ ԱԳ նախարարի ելույթը։
Միջոցառման շրջանակներում Միջազգային քրեական դատարանի նախագահը ՀՀ ԱԳ նախարարին է հանձնել Հռոմի կանոնադրության հատուկ թողարկման օրինակը:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՄՔԴ գլխավոր դատախազը, Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի մի շարք ներկայացուցիչներ՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչություններից, լրագրողների ասոցիացիայի նախագահը, ինչպես նաեւ այլ հյուրեր։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.
«Հարգարժա՛ն Դատարանի նախագահ,
Տիկի՛ն Համաժողովի նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ դատախազ,
Հարգելի՛ քարտուղար,
Հարգելի՛ դատավորներ եւ դատախազի տեղակալներ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
1998 թվականին միջազգային հանրությունը պատմական որոշում կայացրեց՝ վերջ դնել միջազգային լրջագույն հանցագործություններին՝ ընդունելով Հռոմի ստատուտը։ 2023 թվականին Հայաստանը վավերացրեց այն՝ անկեղծորեն հավատալով ստատուտի բարձր ուժին՝ վերացնելու ամենածանր հանցագործությունները եւ վերջ դնելու անպատժելիությանը։ Փետրվարի 1-ին Հռոմի ստատուտն ուժի մեջ է մտել Հայաստանի համար. սկզբունքորեն կարեւոր իրադարձություն, որն այսօր մեզ այստեղ է բերել։ Ես շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին այս առանձնահատուկ օրը մեզ հետ կիսելու համար։
Նյուրնբերգյան դատավարությունն իր ժամանակին ի ցույց դրեց, որ միջազգային իրավունքի դեմ հանցագործությունները կատարվում են մարդկանց կողմից, այլ ոչ թե վերացական սուբյեկտների, եւ միջազգային իրավունքի դրույթների կիրառումը հնարավոր է ապահովել նման հանցագործություններ կատարող անձանց պատժելու միջոցով։ Սկսելով այս ճանապարհը` եկեք ընդունենք այն պատասխանատվությունը, որը գալիս է երաշխավորելու, որ ոչ ոք օրենքից վեր չէ։ Այսօր Միջազգային քրեական դատարանը կանգնած է որպես հենակետ՝ ընդդեմ ցեղասպանության սարսափների, պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների եւ ագրեսիայի հանցագործության: Այս առումով ՄՔԴ-ի նկատմամբ Հայաստանի հետեւողական համագործակցային մոտեցումը հիմնված է հետեւյալ հիմնական նպատակների վրա. 1) կանխել ամենածանր հանցագործությունները, որոնք մտահոգում են ամբողջ միջազգային հանրությանը, 2) միջազգային հանրությունում օրենքի գերակայության ամրապնդումը, 3) ՄՔԴ-ն առավել համընդհանուր դարձնելը:
Հայաստանը հավատում է, որ չափազանց կարեւոր է միջազգային դատական համակարգի ստեղծումը, որը կապահովի ցեղասպանություն եւ այլ ծանր հանցագործություններ կատարած անձանց պատիժը։ Հայաստանը տասնամյակներ շարունակ՝ Միջազգային քրեական դատարանին անդամակցելուց առաջ էլ, նախաձեռնող եւ առաջամարտիկ Է եղել ցեղասպանության ոճրագործության կանխարգելման եւ դատապարտման գործընթացներում ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների եւ ֆորումների շրջանակներում:
ՄՔԴ-ի դերը հանցագործությունների կանխարգելման եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար ազնիվ եւ անաչառ արդարադատության գործընթացի ապահովման գործում նշանակալի է։ Ցավոք, մեր տարածաշրջանում մենք բախվեցինք ոչ միայն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացարձակ բացակայությանը, այլ նաեւ պատերազմ, ատելություն եւ ահաբեկչություն տարածելու ակնհայտ մտադրությանը: ՀՀ-ի դեմ շարունակվող ագրեսիաները եւ մեր ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայերի դեմ իրագործած սարսափելի ոճրագործությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, որոնց հետեւանքով ավելի քան 100.000 հայեր ստիպված են եղել փախչել իրենց տներից՝ ապաստան գտնելու Հայաստանում, ունեցել են աղետալի հումանիտար հետեւանքներ եւ շարունակում են անմիջական վտանգ ներկայացնել մեր տարածաշրջանի համար։ Այս համատեքստում մենք համոզված ենք, որ Հռոմի ստատուտը, ի թիվս այլ մեխանիզմների, իրական ներուժ ունի կանխելու հետագա էսկալացիան եւ ոճրագործությունները՝ դառնալով մեր տարածաշրջանում կայունության եւ կայուն խաղաղության ուղենիշ։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Մենք ընդգծում ենք Դատարանի կարեւոր դերն աներեւակայելի վայրագություններից տուժածների համար արդարության ապահովման գործում՝ նրանց ձայն տալով, հնարավորություն տալով մասնակցել վարույթներին, օգնություն տրամադրելով եւ փոխհատուցումներ պահանջելով: Անկասկած, Հռոմի ստատուտը եւ ՄՔԴ-ն, պատասխանատվության ձգտելով, մեծապես նպաստել են միջազգային քրեական արդարադատության համակարգի արդյունավետ գործունեությանը:
Այսօր եկեք տոնենք ոչ միայն Հայաստանի հանձնառությունը, այլեւ այնպիսի աշխարհի հանընդհանուր տեսլականը, որտեղ տիրում է արդարություն, եւ պաշտպանված է յուրաքանչյուր անհատի արժանապատվությունը: Որպես Հռոմի ստատուտի նոր մասնակից պետություն՝ Հայաստանը կլինի Դատարանի ակտիվ անդամ եւ էապես կնպաստի մասնակից պետությունների համաժողովի աշխատանքներին։ Միասին մենք առաջ ենք շարժվում համերաշխ՝ համախմբված Հռոմի ստատուտի գաղափարների շուրջ, քանի որ ձգտում ենք արդարությամբ եւ օրենքի գերակայությամբ սահմանված ապագայի:
Շնորհակալություն»:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԹՅՈՒՐԸՄԲՌՆՈՒՄ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը մեկնաբանել է Իլհամ Ալիեւի՝ Հայաստանի հարավային շրջանները «ադրբեջանական» են հայտարարությունը։ Գերմանական ZDF պարբերականի հետ զրույցում նա ասել է, թե Ադրբեջանի նախագահի խոսքը սխալ է մեկնաբանվել:
«Նախագահն այդպես չի ասել: Սկզբնական համատեքստում նա այլ բան նկատի ուներ։ Ադրբեջանցիները երկար ժամանակ ապրել են ներկայիս Հայաստանի տարածքում։ Իմ նախնիները նույնպես ապրել են Հայաստանում։ Ադրբեջանցիները նույնպես պետք է իրավունք ունենան այցելելու այդ տարածք, օրինակ՝ մշակութային վայրեր եւ գերեզմանատներ, ինչը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,- ասել է Հաջիեւը։
ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՏՐՎԵՑԻՆ
Երեւանի ավագանու 2 անդամի մանդատները տրվեցին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից՝ Արմենակ Բախշիի Դանիելյանին եւ Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվեց Արամ Վարոսի Մանուկյանին։
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Երեւանի ավագանիում թեժ իրավիճակ էր: Ավագանու ընդդիմադիր 3 անդամներ զրկվեցին մանդատից, այդ թվում՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանը եւ Նարինե Հայրապետյանը:
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու հիմքը բացակաների թույլատրելի քանակը անցնելն էր ու քվեարկություններին չմասնակցելը:
Ընդդիմադիրներին մանդատից զրկելու նախաձեռնությունը ՔՊ-ի եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» կուսակցությանն էր, քաղաքային իշխանությանն այս հարցում ջանասիրաբար աջակցեց նաեւ «Հանրային ձայն» խմբակցությունը:
ԵԼՈՒՅԹԻ ԴԵՄ
ԱԳՆ մամուլի քարտուղար Չայխան Հաջիզադեն անդրադարձել է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալուն նվիրված արարողության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին։
Ադրբեջանական կողմը դատապարտել է Միրզոյանի հայտարարությունը՝ մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։
«Այս ելույթը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանի միացումը Հռոմեական կանոնադրությանը փորձ էր՝ օգտագործել այդ ինստիտուտներն իրենց անհիմն պահանջների, չարամիտ գործողությունների, ատելության քարոզի, ապատեղեկատվության եւ միջազգային իրավունքի սխալ մեկնաբանման համար»,- ասել է Հաջիզադեն:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի. «Ադրբեջանական կողմը շարունակելու է ջանքերը՝ ուղղված միջազգային իրավունքի լուրջ խախտումների համար անպատժելիությունը դադարեցնելու, օրենքի գերակայությանը նպաստելու, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը, ամրապնդմանն ու շարունակմանը»։