ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԳԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սահմանադրական դատարանի հիմնադրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը եւ այլ պաշտոնատար անձինք:

 

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Սահմանադրական դատարանի ձեւավորման 28-րդ տարեդարձի առիթով եւ նշել, որ այն պետական կարեւոր ինստիտուտներից մեկն է:

«Ընդգծելով եւ կարեւորելով իշխանությունների տարանջատման եւ բաժանման սկզբունքը, որը կարծում եմ՝ ցանկացած պետության կայացման համար կարեւորագույն նախապայման է, սակայն այնպես է, որ Կառավարությունը պատասխանատվություն ունի իշխանության բոլոր օղակների գործունեության պայմաններ ապահովելու համար:

Կարծում եմ՝ Կառավարությունն ի ցույց է դրել բոլոր անհրաժեշտ միջոցները կամ առնվազն բավարար այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Սահմանադրական դատարանի եւ ընդհանրապես դատական անկախ համակարգի ձեւավորման եւ գործունեության համար: Այդ որոշումները կայացվել են, իհարկե, գործընթացներն ու բարեփոխումները, իմ ընկալմամբ, երբեք չեն ավարտվում: Այսինքն՝ չկա մի կետ, երբ որեւէ կառավարություն եւ պետություն կարող է արձանագրել՝ վերջ, բարեփոխումներն ավարտվեցին: Եվ այդտեղ ուզում եմ ընդգծել Կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը՝ Սահմանադրական դատարանի բնականոն եւ, ընդհանրապես, դատական անկախ համակարգի գործունեության համար իրենից կախված ամեն հնարավորն անելու:

Սահմանադրական դատարանը, իհարկե, սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին է, բայց ուզում եմ ձեզ հետ կիսվել, կարծում եմ, մեր ժամանակների համար արդիական մի մտքով, որն արդիական է եղել մեր հանրապետության գոյության ողջ պատմության ընթացքում: Արդարադատությունն ինստիտուտ է, իսկ արդարությունը՝ զգացում: Այսինքն՝ արդարադատությունը մեծ հաշվով օրենքներ են, այդ օրենքներն իրականացնող եւ օրենքի առաջ հավասարությունն ապահովող մարմիններ: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությանը ծառայող մարմինները գործում են լիարժեք, բայց պետք է նաեւ կիսեմ իմ տպավորությունը, որպես նաեւ Կառավարության ղեկավար, ով մարդկանց հետ շփվելու ամենատարբեր առիթներ է ունենում. արդարադատության մեր ինստիտուտները դեռեւս արդարության զգացում չեն սերմանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Եթե, օրինակ, հարցում իրականացնենք պետական ինստիտուտների մեջ, թե, այնուամենայնիվ, մեր գործունեությունը տեղավորվում է արդարության շրջանակներում, թե չի տեղավորվում, կարծում եմ՝ պետական ինստիտուտների եւ դատական ինստիտուտների պատասխանը դրական կլինի, բայց հանրության պատասխանն այնքան էլ դրական չի լինի: Ի՞նչն է սրա պատճառը:

Կարծում եմ՝ սրա պատճառն այն է, որ արդարության մասին ինստիտուտների եւ հանրության պատկերացումները չեն համընկնում:

Եվ սա լրջագույն պրոբլեմ է, որի հետ մենք պետք է առերեսվենք եւ որի հետ պետք է հասցեագրվենք։ Մեծ հաշվով, մեր երկրում ամենատարբեր առիթներով խոսում ենք ստանդարտի մասին, բայց կարծում եմ՝ պետք է խոսենք նաեւ արդարադատության ստանդարտի մասին, թե ինչ է դա նշանակում գործնականում։ Նաեւ կարեւոր է հետեւյալ հարցը՝ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ պետական ինստիտուտների եւ հանրության պատկերացումներն արդարադատության մասին համընկնեն։ Կարծում եմ, որ այդ հարթակը, որտեղ այդ խոսակցությունը տեղի է ունենում, բանավեճն է Սահմանադրության շուրջ եւ ի վերջո, այդ բանավեճի արդյունքում որոշման կայացումը Սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ես երկար եմ այս թեմայի մասին մտածել, եւ կարծում եմ, որ հենց այս խաչմերուկում տեղի ունեցած հանդիպման առանձնահատկություններն են, որ ինստիտուտների եւ հանրության պատկերացումներն արդարության եւ արդարադատության մասին չեն համընկնում։ Այսինքն` այս հանգրվանում է, որ այդ խոսակցությունը, այդ կոնսենսուսը չի ձեւավորվե, եւ կարծում եմ, որ սա հիմա արդեն ակնհայտորեն մեր պետական ինստիտուտների եւ, ընդհանրապես, պետության կայացման համար կարեւորագույն մի խնդիր է, որի հասցեագրումն առնվազն մեր օրակարգում պետք է ունենանք։ Եվ այստեղ, իհարկե, շնորհակալ կլինեմ, եթե Սահմանադրական դատարանն առանց իշխանությունների բաժանման սկզբունքների խախտման, նաեւ այս թեմայով հաղորդակցության հնարավորություն ստեղծի Կառավարության համար, որովհետեւ սրանք հարցեր են, որոնք շատ կարեւոր են։

Կրկին ուզում եմ բոլորիս շնորհավորել այս առիթով, ընդգծել իմ խորը հարգանքը Սահմանադրական դատարանի ինստիտուտի նկատմամբ եւ հույս հայտնել, որ մենք Սահմանադրության սահմանված կարգով բաժանված ինստիտուտների փոխգործակցության եւ երկխոսության հնարավորություն կարող ենք ստեղծել՝ ի վերջո արդարադատություն ինստիտուտի եւ արդարություն զգացողության համադրման եւ նույնականացման մեխանիզմների ձեւավորման մասին, որովհետեւ կարծում եմ` դա շատ կարեւոր է։ Ձեզ հայտնի հանգամանքների, ողբերգական հանգամանքների բերումով մեր հանրության մեջ շատ խորը դիսոնանսի զգացողություն կա։ Եվ այդ դիսոնանսի զգացողությունը, կարծում եմ, ամենաշատն արտահայտվում է կամ այդ դիսոնանսի եռման կետը հենց արդարադատություն ինստիտուտի եւ արդարության զգացման այս բաժանման միջեւ ընկած տիրույթում է գտնվում։

Շնորհակալ կլինենք, եթե Սահմանադրական դատարանը, մեր մյուս պետական ինստիտուտները ցանկանան, ուզենան եւ կարեւոր համարեն այս դիլեման լուծելու գործում ներդրում ունենալ», – իր խոսքում նշել է վարչապետը:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է եկել նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՏՆՕՐԵՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Փետրվարի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ-Գյուլագարակ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը վարորդին եւ 1 ուղեւորին, որը կին է, ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված վայրով անցնող ՀՀ ՆԳՆ ՓԾ Ստեփանավանի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Լավրենտ Քալաշյանը, ապա օպերատիվորեն ժամանած Ստեփանավանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ապա նրան տեղափոխել Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Տեղում պարզվել է, որ ուղեւորուհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Սերգեյ Համբարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արթուր Աջամյանը, կրտսեր պարեկներ Մկրտիչ Հովհաննիսյանն ու էդգար Ահարոնյանը:

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները կայանում էին եւ ստեղծում էին խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո երթեւեկությունը վերականգնվել է:

Դեպքի վայր է ժամանել նաեւ ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում պարզվել է, որ վթարի փաստով պետք է զբաղվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժինը, որտեղից դեպքի վայր են ժամանում Ռազմական ոստիկանության եւ կայազորի քննիչները:

Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի եւ մահացածի ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Ալբերտ Գ.-ն է, ով ծառայում է Սահմանապահ զորքերում, իսկ մահացածը Լոռու մարզի բնակիչ 52-ամյա Ռոզա Խ.-ն է, ով աշխատում էր Պուշկինո գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն:




Լրահոս