ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի անցած տարվա ցուցանիշները բավականին տպավորիչ են եւ՛ աշխարհագրության, եւ՛ ուղղությունների ընդգրկվածության, եւ՛ ֆինանսական առումներով։ 

 

Այս մասին  նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով սուբվենցիոն ծրագրերի վերջին տարիների համեմատական ցուցանիշները։

«2018 թվականին, երբ առաջին տարին մեր կառավարությունը սկսեց սուբվենցիոն  ծրագրերը, ընդամենը 3,8 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրեր իրականացվեց, որից կառավարության մասնաբաժինը 1,6 մլրդ դրամ էր։ Մենք արդեն 2023 թվականին այս ցուցանիշը հասցրել ենք 58 միլիարդի, կառավարության մասնաբաժինը՝ 30,3 մլրդի, որը, իսկապես, տպավորիչ է թե՛ 2018-ի, թե՛ մնացած բոլոր ժամանակահատվածների համեմատ»,-մանրամասնեց նախարարը՝ հավելելով, որ 2022 թվականին իրականացվել են 36 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից կառավարության մասնաբաժինը՝ 18 մլրդ դրամ։

Ֆինանսական առումով մյուս ակնառու ցուցանիշը, ըստ գերատեսչության ղեկավարի, 132 տոկոս կատարողականն է, որն արձանագրվել է լրացուցիչ ֆինանսավորման եւ պլանավորվածից ավելի իրականացված աշխատանքի արդյունքում։

Սանոսյանը կարեւորեց նաեւ անցած տարի սուբվենցիոն ծրագրերի կարգի փոփոխությունները, որոնց արդյունքներն ավելի շատ նկատելի կլինեն 2024 թվականի ծրագրերում։

«Ընդհանրապես մենք սուբվենցիոն կարգն անընդհատ փոփոխում ենք։ Դա, երեւի, ամենաշատ փոփոխվող կարգերից մեկն է, եւ փորձում ենք, այսպես ասած, սովորելով աշխատել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փոփոխությունները որակական,  քանակական եւ թիրախային բնույթ են կրում։

Բացի այդ, դրանց արդյունքում կառավարությունը, իր մասնաբաժինը մեծացնելով, համայնքներին հորդորում է , որպեսզի այդ ծրագրերին ավելի մեծ ուշադրություն դարձնեն։

Նախարարն ընդգծեց, որ անցած տարին ոչ միայն տպավորիչ ցուցանիշներով է ամփոփվել, այլ նաեւ լավ հիմք է նախապատրաստվել 2024 թվականի լավ ցուցանիշների համար։

Կատարված փոփոխություններից նախարարն առանձնացրեց ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին ուղղված սուբվենցիոն ծրագրերը։

«Այդ համայնքները հիմնականում քիչ բնակիչներով են բնակեցված, եւ նրանց բյուջեները բավական քիչ են, ինչի հետեւանքով խոշոր ծրագրեր չեն կարողանում իրականացնել։ Մենք անցած տարվա վերջում սուբվենցիոն կարգում առանձին կարգավորում մտցրեցինք եւ այս տարի կկիրառենք. ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքների համար կառավարությունը 15 տոկոսով կմեծացնի իր մասնաբաժինը։ Սա շատ մեծ աջակցություն ու օգնություն է մեր այդ համայնքներին»,-պարզաբանեց Սանոսյանը։

Ինչ վերաբերում է մյուս պահանջված ուղղություններին, ըստ նրա, համայնքները շատ ունեն աղբահանության տեխնիկայի եւ աղբամանների կարիք։ Խնդրի լուծման համար ընդհանուր տեխնիկական միջոցների ցանկից առանձնացվել են մեքենաներն ու աղբամանները, եւ կառավարությունն իր մասնաբաժնի մեծացմամբ խրախուսում է դրանց ձեռքբերումը համայնքների կողմից։

Մի այլ փոփոխությամբ՝ պայման է, որպեսզի  համայնքները, մասնավորապես՝ ճանապարհային ծրագրեր ներկայացնելիս դրանց տակ կամ եզրերին առկա ենթակառուցվածքների վիճակի մասին պատկերացում ունենան, թե ինչն է փոխվել, եւ ինչը փոխելու կարիք ունի, ըստ այդմ այն ներառել ծրագրում։ Ճանապարհներին վերաբերող սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելիս անհրաժեշտ է նաեւ դրանց սպասարկումն ու համապատասխան տեխնիկա ունենալը հաշվի առնել։

Մշակութային տների նորոգման, հիմնանորոգման կամ կառուցման դեպքում կարեւորվել է բովանդակությունը։ Համայնքները պետք է ներկայացնեն, թե այդ մշակույթի տանը ինչ միջոցառումներ են իրականացվելու, ինչ խմբեր են աշխատելու, եւ ինչ ազդեցություն կունենա այդ ամենը  մշակութային կյանքի վրա։

«Սրանք միջոցներ են, որ մենք կառավարության եւ համայնքի ֆինանսական միջոցները ծախսելուց զատ, ստանանք այն արդյունքը, որը հիմնականում ակնկալվում է»,-շեշտեց Սանոսյանը։

Հաշվի առնելով ոռոգման եւ խմելու ջրերի համակարգերի անցկացման կարեւորությունը՝ կառավարությունը 5-ական  տոկոսով մեծացրել է իր մասնաբաժինը՝ փորձելով խթանել այս ուղղությամբ ծրագրերը։

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՀԱՆՎԵԼ Է ՕՐԱԿԱՐԳԻՑ

 

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված հարցը հանվել է առաջիկա ավագանու նիստի օրակարգից նախագիծն ավելի համապարփակ քննարկելու եւ ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով։

 

Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:

«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ, քաղաքական շահարկումներից եւ բացահայտ ստից զատ, շատ զուսպ, քաղաքակիրթ եւ կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները եւ ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ եւ արդարացի որոշման հանգելը։

Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը եւ կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման եւ նախագծի ստուգաբանման առիթ են դարձել հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված՝ խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից նախագիծն ավելի համապարփակ քննարկելու եւ ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- ասված է գրառման մեջ:

Փետրվարի 6-ի ասուլիսի ընթացքում Սուրեն Գրիգորյանը նշել էր, որ մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտի գնային փոփոխությունը նախատեսվում է կիրառել այս տարվա սեպտեմբերից: Նախագծի քննարկումը ներառված էր փետրվարի 13-ին նախատեսված ավագանու նիստի օրակարգում:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ԴԻՄԵԼ Է ՆԳՆ

Տուրիստական Դիլիջան քաղաքում թափառում են անտեր շների խմբեր, եղել են թափառող, անտեր շների կողմից մարդկանց վրա հարձակումների, երեխաներին կծոտումների բազմաթիվ դեպքեր։ Դիլիջանի համայնքապետարանը, համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը բավարար միջոցներ չեն ձեռնարկում թափառող, անտեր շների խնդիրը լուծելու համար։ Դիլիջան քաղաքի բնակիչներից մեկը Ֆեյսբուքի «Դիլիջանցիք» խմբում գրել է. «Ես գրավոր դիմել եմ ՀՀ ՆԳՆ առ այն, որ պարտավորվեն ապահովել իմ եւ այլոց անվտանգ ազատ տեղաշարժը, քանի որ որեւէ մեկը պարտավոր չի հանդուրժել թափառական շների հարձակումը կամ առհասարակ ներկայությունը հասարակական վայրերում, իմ կամ ձեր երեխաները պարտավոր չեն շների լեզուն  հասկանալ կամ դեմ գնալ բնության կողմից տրված իրենց ինտուիտիվ վախին ու շների հետ բարոյահոգեբանական թրիլլեր խաղան, ու ոչ մեկ թող երաշխիք չտա, թե բա «շունիկը չի հարձակվի»… Մարդը բարձրագույն արժեք է, հիշե՛ք,  հաստատ շնից ու կատվից առավել է, ու այլ հեքիաթներ չպատմեք ինձ։ Իմ գրավոր բողոքին լուծում չտալու դեպքում դիմելու եմ դատարան (արդեն կազմված հիմնավոր հայցադիմումով), որ պարտավորեցնեն համապատասխան կառույցներին ապահովել մեր ազատ, անվտանգ տեղաշարժը, որը ամրագրված է Սահմանադրությամբ։ Նաեւ ֆիքսելու եմ ու ներկայացնելու եմ իրավապահ մարմիններին այն մարդկանց կողմից գրված վիրավորանքները, որոնք ուղղված են այլ անձանց` հանուն շների «պաշտպանության»»։ Նույն խմբում քաղաքի բնակիչներից մեկը գրել է. «Գնացե՛ք, երաժշտական դպրոցում հարցրե՛ք ուսուցիչներին, թե քանի երեխայի են հանգստացնում. երեխաները ուշացած դպրոց են գնում, որովհետեւ մինչեւ երեխաները դպրոց են հասնում, լացում ու դողում են»։ Դիլիջանցի ծնողները հայտնում են, որ թափառող, անտեր շների պատճառով իրենց երեխաները դպրոցից վախեցած են տուն գալիս։ Դիլիջանի տարեց մի բնակիչ գրել է.  «Ես ապրում Դիլիջանի Մոլդովական փողոցում, ամառը մեր շենքի բակում 6 տարեկան ծոռանս վրա հարձակվել էին չորս շուն, փոքրիկին գզել էին բառիս բուն իմաստով, հիմա մեր այս երեք շենքերի բակում մի շուն 12 ձագ է լույս աշխարհ բերել. հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ծոռս պիտի գա ինձ մոտ հանգստանալու ու վախենալու է տնից դուրս գալ: Դուք՝ որպես կենդանասեր, ես ձեզնից պակաս կենդանասեր չեմ, ի՞նչ եք առաջարկում, ո՞րն է այս հարցի լուծումը: Եղած շները քիչ էին,12 -ն էլ նոր ավելացան. երեխաները վախից նստեն տա՞նը, դուրս չգա՞ն, էլ ինչո՞ւ են հեռավոր  ՌԴ ից հասնում Դիլիջան: Ստերջացումը օգուտ չի տալիս, սոված շների ոհմակը հարձակվում է, նույնիսկ ձեռքիդ աղբը չես հասցնում գցել աղբարկղը»։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս