ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Սա նախարար Մխիթար Հայրապետյանի՝ նման ձեւաչափով անցկացված առաջին հանդիպումն էր տեխնոլոգիական համայնքը ներկայացնող ընկերությունների, վերազգային կազմակերպությունների եւ միությունների հետ:

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ), բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտների զարգացման խթանմանն ու աջակցությանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությանը՝ կարեւորելով մտքերի փոխանակումը նշված ձեւաչափով եւ հույս հայտնելով, որ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

Նախարարի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման խթանման եւ ԲՏ ոլորտի զարգացման մասին օրենքի նախագծերի նախնական տարբերակները, որոնք կազմվել են ոլորտային ընկերությունների համատեղ ջանքերով եւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ:

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթի մշակման եւ ընդունման քայլերի հաջորդականությունը՝ նշելով, որ քննարկումից եւ մշակումից հետո օրինագծերը ներկայացվելու են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ:

«Ինչպես գիտեք, վաղուց արդեն հանրային տարատեսակ ընկալումներում հարցադրումներ են լինում, թե ինչու է պետությունն առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում տնտեսության այս կամ այն ճյուղին: Շատ կարեւոր է ցույց տալ, որ ոլորտի զարգացումը, ոլորտում ավելի ու ավելի շատ ռեսուրսների կենտրոնացումը բխում է յուրաքանչյուր քաղաքացու շահերից», – նշել է նախարարը:

Օրինագծերի աշխատանքային տարբերակները մշակելիս հեղինակներն ուսումնասիրել են Հայաստանի ՏՏ եւ ԲՏ ոլորտների զարգացման դինամիկան, տնտեսական ցուցանիշները, ոլորտի շրջանառությունն ու ներուժը, տնտեսական ընդհանուր միջավայրը՝ դիտարկելով առաջարկվող տնտեսական ազդեցության տարբեր սցենարներ: Նախագիծը նաեւ տալիս է բարձր տեխնոլոգիական ոլորտի սահմանումը, ներառում է ՏՏ եւ ինժեներական ոլորտները:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող նախագծի վերաբերյալ, հնչել են տարբեր կարծիքներ: Ուշադրություն է հատկացվել նաեւ գիտահետազոտական աշխատանք իրականացնող ընկերությունների խրախուսման, մասնագիտական կրթության խթանման եւ ուղեղների արտահոսքի եւ ներհոսքի հարցերին:

Նշվել է, որ առաջիկայում նախարարին է ներկայացվելու ՏՏ եւ ԲՏ ոլորտների զարգացման խթանմանն ուղղված օրինագծերի մի քանի սցենար, որոնք ներառելու են շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ տեխնոլոգիական համայնքի եւ այլ գերատեսչությունների կարծիքները:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

Ո՞ՐՆ Է ԵՂԵԼ ՍԿԶԲԻՑ

Աստղերի եւ սեւ խոռոչների առաջացման հարցը նման է հավի եւ ձվի թեմային. ո՞րն է եղել սկզբից։ Այսօրվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հսկայական աստղերը վերածվում են սեւ խոռոչների. դա ապացուցված փաստ է:  Ապացուցված է նաեւ վաղտեզերքում գերզանգվածային սեւ խոռոչների առկայությունը, որոնք պարզապես ժամանակ չէին ունենա ձեռք բերել այնպիսի զանգված, որոնք ունեն այսօր հայտնաբերվող սեւ խոռոչները: James Webb աստղադիտակը կարծես գտել է այս հանելուկի պատասխանը։

 

Վերջերս The Astrophysical Journal Letters գիտական ամսագիրը հրապարակել է մի հոդված, որում ԱՄՆ-ի Ջոն Հոփկինսի եւ Ֆրանսիայի Սորբոնի համալսարանի մի խումբ գիտնականներ հավաքել են James Webb-ի տվյալները վաղ տիեզերքում հայտնաբերված սեւ խոռոչների մասին։ Հոդվածում ավելի շատ ապացույցներ են ներկայացված հօգուտ այն վարկածի, որ աստղերը եւ սեւ խոռոչները ստեղծվել են միաժամանակ։ Այս տվյալները կհավաքվեն եւ կհամալրվեն նոր դիտարկումներով, որոնք ժամանակի ընթացքում հնարավորություն կտան ստեղծել տիեզերքի եւ իր օբյեկտների էվոլյուցիայի վերաբերյալ ավելի հիմնավոր տեսություն: Գիտնականները նկատել են, որ James Webb-ը գերզանգվածային մի սեւ խոռոչ հայտնաբերել է Մեծ պայթյունից 470 միլիոն տարի անց, եւս մեկը՝ 400 միլիոն տարի անց: Վերջինիս զանգվածը գնահատվում է 1,6 մլն արեգակի զանգվածի չափ։ Այն գտնվում է գալակտիկայի կենտրոնում, որն ավելի թեթեւ է, քան դրա կենտրոնում գտնվող սեւ խոռոչը: Նման զանգվածի սեւ խոռոչը չէր կարող աճել եւ հասնել այժմ ֆիքսված զանգվածի: Առ այսօր արված դիտարկումները վկայում են, որ սեւ խոռոչներն առաջացել են 50 արեգակից ավելի շատ զանգված ունեցող մեռնող աստղերի փլուզումից: Նման բան չէր կարող պատահել վաղ տիեզերքում, որպեսզի առաջացներ այնտեղ նկատված էֆեկտը՝ փոքրիկ գալակտիկա, որը հավաքված է գերզանգվածային սեւ խոռոչի շուրջ:

Հետազոտողները եզրակացնում են, որ սկզբնական սեւ խոռոչներն առաջացել են առաջին աստղերի հետ միաժամանակ կամ մի փոքր ավելի վաղ՝ սկզբնական նյութի ամպերից։ Ամպերի կենտրոնները փլուզվել են, եւ դրանցից յուրաքանչյուրում առաջացած սեւ խոռոչն սկսել է քամի առաջացնել՝ սկիզբ դնելով աստղերի ձեւավորման գործընթացին եւ արագացնելով այն։ Իրականում, առաջին սեւ խոռոչները դարձել են գործիք, որը հավաքել եւ վերափոխել է գալակտիկաները՝ դրանք վերածելով այն կառույցների, որոնք այսօր գոյություն ունեն։

«Մենք պնդում ենք, որ ամպերի գազային շիթերը դուրս են թռչում սեւ խոռոչներից՝ դրանք վերածելով աստղերի եւ զգալիորեն արագացնելով աստղերի ձեւավորման գործընթացը։ Մենք չենք կարող ճշգրիտ ուսումնասիրել այս ուժեղ քամիները կամ շիթերը, որոնք շատ-շատ հեռու են, սակայն գիտենք, որ դրանք պետք է մասնակից լինեն գործընթացին, քանի որ տեսնում ենք շատ սեւ խոռոչներ տիեզերքի վաղ փուլերում»,- նշել են աշխատանքի հեղինակները:

Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը որոշակի աջակցություն է տրամադրում այն գործատուներին, որոնք մշակող արդյունաբերության ոլորտում աշխատանքի են ընդունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Այս մասին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը՝ մանրամասնելով, որ աջակցությունն ուղղված է այն անձանց, ովքեր նոր են մուտք գործում մշակող արդյունաբերության ոլորտ եւ չունեն բավականին փորձ, գիտելիքներ այդ աշխատանքի համար։

«Ուսումնասիրությունների արդյունքում հանգել ենք այն մտքին, որ գործատուն բավականին ժամանակ, ռեսուրսներ եւ ջանք է գործադրում, որ նոր աշխատողն ունենա բավականաչափ արտադրողականություն։ Այդ պատճառով մենք նախատեսել ենք միջոցառում, որով եթե մարդը, որը նախկինում չի աշխատել տվյալ ոլորտում եւ գալիս է այստեղ, ապա մեկ տարի անընդմեջ աշխատելուց հետո գործատուին կտրամադրվի փոխհատուցում վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով։ Մեկ աշխատակցի համար կա որոշակի սահմանափակում, այն է՝ 500 հազար դրամ տարեկան»,- մանրամասնել է նախարարի տեղակալը՝ նշելով, որ, ըստ հաշվարկների, վերջինս բավարար է, որպեսզի աշխատողը վարձատրվի մինչեւ 250 հազար դրամ աշխատավարձով, եւ գործատուն ստանա համապատասխան փոխհատուցումը տարեվերջին։

Ըստ բանախոսի՝ մեկ տարի ժամկետն ընտրվել է այն տեսանկյունից, որ   առնվազն 6 ամիս է պետք, որպեսզի աշխատակիցը ստանա բավականաչափ գիտելիքներ ու հմտություններ, եւ նույնքան էլ ժամանակ է անհրաժեշտ, որ նա դառնա ընդհանուր թիմի մաս՝ ունենալով այն արտադրողականությունը, որը թույլ կտա գործատուին օգուտ ստանալ։

Գեւորգյանը հայտնել է, որ այս ծրագիրը գործում է ՀՀ բոլոր քաղաքացիների համար։

«Երբ աշխատակիցը նոր է մուտք գործում  ոլորտ, հարկային համակարգի միջոցով հնարավոր է կատարել ստուգում, եւ եթե այս աշխատակիցը չի աշխատել ոլորտում անցյալ 3 տարիների ընթացքում, ապա նա կարող է դառնալ ծրագրի շահառու»,-պարզաբանել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների դեպքում որոշ առանձնահատկություններ են սահմանվել, եւ չկա քաղաքացիության պահանջ, բացի այդ, չի ստուգվում նախկինում ունեցած աշխատանքային փորձը։

 




Լրահոս