«ԵԶՐԱՓԱԿԻՉ ԱՆՑՆԵԼՆ ԱՆԱԿՆԿԱԼ ԷՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Տիգրան Խանջարյանը հայտնվել է բելգիական «Starmaker» շոուի եզրափակչում։ Մրցույթը, որը բրիտանական նախագծի նախատիպն է, անցնում է մի քանի փուլով, որոնց ընթացքում մասնակիցներն իրենց ելույթներով նմանակում են փոփ երաժշտության աստղերին։  Տիգրանը նշեց, որ, ըստ մրցույթի կանոնների, «մասնակիցները պետք է փորձեն վերարտադրել իրենց բաժին ընկած հայտնի  երգիչների ստեղծագործությունները եւ իրենց կատարումներով հուզել հանդիսատեսին»։

 

Երգիչը մրցույթում հայտնվել է մայրիկի շնորհիվ, որը, առանց նրան տեղյակ պահելու, լրացրել է մասնակցության հայտը։ «Պատկերացրեք՝ ինչպիսին էր զարմանքս, երբ բելգիական հայտնի հեռուստաալիքը կապ հաստատեց ինձ հետ եւ հայտնեց, որ ընտրվել եմ հաղորդման նախընտրական փուլի համար եւ պետք է գնամ հանդիպման՝ ներկայացնելու իմ երաժշտական կարողությունները։ Իրոք, շատ չսպասված եւ հաճելի անակնկալ էր»։

Մինչ հաղորդմանը մասնակցելը Տիգրանն անցել է երկու նախընտրական փուլերով, որտեղ ներկայացրել է Շառլ Ազնավուրի, Ջոնի Հալիդեյի եւ մի շարք այլ հայտնի երգիչների ստեղծագործություններից։

«Ոգեւորված էի, քանի որ առաջին անգամ էի նման մրցույթի մասնակցում։ Ավելի քան 3500 թեկնածուներից ընտրվեցին միայն 72-ը»,-ասում է նա։

Կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր շոուին մասնակցում է չորս եռյակ. ամեն եռյակ ներկայացնում է մեկ երգչի։ Եռյակները հաջորդում են մեկը մյուսին, եւ մեկի հաղթողը շարունակում է մրցույթը մյուս եռյակիների հաղթողների հետ։ Եզրափակչում ժյուրին,  ինչպես նաեւ դահլիճում ներկա գտնվող հանդիսատեսը, պետք է քվեարկի իր ընտրած թեկնածուի օգտին:

«Ճնշումը մեծ է ինչպես բեմում, այդպես  էլ կուլիսներում, քանի որ միայն մեկ թեկնածու կշարունակի արկածախնդրությունը մինչեւ մեծ եզրափակիչ, որտեղ կընտրվի լավագույնը։ Ես ընդգրկված եմ ֆրանսիացի սիրված երգիչ Քենջիի խմբում, եւ մեր եռյակի անդամներով կատարել ենք նրա հայտնի «Andalouse» երգը։ Հաղթող եմ ճանաչվել, այնուհետեւ նրա մեկ այլ՝ «Les yeux de la mama» ստեղծագործության կատարմամբ անցել եզրափակիչ փուլ»,-պատմում է երգիչը։

Մրցույթում հրավիրված է միջազգային ժյուրի, որի կազմում են իսպանացի դերասանուհի, ռադիո եւ հեռուստահաղորդավարուհի Մարիա Դել Ռիոն, ինդոնեզական ծագումով ֆրանսիացի երգչուհի Անգունը, իսպանացի դերասան եւ երգիչ Ագուստին Գալիանան, ինչպես նաեւ ֆրանսիացի դերասան, երգիչ Միկայել Գրեգորիոն, որը հայտնի է աստղային նմանակումներով։ Շոուի հանդիսավարը ճանաչված բելգիացի հաղորդավար Սանդրին Կորմանն է։

Տիգրանը խոստովանում է՝ որքան էլ ներքին ձայնը հուշում էր, որ կհաղթահարի առաջին փուլը, եզրափակիչ անցնելն անակնկալ էր։ «Անկեղծ ասած՝ ցանկությունս շատ մեծ էր, որ գտնվելով օտարության մեջ՝ բարձր պահեի մեր ազգի պատիվը, բայց սա միաժամանակ Եվրոպայում երաժշտական կարիերաս շարունակելու համար կարեւոր հանգամանք է։ Առջեւում դեռ կա վեց հաղորդում, եզրափակիչ փուլը կկայանա մարտի կեսերին, ուր հաղթող կճանաչվի մնացած ինը մասնակիցներից մեկը։ Օրը դեռ հայտնի չէ»։

Առայժմ պարզ չէ, թե ինչ երգով է երգիչը հանդես գալու եզրափակչում. «Իրենք են կատարելու երգի ընտրությունը, բայց մի բան հաստատ է, որ այն լինելու է Քենջիի ստեղծագործություններից, քանի որ նախագծի պայմանների համաձայն՝ սկզբից մինչեւ վերջ իրեն եմ ներկայացնելու»։

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ԾԱՂԻԿՆԵՐ՝ ՊՈԵՏԻ ՇԻՐՄԱՔԱՐԻՆ

Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու՝ հայոց մեծերի պանթեոնում փետրվարի 9-ին տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 139-ամյակին նվիրված խնկարկման արարողություն՝ «Տերյանի հետ» խորագրով։

 

Արդեն ավանդական դարձած միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին մեծ պոետի շիրմաքարին եւ հարգանքի տուրք մատուցել։

Միջոցառման համակազմակերպիչ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն իր խոսքում կարեւորեց Տերյանի հայրենանվեր հասարակական-քաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ նա, բավականին բարձր պաշտոն զբաղեցնելով  խորհրդային Ռուսաստանում, մեծ ջանքեր է գործադրել հայանպաստ որոշման նախագծերի մշակման ու որոշումների կայացման համար։

Ըստ բանախոսի՝  բանաստեղծը մեծ հիասթափություն ապրեց  Արեւմտյան Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ բոլշեւիկյան իշխանության վարած քաղաքականությունից եւ որոշեց հեռանալ կուսակցությունից ու Ռուսաստանից, սակայն ճանապարհին վախճանվեց։

«Տերյանը՝ որպես խոհեմ մարդ, շատ մեծ գործ է կատարել հայ-վրացական բարեկամություն հաստատելու առումով։ Նա սովորել է վրացերենը եւ հայերեն թարգմանել  վրացի մեծ պոետ Շոթա Ռուսթավելու հանրահայտ «Ընձենավորը» պոեմի նախերգանքը, ինչը հսկայական նշանակություն է ունեցել հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման համար»,-ասաց Թորոսյանը՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական փոխադարձ թարգմանությունների նախատիպը եղել է հենց այդ նախերգանքի թարգմանությունը։

«Ջավախք» հայրենակցական միության նախագահի դիտարկմամբ՝ Տերյանն այն համարձակ ու ոգեղեն կերպարն էր, որ Թումանյանի ու Իսահակյանի ժամանակաշրջանում կարողացավ ասել իր նոր ու ինքնատիպ խոսքը՝ բարձր գնահատվելով հենց նրանց կողմից։

«Տերյանի պոեզիայի հենքի վրա հայ պոեզիայի տաղաչափության նոր կանոններ են առաջ եկել։ Նա ջարդուփշուր արեց դասական տաղաչափությունը եւ նոր կանոններ դրեց»,- նշեց Թորոսյանը։

Անդրադառնալով ժամանակակից սերնդի համար մեծ պոետի արդիականությանը՝ նա նշեց, որ անհնար է պատկերացնել սիրո գեղեցիկ զգացողությունն առանց Տերյանի պոեզիայի, որը լցնում է հիասթափության դատարկությունն ու բազմապատկում սերը։

Միջոցառման մասնակիցներն ասմունքեցին  նաեւ բանաստեղծի սիրված գործերից, ինչպես նաեւ հնչեցին երգեր՝ ստեղծված նրա բանաստեղծությունների հիման վրա։

Միջոցառմանը ներկա էին  Հայաստանի գրողների միության, մշակույթի եւ արվեստի, կրթության եւ գիտության բնագավառների, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ուսուցիչներ ու աշակերտներ, պոեզիայի երկրպագուներ:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը մեկնաբանել է վիճակահանության արդյունքները:

«Հետաքրքիր խումբ է: Ֆարերյան Կղզիների հետ հանդիպելու փորձ չունենք։ Գիտեմ, որ այնտեղ արհեստական խոտածածկով մարզադաշտ է, որի վրա դժվար է խաղալ։

Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղացել ենք, շատ լավ հավաքական է։ Բավական լավ ու որակյալ խաղեր է խաղացել Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։

Լատվիան անհարմար հավաքական է, որն ունի նոր իտալացի գլխավոր մարզիչ։ Ինձ համար լավ առիթ է Լատվիայից կրած ցավալի պարտությանը տալու արժանի պատասխան։ Կարող եմ ասել, որ հիմա թույլ ընտրանիներ չկան, ու հաստատ լավ պայքարի ենք ականատես լինելու Ազգերի Լիգայի գալիք խաղարկությունում։ Ըստ իս՝ մեր խմբում ֆավորիտը Հյուսիսային Մակեդոնիան է»,- Պետրակովի խոսքերը փոխանցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Լատվիայի հավաքականները։

 

 

ԿԱՐԵՎՈՐԵԼ Է

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Եվրոպայի առաջնությունը փորձնական մրցաշար չի համարում:

«Դժգոհ չեմ մարզիկների պատրաստվածությունից, բայց չեմ կարող ասել, թե գոհ եմ: Եվրոպայի առաջնությունը մեզ համար փորձնական մրցաշար չէ: Այն մեզ համար մնում է կարեւոր մրցաշարերից մեկը: Միշտ եմ կարեւորում Եվրոպայի առաջնությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնագետը:

Կուրղինյանի խոսքով` մարզիկներից շատերը այս շրջանում նաեւ կկարողանան իրենց ուժերը փորձել միջազգային ասպարեզներում:

«Մյուս 4 քաշային կարգերում, որոնցում մենք դեռեւս Օլիմպիական խաղերի ուղեգիր չունենք, երիտասարդ մարզիկներ են: Սակայն ձգտելու ենք մի քանի ուղեգիր եւս նվաճել»,-ասաց նա:

Ըստ քաշային կարգերի՝ Եվրոպայի առաջնության մեդալների համար կպայքարեն՝  Արսեն Հարությունյան՝ 57 կգ, Մեջլում Մեջլումյան՝ 61 կգ, Վազգեն Թեւանյան՝ 65 կգ, Արման Անդրիասյան՝ 70 կգ, Հայկ Պապիկյան՝ 74 կգ, Արման Ավագյան՝ 79 կգ, Մուշեղ Մկրտչյան՝ 86 կգ, Իբոյան Կնյազ՝ 92 կգ, Սերգեյ Սարսգյան՝ 97 կգ, Լեւոն Գեւորգյան՝ 125 կգ:

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չէ Փարիզի օլիմպիական խաղերի համար: Առաջնությունը կկայանա Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-18-ը:




Լրահոս