Գյումրիում ազգությամբ եզդի, 23-ամյա Մաքսիմ Բաքոյանը մարտի 15-ին սպանել է իր խորթ հորը ՝ ազգությամբ քուրդ, 54-ամյա Էվիլիա Գյուլիշթեքինին:
Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը Armlur.am-ին հայտնեց, որ Բաքոյանը, եզդիների օրենքով, իրավունք ուներ սպանելու խորթ հորը ` մոր վրեժն առնելու համար:
Ազիզ Թամոյանի փոխանցմամբ, ըստ եզդիների կրոնական օրենքների Բաքոյանը ճիշտ է վարվել: «Օրենքով նա չպետք է դատվի: Մեր ազգային կրոնական օրենքներով նա իր մոր վրեժն է առել: Նա Գյումրիում շատ բարեկամներ ունի: Հայաստանի օրենքներով նա մարդասպան է, իսկ մարդասպանը պետք է պատասխան տա: Ձեր օրենքն այդպես է ասում, բայց մեր ազգային օրենքով մեր բանահյուսությամբ ` վրեժն առնելու համար նա իրավունք ուներ նման բան անելու: Բայց ազգային օրենքը որտե՞ղ է անցնում»,- նշեց Թամոյանը ` հավելելով, որ Բաքոյանը Գյումրիում շատ բարեկամներ ունի, սակայն որևէ մեկն ի զորու չէ նրան օգնելու:
Թամոյանը Armlur.am-ին հայտնեց նաև, որ ամենայն հավանականության ինքը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կդիմի, որպեսզի մեղմ վարվեն Բաքոյանի հետ և կտեղեկացնի եզդիների օրենքի մասին:
«Մուսուլմանները սովորաբար հնարավորություն ունեն տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց հետ ամուսնանալ: Եզդիներն իրավունք չունեն: Բայց Բաքոյանի մոր ամուսինը քուրդ է եղել: Ամուսնու եղբայրն այդ կնոջը սպանում է մեկ տարի առաջ: Հետո քուրդը գալիս է Գյումրի, կնոջ տղան այնտեղ է լինում, լսում է, որ եկել է, գնում սպանում է ու իր մոր վրեժն է առնում»,- ասաց Թամոյանը:
Հիշեցնենք, որ Բաքոյանի մորը ՝ Մայա Բաքոյանին մոտ մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու եղբայրը ՝ 4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով կնոջը:
Տաթև Հարությունյան