ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ՝ ԱԿՏԻՎ ԳՈՐԾՈՒՂՎՈՂՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական պատգամավորների հետ առաջիկայում գործուղումների են պատրաստվում մեկնել նաեւ ընդդիմադիր պատգամավորները:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ կայքից տեղեկացավ, որ փետրվարի 21-24-ը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Սարգիս Խանդանյանի, Մարիա Կարապետյանի, Լիլիթ Մինասյանի հետ Վիեննա կմեկնի նաեւ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը:

Փետրվարի 14-17-ը Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում կլինի նաեւ Գեղամ Մանուկյանը:

Իսկ ինչպե՞ս է ընդդիմությունը որոշում՝ թե ով պետք է մեկնի գործուղման. «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ պատվիրակության կազմում ընդգրկվում են այն պատգամավորները, որոնք տվյալ  երկրների բարեկամական խմբերում են ընդգրկված.

«Հիմնականում ԱԺ-ից խմբակցության ղեկավարությանն են հարցնում՝ ովքեր ընդգրկվեն, իսկ շատ դեպքերում ԱԺ նախագահն ինքնուրույն է որոշում։  Օրինակ՝  եղել են դեպքեր, որ ես պետք է պատվիրակության կազմում  մեկնեի ՌԴ, բայց ինձ չեն ընդգրկել, այսինքն՝ ԱԺ նախագահը, դատարանի փոխարեն, որոշում է կայացրել, ու ես նրան էլ այս մասին ասել եմ»,-ասաց նա:

Նկատեցինք նաեւ, որ ընդդիմության կազմից գործուղումների մեկնում են հիմնականում «Դաշնակցության»  ներկայացուցիչները. հատուկ որոշում կա արդյոք նրանց մասով խմբակցությունում, որ միայն «Դաշնակցության»  ներկայացուցիչները պետք է լինեն պատվիրակությունների կազմում. մեր այս հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց.

«Խմբակցության ներսում մենք որոշումները չենք կայացնում՝ հաշվի առնելով «Դաշնակցության»  անդամ լինել-չլինելը:

Մենք որոշում կայացնում ենք՝ հաշվի առնելով նրանց մասնակցությունը այս կամ այն միջազգային պատվիրակություններում ու բարեկամական խմբերում: Մենք հարգում ենք «Դաշնակցություն»  կուսակցությունը, բայց նրանց մասով  միակողմանի որեւէ որոշում չկա»:

 

 

 

 

 

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. նախագահությունում նստած է եղել նաեւ Վահե Ղալումյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները փոխքաղաքապետի հետ քննարկել են տրանսպորտի թանկացման նախագիծը: Հիշեցնենք, որ հանրության շրջանում բարձրացած մեծ աղմուկից  հետո իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ, որպեսզի փոքր-ինչ պարպեն դժգոհությունների մեծ ալիքը: Իշխանականները վտանգ են զգում, որ ավտոկայանատեղիների թանկացումից հետո տրանսպորտի գնի կտրուկ թանկացումը լուրջ կրքեր է բորբոքելու հանրության շրջանում, ու այլեւս իրենք էլ չեն կարողանա վերահսկել իրավիճակը, ուստի որոշել են զիջումների գնալ, օրինակ՝ նվազեցնել ուղեվարձի թանկացման չափը: Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը տրանսպորտի թանկացման նախագծի «համակարգողներից է», ՔՊ-ականներին ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել նախագծում, որպեսզի այն սեղմ ժամկետում ամբողջական տեսքի բերեն ու կրկին ներկայացնեն ավագանու նիստին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, իշխանական պատգամավորներն էլ կիսել են տեսակետը, որ իրավիճակը ավելի չբորբոքելու համար պետք է որոշակի զիջումների գնալ, ձեռնպահ մնալ առայժմ թանկացումներից կամ դա անել անցումներով՝ ոչ միանգամից:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը վարույթ ընդունել։ Նշենք, որ գլխավոր դատախազը բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։  Այդ մերժումը նշանակում է, որ գեներալը կմնա ազատության մեջ։ Հիշեցնենք, որ Վարդապետյանը պահանջում էր վերացնել ՀՀ հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի որոշումը եւ կալանավորել գեներալին։ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը դեկտեմբերի 2-ին ազատ էր արձակվել 9-ամսյա կալանքից՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը նաեւ վարչական հսկողություն է նշանակել, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան զինվորականը երեկոյան 10-ից մինչեւ առավոտյան 7-ը պետք է տանը լինի։ Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանն «Ազատությանն» ասաց՝ դատավորն այս որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ։ «Այն, որ մարտ ամսից է կալանավորված, այն, որ 9 ամիս կալանքի տակ գտնվելու ընթացքում քննությունը ոչ մի քայլ առաջ չի գնացել, այն, որ մայիսին սկսած դատաքննությունը դեռ նախնական դատալսումներ են, այն, որ 90 հոգի վկա դեռ կա լսելու, այն, որ 60 հատոր գործ կա, այն, որ նիստերը 2 շաբաթը մեկ են, այն, որ վաղեմության ժամկետին մնացել է երկու ամիս»,- ասել է նա: 46-ամյա Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման համար. այս գործով մեղադրյալի աթոռին են եւս 12 հոգի, նրանց թվում՝ պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Խաչատուրովը երրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր։ 2020 թվականի օգոստոսին՝ պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած տավուշյան լոկալ մարտերի համար նա պարգեւատրվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով ու գեներալ-մայորի կոչում ստացավ։ Արդեն 44-օրյա պատերազմից հետո նա միացավ մոտ չորս տասնյակ բարձրաստիճան զինվորականներին, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Այս պահանջից ամիսներ անց նրան ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Գործը, որով անցնում է Խաչատուրովը, առնչվում է Արարատի մարզում ժամանակին Պաշտպանության նախարարությանը պատկանած հողամասի ու շինության վաճառքին։ Պատգամավորական անձեռնմխելիությամբ օժտված Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու համար գործարքների մանրամասներն ամիսներ առաջ խորհրդարանում ներկայացրել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ըստ այդմ՝ ռազմական գերատեսչությունն 8 տարի ղեկավարած Օհանյանը իրավունք չուներ օտարել պետության գույքը, բայց դրանք փաստացի վաճառվել են զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով, իսկ վերջինս էլ դրանք բանկում գրավադրել է 18 միլիոնով։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ դատական համակարգը ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի փաթեթը ուղարկել է Ազգային ժողով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Դավիթ Բալայանի հարցը այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում է, եւ ստուգվում է նրա բարեվարքությունը։ Առաջիկայում հանձնաժողովը ՍԴ դատավորի թեկնածուի բարեվարքության եզրակացությունը  կուղարկի Ազգային ժողով, որտեղ էլ վերջնականապես կորոշեն քվեարկության օրը։ Ինչ է սպասվում ԱԺ-ում՝ կհետեւենք զարգացումներին։ Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրը՝ Դավիթ Խաչատուրյանը, որը մի քանի ամիս առաջ էր ԲԴԽ-ից գնացել ու ԱԺ-ում ընտրվել էր Վճռաբեկ դատարանի դատավոր։ Դատավորները 158 ձայն  տվեցին Դավիթ Բալայանին։ Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը հրաժարական տվեց, եւ ԱԺ-ն, հիմք ընդունելով հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 2024 թվականի հունվարի 4-ից դադարած համարեց Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները: Նշենք, որ Թունյանն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր եւ այդ պատճառով հրաժարական տվեց ՍԴ դատավորի պաշտոնից:

 

 




Լրահոս