Ինչ փոփոխություններ են սպասվում արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման կարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Հաշվի առնելով արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մասնագիտական պատրաստվածության և կարողունակությունների բարձրացմանը զուգահեռ համահունչ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է կարգում կատարել համապատասխան փոփոխություններ ու լրացումներ։

Մասնավորապես՝ ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար կտրամադրվի կարգով սահմանված դեպքերում՝ 5 տարի ժամկետով՝ փաստացի դասավանդելու դեպքում՝ անկախ նրանից, թե որ ուղղությամբ է ատեստավորվել:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվել է ամրագրված լրավճար հետևյալ տրամաբանությամբ․

Ատեստավորման արդյունքում՝

90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․

80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից․

70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից.

60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 55 333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման պայմանների բարելավմանը, ինչպես նաև կադրային համալրման և ուսուցման գործընթացի բարձրացման արդյունավետությանը։

Առաջարկվող լրացումները թույլ կտան նաև մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և զարգացման հնարավորությունները, ապահովել մանկավարժների մասնագիտական զարգացման շարունակականությունը և կատարելագործել ուսհաստատությունների կառավարման մեխանիզմները։

Նախագծով սահմանվել է, որ որոշման պահանջները չեն տարածվում 2023 թվականին կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների վրա։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 7-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:




Լրահոս