ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ՝ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը եւ սկզբունքները համաձայնեցված են, եւ նախորդ տարեվերջին  թվում էր, թե, ի վերջո, պայմանագրի վերջնական տեքստի համաձայնեցումը շատ մոտ է, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո Ադրբեջանում նախագահական ընտրություններ նշանակվեցին»,- բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե  ինչ կետում է եւ ինչու է ձգձգվում Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը:

 

«Նախ պետք է արձանագրել, որ միջազգային երեք ֆորմատներում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության սկզբունքները համաձայնեցված են: Առաջինը տեղի է ունեցել 2022թ. հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ես, եւ մենք երկար քննարկումներից հետո ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է հետեւյալ սկզբունքը, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Փաշինյանը՝ պարզաբանելով, որ  Ալմա-Աթայի հռչակագրով, որ ստորագրել են Խորհրդային Միության մաս կազմած 12 հանրապետություններ, արձանագրվել է՝ առաջինը՝ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ, եւ այդ հանրապետությունները, դառնալով ինքնիշխան պետություններ, ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը եւ սուվերենությունը: Այդպիսով, Ալմա-Աթայի հռչակագրով՝ Խորհրդային Միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են այլեւս պետական սահման:

«Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետեւ Ալմա-Աթայի հռչակագրում արձանագրվում է, որ այդ հանրապետություններն ընդունում են գոյություն ունեցող սահմանները, այսինքն՝ այդ պահին ինչ սահման գոյություն ուներ, նրանք այդ սահմանների անձեռնմխելիությունը ճանաչում են: Եվ, իհարկե, այստեղ մի շատ կարեւոր նրբություն կա, որ ես ուզում եմ ընդգծել. Ալմա-Աթայի հռչակագիրը եւ հռչակագրի հետ կապված փաթեթները Հայաստանի խորհրդարանը վավերացրել է 1992 թվականին, Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է ավելի ուշ: Ստորագրումից եւ վավերացումից հետո տեղի են ունեցել շատ իրադարձություններ, բայց այս համատեքստում շատ կարեւոր է արձանագրել, որ Պրահայում հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահի եւ Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Հայաստանը եւ Ադրբեջանը, ըստ էության, այդ բոլոր իրադարձություններից հետո վերահաստատել են, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ներկայացրել է ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով՝ երկրորդ կարեւոր կետն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը պետք է դառնա երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հիմքը: Սա էլ շատ կարեւոր սկզբունք է, ինչն այս համատեքստում նշանակում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված, վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն գետնի վրա, քարտեզների վրա:

Փաշինյանի գնահատմամբ՝ Պրահայում ձեռք է բերվել առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունը, որին հաջորդել է հոկտեմբերի 30-ին  Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իր եռակողմ հայտարարության ստորագրումը, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, եւ հայտարարում են, որ հրաժարվում են ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, եւ բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով:

«Այս պայմանավորվածությունն է նաեւ հիմք դարձել՝ երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձեւավորման եւ ձեւակերպման, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը եւ միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգման շրջանակներում, եւ այդ սկզբունքն էլ նախորդ երկու սկզբունքների հետ արձանագրվել է մայիսի 14-ին եւ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում: Ընդ որում՝ բոլոր, ինչի մասին ասում եմ, խոսքը հրապարակային փաստաթղթերին է վերաբերում»,- ընդգծել է վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո այս կետերի շուրջ կհաջողվի հասնել իմպլիմենտացիայի քաղաքական կամքի առկայության դեպքում:

«Կարող եմ արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նախկինում, ունի այդ քաղաքական կամքը՝ գնալու մեր տարածաշրջանում կոնկրետ խաղաղության եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման՝ վերը նշված պայմանավորվածությունների հիման վրա»,- շեշտել է Փաշինյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

 

«Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական, զարգացող պետություն է եւ իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ իր  դիմակայունությունը բարձրացնելու համար». այս մասին բրիտանական «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատերազմի մտավախության մասին հարցին:

«Վերջին տարիներին, կարծում եմ, միջազգային հանրությունը տեսավ, եւ մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է: Մենք շարունակում ենք բարեփոխումների ճանապարհը Հայաստանի դիմակայունությունը մեծացնելու եւ բարձրացնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է տարածքաշրջանային ապակայունացմանը եւ դրան ուղղված քայլերին, իհարկե, ցանկացած բանական մարդու մոտ դա առաջացնում է մտավախություններ»,-նշել է Փաշինյանը:

Նա կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական հարաբերությունների բնույթի արձանագրումը:

«Թեպետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, ես պարտավոր եմ հղվել մեր կողմից ստորագրված փաստաթղթերի վրա: Մենք Ադրբեջանի հետ ունենք ստորագրած փաստաթուղթ՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ: Եթե այս տրամաբանությամբ նայենք, եւ եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա, ինչո՞ւ միայն Հայաստանի վրա: Նայեք Ադրբեջանի շուրջը. եթե ինքն իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն կարող է ցանկացած իր հարեւան երկրի վրա հարձակվել, եթե այդպես է»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն պետք է հետեւի իր ստանձնած պարտավորություններին:

Ս.  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

ԼՈՒԾԱՐՎԱԾ ՉԷ

Մինչ հանրությունն անօգուտ սպասում է ՔՊ-ի աուդիտի խայտառակ արձանագրումների քրեաիրավական ընթացքին, ի հայտ է գալիս այլ նմանատիպ հարց։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ գոյություն ունի «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամ ՀՄԴ-ն, որը, համաձայն պետական ռեգիստրի տվյալների, գործող է, լուծարված չէ եւ չի գտնվում լուծարման գործընթացում։ Հիմնադրամը գտնվում է Նիկոլ Փաշինյանին պատկանող տան հասցեում` Նժդեհի 29 շենք 15 բնակարանում, այստեղ գրանցված այս հիմնադրամն իր գոյության 11 տարիների ընթացքում ներկայացրել է ընդամենը մեկ հաշվետվություն 2015 թվականի, առանց ադմինիստրատիվ ռեսուրսի, գրեթե չունի նվիրատվություններ եւ ընդամենը ծախսել է 6.8 միլիոն դրամ՝ ներկա 100-ավոր միլիոնների փոխարեն։ Բանն այն է, որ այս հիմնադրամը, որը պետական ռեգիստրում գրանցված իրավաբանական անձ է համարվում, համաձայն ՀՀ օրենքի, պարտավոր է վճարել հարկեր, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Փաստն այն է, որ հիմնադրամը չի կատարում օրենքով սահմանված պայմանները։

Հետաքրքիրն այն է, որ 2013 թվականին, երբ հիմնադրամը ստեղծվում էր, տնօրենն էր ներկայիս շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ 2018 թվականին Սիմիդյանին փոխարինել է այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, որն այժմ հանդիսանում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։

Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաեւ այլ գործընկերների հետ։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։

Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, այդ թվում՝ ՀՀ-ում իրականացված բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասով։ Կդիտարկվեն նաեւ տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ հաշվի առնելով ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները։ Քննարկվելու են նաեւ անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում եւ տարածաշրջանային հարցեր։

Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը եւ Ժոզեպ Բորելը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով, որը ԵՄ խորհրդի կողմից ուղիղ կհեռարձակվի Երեւանի ժամանակով 17:00-ին։

 




Լրահոս