ՄԻՋԱՄՏԵԼ Է ԷՄՄԱ ՊԱԼՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու բազմաբնակարան շենքերից մեկում, որտեղ ապրում է ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, միջադեպ էր եղել։ Եվ, ահա, Քննչական կոմիտեն որոշում է կայացրել վերոնշյալ դեպքով։

 

Մասնավորապես, Արկադի Ավոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու նախնական դիտավորությամբ նախապես ձեռք բերված կանաչ գույնի պլաստմասե շշի մեջ լցված բենզինով մոտեցել է Գյումրի քաղաքի Պ. Սեւակ փողոցի 13-րդ շենքի բակ, որտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենան այրելու նպատակով կոտրել է վարորդի դռան ապակին, բենզինը լցնելով ավտոմեքենայի սրահի մեջ՝ այրել է այն, այնուհետեւ իր հանցավոր նպատակը ավարտին հասցնելու դիտավորությամբ ձեռքին առկա դանակով կտրել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ավտոմեքենայի ջրատար խողովակը, ինչից հետո մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի՝ դանակի գործադրման սպառնալիքով, հասարակության եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու դիտավորությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Վ. Գյոզալյանի, Ս. Սարգսյանի, ինչպես նաեւ ավտոմեքենայի կրակը հանգեցնելու վերաբերյալ կոչեր անող եւ օգնության հասած քաղաքացիների հասցեին:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16։12-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Պարույր Սեւակի փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դեպքը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքում, որտեղ ապրում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:

Ինչպես մեր աղբյուրներն էին պատմում, հարցը առաջացել է կենցաղային խնդրից, երկու հարեւաններ կենցաղային հարցով վիճել են, այնուհետեւ դեպքին միջամտել է նաեւ Էմմա Պալյանը:

ՔՊ-ական պատգամավորը փորձել է հանդարտեցնել իրավիճակը, բայց իրականում ավելի է թեժացել իրավիճակը:

Ինչպես ականատեսներն էին պատմել, նա սկսել է բղավել, իշխանական հայտարարություններ անել, ասել է, թե սա նախկինների Հայաստանը չէ, որ նման կռվներ անեն: Էմմա Պալյանի այս հայտարարություններն ավելի էին բարկացրել հարեւաններին, ու իրավիճակը ավելի է թեժացել: Վիճաբանությունն էլ հանգեցրել է նրան, որ հարեւաններից մեկը շենքի բակում մեքենա է այրել:

ArmLur.am-ը զրուցել էր նաեւ Էմմա Պալյանի հետ. վերջինս հաստատել էր, որ մեքենան իրենց բակում է այրվել, սակայն նշել, որ իրենց մեքենան չի, եւ ինքը որեւէ կռվի չի միջամտել. «Դեպքը մեր բակում է տեղի ունեցել, ես բազմաբնակարան շենքում եմ ապրում, բայց մեքենան մեր ընտանիքինը չէ, մեր հարեւանի հետ է դեպքը տեղի ունեցել: Ինչ վերաբերում է կռվին, ես այդ օրերին Երեւանում եմ եղել, կռվի մասին տեղեկություն չունեմ, որեւէ միջադեպի չեմ խառնվել, տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, ձեզանից եմ լսում»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ Էմմա Պալյանն աչքի էր ընկել իր մեկ այլ սկանդալային հայտարարությամբ, երբ ասել էր, որ իր ամուսնուն գրանցել է որպես իր՝ հասարակական հիմունքներով օգնական, որպեսզի դրսում իրեն չսպասի եւ չմրսի։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

Ո՞Ր ՄԻ «ԾԱԼԱՊԱԿԱՍԸ» ՈՐՈՇԵՑ

Փետրվարի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Եղբայրության եւ Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai եւ Honda մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք վիրավորներին մինչեւ հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երեւանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Պարեկային ծառայության Երեւան քաղաքի քնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երեւան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադեւոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը։

Վթարի վայրի հարեւանությամբ բնակվող քաղաքացիները իրենց զայրույթն էին հայտնում՝ ասելով. «Այս խաչմերուկում դեռ սովետական տարիներին լուսակիր (սվետաֆոր) էր գործում, եւ, կարելի է ասել, թե՛ վարորդները, թե՛ հետիոտները, թե՛ բնակիչներս անվտանգ էինք մեզ զգում։ Սովետի փլուզումից հետո ո՞ր մի «ծալապակասը» որոշեց, որ էս խաչմերուկից պետք է «սվետաֆորները» հանեն, ու դրանից հետո գրեթե վթարները նշված վայրում հաճախակիացել են։ Մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին՝ պնդելով, որ լուսակիրները նորից տեղադրեն. ամեն անգամ խոստանում են, բայց լրիվ «օդ» են դուրս գալիս: Անգամ լուսակիրների բացակայության պատճառով մահվան ելքով վրաերթեր, ավտովթարներ են տեղի ունեցել։ Մի՞թե այդ «չինովնիկներին» դուր է գալիս նման դեպքերի կրկնությունը։ Լուսակիրները դրե՛ք, հակառակ դեպքում վթարները չեն պակասի, ու մարդկանց համբերության բաժակը մի օր կլցվի ու կդիմեն ամենակտրուկ միջոցների»։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՓԱԽՈՒՍՏԻ ՉԻ ԴԻՄԵԼ

Փետրվարի 12-ին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Ռուստամ Ս-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փարաքար գյուղի Այգեստան փողոցի թիվ 59 տան մոտ հետընթաց կատարելու ընթացքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 16-ամյա Պետրոս Տ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն մինչ շտապօգնության ժամանումը ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանը իր ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Մինչ այդ Տ. Մուրադյանը բուժօգնություն է ցուցաբերել երեխային՝ օգտագործելով ծառայողական ավտոմեքենայի մեջ պահվող դեղատուփից անհրաժեշտ պարագաներ:

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի եւ դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են պարեկներ Տ. Մուրադյանն ու Ն. Բաբայանը:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գեւորգ Միքայելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը իր մորը հիվանդանոց տեղափոխելիս է եղել, եւ տեղի է ունեցել վրաերթը, եւ ի շնորհիվ պարեկի եւ Վաղարշապատի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 




Լրահոս