ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության դպրոցներում 5-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտները, «Առողջ ապրելակերպ» խմբակի նոր չափորոշիչներով դասընթացներին մասնակցելով, հնարավորություն ունեն ծանոթանալու կարեւոր հարցերի մի շարք ուղղություններով՝  սնուցում եւ ֆիզիկական ակտիվություն, աճ, զարգացում, հիգիենա, անվտանգություն եւ այլն։ Խմբակը նշված դասարանների համար դարձել է պարտադիր։ Աշակերտները հիմնական դասացուցակով նախատեսված ժամերից հետո մասնակցում են խմբակի դասերին։ Խմբակի դասընթացները տնային աշխատանքներ չեն նախատեսում, երեխաները դասընթացի բովանդակությանը ծանոթանում են բացառապես դասարանում։ Չկա առարկայի դասագիրք, կա միայն ուսուցչի ձեռնարկ։

 

Օրերս համացանցում ակտիվ քննարկման առարկա դարձավ «Առողջ ապրելակերպ» դասընթացի բովանդակությունը։ Նշվում էր, որ 5-րդ դասարանում անդրադարձ կա սեռական դաստիարակությանը, պահպանակների օգտագործմանը։ Կարծիքներ էին հնչում այն մասին, որ 5-րդ դասարանում նման թեմաներով դասընթացները ճիշտ չեն։ Անդրադառնալով նշված դիտարկումներին ու մտահոգություններին՝  «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ սխալ տեղեկատվություն է տարածվում. կա թյուրըմբռնում։ Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման եւ զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ նախ առողջ ապրելակերպի դասընթացները նորություն չեն, դրանք կան 2007 թվականից, պարզապես ներառված էին «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում՝ բարձր դասարանների համար։

«Հիմա նպատակ է դրվել առանձին խմբակի ձեւաչափով դասընթացը կազմակերպել, որպեսզի այն լինի առավել արդյունավետ, քանի որ մշտադիտարկումը ցույց է տվել որոշակի բացեր։ Ոչ միշտ էր, որ «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում ուսուցիչները պատշաճ անդրադառնում էին թեմաներին։ Առանձին խմբակի ձեւաչափով դասընթացը կազմակերպելուց զատ, նոր չափորոշիչներով դասավանդում նախատեսվել է նաեւ 5-ից 7-րդ դասարանների աշակերտների համար։ Տարրական դասարանում առողջ ապրելակերպի թեմային անդրադարձ կատարվում է «Ես ու շրջակա աշխարհը» առարկայի շրջանակում, 8-ից բարձր դասարանի աշակերտները թեմային ծանոթանում են «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում։ Ստացվում էր՝ միջին դասարանների համար թեման բաց էր մնում։ Այնինչ, դեռահասության շրջանում առողջ ապրելակերպին միտված դասընթացները շատ կարեւոր են, քանի որ տարիքը ռիսկային է»,- ասաց Լուսինե Ալեքսանյանը։ Ինչ վերաբերում է վերարտադրողական առողջությանը, պահպանակների օգտագործմանը, ապա Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ 5-րդ դասարանցիների համար նախատեսված թեմաների շրջանակում նման բան չկա։

Արաբկիր բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովայի խոսքով՝ «Առողջ ապրելակերպ»-ի թեմաներն ուղղված են անձի զարգացմանը, առաջին բուժօգնության, ինչպես նաեւ ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութի վնասակար ազդեցությանը:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ»

«ՎՏԲ-Հայաստան» բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը:

«ՎՏԲ-Հայաստան» բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը եւ հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։

«Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար: Այն հնարավորություն է ընձեռում զարգանալու, նոր լուծումներ փնտրելու եւ իրենց մասնագիտական ոլորտում իրավասությունների մակարդակը բարձրացնելու։ Գոռ Կարապետյանի գիրքը հետաքրքիր եւ օգտակար կլինի երիտասարդ սերնդի ընթերցողների համար սեփական բիզնես մոդելի կառուցման գործընթացում»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Երկար տարիներ մենք աշխատում ենք ներկայացնել այնպիսի գրքեր, որոնք արդիական կլինեն ընթերցողների, այդ թվում՝ ձեռներեցների շրջանում։ «ՎՏԲ-Հայաստան» բանկի հետ համագործակցության շրջանակում մենք հրատարակել ենք բիզնես-գիրք, որտեղ հեղինակը համատեղում է ակտիվ առաջնորդության ունիվերսալ ալգորիթմը արդյունավետ մեթոդների եւ համաշխարհային բիզնեսի գործնական օրինակների հետ»,- նշել է Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը։ Գիրքը շուտով հասանելի կլինի երկրի բոլոր գրախանութներում:

«ՎՏԲ-Հայաստան» բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի):

Ժաննա Անդրեասյանը Աբու-Դաբիում փետրվարի 12-14-ը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ մշակույթի եւ արվեստի կրթության վերաբերյալ համաշխարհային համաժողովին:

Համաժողովին մասնակցությունը հնարավորություն կընձեռի տարածելու եւ հանրահռչակելու մշակութային կրթության ոլորտում Հայաստանի փորձն արտերկրում, խթանելու օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունը եւ կրթամշակութային կապերը, ինչպես նաեւ սերտացնելու համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ, ձեռք բերելու նոր կապեր եւ պայմանավորվածություններ, մշակելու նոր համատեղ ծրագրեր:

Համաժողովի ընթացքում ԿԳՄՍ նախարարը թեմատիկ պանելային քննարկումների ընթացքում հանդես կգա զեկույցներով:




Լրահոս