Ընթերցողներին ներկայացվեց Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայն» բանաստեղծությունների ժողովածուն:
Համլետ Առաքելյանը պատմեց, որ ընթերցողը գրքում կգտնի խոստովանություն ոչ միայն սիրո, այլեւ կյանքի մասին:
«Սա իմ երրորդ գիրքն է, առաջինն անգլերեն բանաստեղծություններ էր, երկրորդը «Անմահների ակադեմիան» էր, որը ֆենտզի ժանրի վեպ էր. այն նախորդ տարի դարձավ բեսթսելեր, իսկ այսօրվա գիրքն իմ արդեն երրորդ գիրքն է եւ առաջին հայերեն բանաստեղծությունների ժողովածուն: Ես ինձ առաջնային պոետ եմ համարում, քանի որ իմ ուղին սկսել եմ որպես պոետ: «Ինչ տխուր է սակայն» ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունները չեն գրվել վերջին տարիներին, սրանք իմ տարբեր տարիներին գրված հայերեն բանաստեղծություններն են՝ հավաքված մեկ ժողովածուում»,-ասաց հեղինակը:
Գրքի խմբագիր Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ Համլետի հետ ընկերներ են շատ վաղուց, եւ չէր մտածում, որ մի օր կդառնա նրա պոեզիայի գրքի խմբագիրը:
«Բայց ինչպես ասում են, պոետին պոետն է խմբագրում: Հրաշալի գիրք է ստացվել, որը տարբեր բաժիններից է կազմված, որոնք ոչ թե առանձնացված են ըստ թեմաների, այլ ըստ զգացողությունների: Համլետի պոեզիայում մի քանի կարեւոր բաղադրիչներ կան. նրա բանաստեղծությունները եւ՛ կոնցեպտուալ են, եւ՛ վիզուալ են, եւ՛ խոստովանական տեքստեր են: Խոստովանական է, քանի որ նա իր բանաստեղծություններում շատ անձնական թեմաներից է խոսում, ինքնակենսագրական որոշ դրվագներ է քննում, կոնցեպտուալ են, որովհետեւ դրանք շատ ինտելեկտուալ են, որոնք Համլետի պոեզիան հասցնում են վիզուալ իրականություն»,-նշեց խմբագիրը:
Անդրադառնալով գրքում օգտագործված ջնջելու տեխնիկային՝ խմբագիրը նշեց, որ այստեղ ջնջված են բառեր, կապակցություններ, նախադասություններ, նաեւ ամբողջական բանաստեղծություններ, այսինքն` կան բաց թողնված էջեր, որոնցով բանաստեղծն ուզում է ընդգծել, որ այն, ինչ չի ասվել, ավելի կարեւոր է ասվածից:
«Եթե տեսնեք, գրքում բազմաթիվ բազմակետեր կան, անգամ կետադրություն չկա, այսինքն` ամեն ինչը ջնջված է գրքում, եւ սրանով Համլետը քննում է ներկայության եւ բացակայության սիմվոլները՝ անդրադառնալով այն մարդկանց, որոնք մեզ հետ են, եւ այն մարդկանց, որոնք մեզնից գնում են»,-ասաց գրքի խմբագիրը:
Շնորհանդեսին հեղինակը եւ ընկերները` Անի Խաչիկյանը, Մանե Մխոյանը, Հրաչուհի Ութմազյանը եւ Տաթեւ Հովակիմյանը, ընթերցեցին գրքից հատվածներ։
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության 55 կգ քաշայինների պայքարում Մանվել Խաչատրյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մոլդովան ներկայացնող Արտյոմ Դելինուի հետ: Խաչատրյանը քառորդ եզրափակիչում գերազանցել էր թուրք Ադեմ Ուզունին:
63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց շվեդ Վիրջիլ Բիկային:
77 կգ քաշում Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ: Հայաստանը ներկայացնող մարզիկը 1/8 եզրափակիչում հաղթել էր Իտալիայից Վիտո Աբբրեսցիային եւ քառորդ եզրափակիչում` չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ադլետ Տիուլիուբաեւին: Կիսաեզրափակիչում Ամոյանի մրցակիցը Մոլդովայից Ալեքսանդրին Գուտուն է:
87 կգ քաշում Գեւորգ Թադեւոսյանը հաղթեց մեկնարկում, սակայն պարտվեց 1/8 եզրափակիչում: Եվ գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում հաղթեց Շվեյցարիան, 1/8 եզրափակիչում` Սերբիան ներկայացնող մարզիկներին: Նա քառորդ եզրափակչում է:
ՀԱՂԹԵՑ 6:0 ՀԱՇՎՈՎ
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 24-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» հյուրընկալվեց «Վեստ Հեմին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց 6:0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։ Աչքի ընկան նաեւ ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Սալիբան, բրազիլացի պաշտպան Գաբրիել Մագալյանսը, բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը եւ անգլիացի կիսապաշտպան Դեքլան Ռայսը։ Երրորդ տեղում գտնվող «Արսենալը» 52 միավորով հավասարվեց երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Վեստ Հեմը» 8-րդն է՝ 36 միավոր։ «Արսենալը» Պրեմիեր լիգայում անցկացրած արտագնա հանդիպումներում տարավ ամենախոշոր հաղթանակն իր պատմության մեջ։
ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ
Հայաստանի օլիմպիական հավաքականը Փարիզ-2024-ին կմասնակցի ոչ փոքր կազմով, մեդալների համար պայքարն անզիջում կլինի: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը խոսեց Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի կազմի եւ մարզիկների հնարավորությունների, «Տարվա 10 լավագույն մարզիկների» ընտրության կարգի փոփոխության, Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանի հրաձիգների չմասնակցելու պատճառների, Հայաստանում առաջիկայում կայանալիք խոշոր միջազգային մրցաշարերի մասին: «Հայաստանն այսօր դարձել է սպորտային խոշոր իրադարձություններ կազմակերպող երկիր: Ընդամենը երկու տարում այնքան մրցում ենք արել, որ խորհրդային տարիներից մինչեւ 2021 թվականն այդքան մրցում չէր արվել»,-ասաց Գիլոյանը: