Արթուր Հովհաննիսյանի հետ թմրանյութի գործով ձերբակալված անձի գործերը լավ չեն. նա պարտքեր է կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականի նոյեմբերի 28-ին Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երեւանի բնակիչ Գեւորգ Սավթալյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն: Նրանց մոտից խուզարկությամբ հայտնաբերվել էր 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված: Ոստիկանները հենց թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով էին Արթուր Հովհաննիսյանին եւ Գեւորգ Սավթալյանին ոստիկանություն տարել: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, ՀՀ օմբուդսմենի ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի ականջն ու լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնող պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հետ ձերբակալված Գեւորգ Սավթալյանից տարատեսակ կազմակերպություններ դատարանի միջոցով գումար են պահանջում: «Ամերիաբանկ»-ը, «Մոգո»-ն, «Գուդկրեդիտ»-ը, Հերացու անվան բժշկական համալսարանը ՔՊ խմբակցության քարտուղարի հետ ձերբակալված անձից դատարանի միջոցով պահանջում են 15-ից 63 հազար ՀՀ դրամ։ Դատելով Գեւորգ Սավթալյանի ֆեյսբուքյան էջից՝ Արթուր Հովհաննիսյանը նրա միակ եւ անփոխարինելի ընկերն է, որը, սակայն, նեղության մեջ գտնվող ընկերոջը թողել է անօգնական։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Պաշտպանության նախարարության գործառույթներն իրեն է վերապահել ու շտապում է ՊՆ-ից առաջ պաշտոնական տեղեկություններ հաղորդել: Այսպիսով, երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում տեղի ունեցած սահմանային միջադեպի ընթացքում ՊՆ-ն առավոտից պարբերաբար պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես գալիս՝ կոչ անելով հետեւել միայն պաշտոնական լրահոսին: Եւ, ահա, Անդրանիկ Քոչարյանը, առաջ ընկնելով պաշտպանական գերատեսչությունից, խախտելով ՊՆ սահմանած կարգը, հայտարարեց, որ հայկական կողմի զոհերի թիվը հասել է 4-ի: Շեշտենք, որ սահմանային միջադեպերի մասին պաշտոնական տեղեկություն հաղորդելու լիազորություն ունի բացառապես ՊՆ-ն. դա պատգամավորի կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործառույթների մեջ չի մտնում: Ավելին՝ երբ սահմանային միջադեպից հետո տվյալ համայնքի ղեկավարը լրատվամիջոցների հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում տիրող իրավիճակից, իշխանություններն անմիջապես աղմուկ են բարձրացնում, որ մարզպետն իրավասու չէ սահմանային իրավիճակի մասին տեղեկություն տալ: Փաստացի երեկ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը փորձեց մրցակցության մեջ մտնել ՊՆ-ի հետ ու առաջինը տեղեկություն տալ զոհերի մասին: ՔՊ-ական պատգամավորը, որը նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, չարաշահելով իր դիրքը, ՊՆ-ի փոխարեն, ինքն է առաջինը զոհերի թիվը հայտնում: «Ժողովուրդ» օրաթերթն այս խայտառակ փաստի առնչությամբ դիմեց ՊՆ՝ պարզելու, թե ինչպես են վերաբերվում, որ իշխանական պատգամավորը, իրենց փոխարեն, առաջինն է պաշտոնական տեղեկություն տալիս, սակայն ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հրաժարվեց մեկնաբանել:
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները կշարունակեն համատեղել ավագանու անդամի եւ հանրային ծառայողի պաշտոնները: Իշխանությունները հնարամիտ տարբերակ են մտածել յուրայիններին չնեղացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու մի շարք անդամներ ավագանու անդամի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոններ են զբաղեցնում։ Այսպես, ավագանու իշխանական անդամ Վլադիմիր Կիրակոսյանը համատեղությամբ նաեւ Անտառային կոմիտեի նախագահն է, Նատալյա Սինորյանը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականն էր, իսկ հիմա՝ ՔՊ խմբակցության փորձագետը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արման Բարխուդարյանը ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, Զինա Չալիկյանը ԱԺ նախագահի ռեֆերենտն է, իսկ Լեւոն Լեւոնյանը նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնականն է: Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մինչեւ փետրվարի 15-ը ժամանակ էին տվել իշխանական ավագանու անդամներին. նրանք կա՛մ ավագանու մանդատից պետք է հրաժարվեն, կա՛մ իրենց զբաղեցրած հանրային պաշտոններից։ Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը: Այսպիսով, խորհուրդը որոշել է հետեւյալը. այս պահին այն ավագանու անդամներին, որոնք անհամատեղելիության իրավիճակում են հայտնվել, համաներում է տրվում: Այսպիսով, ավագանու ՔՊ-ական այս 4 անդամների նկատմամբ (Հակակոռուպցիոն կոմիտեն գտել էր, որ նրանք խնդիր ունեն պաշտոնի համատեղելիության) համաներում կկիրառվի: Խորհրդի անդամները գտել են, որ տարընթերցումներ կան համապատասխան օրենքներում, իսկ պաշտոնների անհամատեղելիության սահմանափակումները հստակեցված չեն: Այսպիսով, փոփոխություններ կարվեն «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, որպեսզի վերացվեն տարընթերցումները, եւ հստակ սահմանվեն պաշտոնների անհամատեղելիության կանոնները: Փոփոխությունները պետք է նախաձեռնի Արդարադատության նախարարությունը: Համապատասխան փոփոխությունները եւ սահմանափակումները կտարածվեն արդեն նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված ավագանու անդամների վրա: Այսինքն՝ ստացվում է, որ գործող ավագանու անդամները կշարունակեն համատեղել պաշտոնները, իսկ սահմանափակումները միայն նոր ձեւավորված ավագանու դեպքում կգործեն: Միեւնույն ժամանակ, Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ հայտնեցին, որ իրենք, ամեն դեպքում, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարույթ հարուցելու են տվյալ՝ իրենց սահմանած ժամկետում որոշում չկայացնելու համար:
ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 25-ին 1 մլն 411 հազար 200 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը) արժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի եւ զինամթերքի, զինվորական եւ որսորդական պարագաների խանութների ցանց է։ Վարչապետի աշխատակազմը գնել է ըՈռՍՈս ԾՀ-71 14 ատրճանակներ։ Ատրճանակի մեկ հատի արժեքը կազմել է 100 հազար 800 դրամ։ Պայմանագրով գնման առարկան՝ ատրճանակը, տեխնիկական բնութագով պողպատից է, զենքի տրամաչափը՝ 9×17 մմ, փամփշտատուփի պարունակությունը՝ 8 փամփուշտ, զենքի ընդհանուր երկարությունը՝ 94 մմ, քաշը՝ 0.73 կգ։ Ատրճանակները ձեռք են բերված 2 տարի երաշխիքով։ Թե ինչ նպատակով, փաստաթղթերում չի երեւում: